Հայկական մարզաշխարհի 2015թ. 10 գլխավոր իրադարձությունները

Ավարտին է մոտենում մարզական հարուստ իրադարձություններով հարուստ նախաօլիմպիական մրցաշրջան-2015-ը: Մի շարք մարզաձևերում հայ մարզիկները ցուցադրեցին իրենց անզուգական վարպետությունը՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային խոշոր այլ մրցաշարերում դառնալով հաղթողներ ու մրցանակակիրներ՝ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը:

«Վիվառո Նյուզն» առանձնացրել է 2015թ. 10 գլխավոր իրադարձությունները՝ ինչպես հայկական մարզաշխարհի գլխավոր նվաճումները, այնպես էլ գլխավոր անհաջողությունը:

«Սպիտակ արջը»  կրկին ուժեղագույնն է աշխարհում,  լավագույնը՝ Հայաստանում

7

Սեպտեմբերին Լաս Վեգասում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կրկին փայլուն ելույթներ ունեցավ օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ 2-րդ տարին անընդմեջ ճանաչվելով ուժեղագույնը մինչև 98 կգ քաշային ըմբիշների մրցավեճում:

Մրցակիցների նկատմամբ մեր «Սպիտակ արջի» ունեցած բացահայտ առավելության մասին են վկայում նախնական փուլի գոտեմարտերում գրանցված տպավորիչ արդյունքները: Հայ ըմբիշը մեկը մյուսի հետևից վստահ հաղթանակներ տոնեց  ճապոնացի Յաշուիրո Յոնեհիրայի (8:0), նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենի (4:0), ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի (10:1) և ռումինացի Ալին Ալեքսուս Չիուրարիուի (9:0) նկատմամբ:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց իրանցի Խասեմ Գոլամրեզա Ռեզաիի հետ: Դա անվանի ըմբիշների 3-րդ գոտեմարտն էր: Մինչ այդ, 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշը, իսկ Տաշքենդում կայացած անցած տարվա աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արթուրը 3:1 հաշվով ռևանշի էր հասել:

Վճռորոշ գոտեմարտն էլ «Սպիտակ արջն» իրեն հատուկ սառնասրտությամբ և վստահ անցկացրեց՝ մրցակցին հնարավորություն չտալով նույնիսկ միավոր վաստակել: Հաղթելով 3:0 հաշվով, Արթուր Ալեքսանյանը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2015 թ. աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար Արթուր Ալեքսանյանին  պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Օրերս էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովն Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2015 թ. ամենաազնիվ հայ մարզիկ: Հայաստանը ներկայացնող մարզիկներից նա բոլորից հաճախ՝ յուրաքանչյուր 40 օրը մեկ անգամ դոպինգ ստուգման է ենթարկվել, սակայն նրա օրգանիզմում արգելված խթանիչներ չեն հայտնաբերվել:

Մարզական լրագրողներն էլ ավանդաբար անցկացվող մրցույթում Արթուր Ալեքսանյանին 2-րդ տարին անընդմեջ ճանաչեցին 2015 թ. Հայաստանի լավագույն մարզիկ:

Արթուր արքան անպարտելի է

arthur-abraham

2015թ. հաջող էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայ անվանի վարպետ Արթուր Աբրահամի համար, ով 3 անգամ հաջողությամբ պաշտպանեց 2-րդ միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Փետրվարի 21-ին Բեռլինում կայացած մենամարտում Արթուր Աբրահամն ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց նախօրեին նշած ծննդյան 35-ամյակի առթիվ՝ մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով (116-112, 117-111, 117-111) հաղթելով Փոլ Սմիթին: Այդ հաղթանակն Արթուրը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Դա բրիտանացի բռնցքամարտիկի նկատմամբ Արթուր արքայի տոնած 2-րդ անընդմեջ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 2014թ. սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում (117-111, 119-109, 117-111):

Հուլիսի 18-ին Արթուր Աբրահամը կրկին ռինգ դուրս եկավ պաշտպանելու չեմպիոնական գոտին արդեն 4-րդ անգամ իրեն ձեռնոց նետած, Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում: Գերմանական Հալլեում կայացած մենամարտն ավարտվեց 6-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի տեխնիկական նոկաուտով տոնած հաղթանակով:

Բրիտանացի Մարտին Մյուրեյին էլ չհաջողվեց Արթուր արքայից խլել չեմպիոնական գոտին: Նոյեմբերի 21-ին Հաննովերում կայացած մենամարտում Աբրահամը հաղթեց միավորներով (116-111, 115-112, 112-115), ընդ որում բրիտանացի մրցավարը հաղթանակը շնորհել էր իր հայրենակցին: Այդ հաղթանակը 44-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում Արթուր Աբրահամի անցկացրած 48 մենամարտերում:

2015թ. շրջադարձային դարձավ Արթուր Աբրահամի անձնական կյանքում: Նա վերջապես գտավ իր կյանքի ընկերուհուն` Մերիին, ով Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է:

Այս տարվա հոկտեմբերին Արթուր Աբրահամին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Իսկ դեկտեմբերի սկզբին նա 4-րդ տարին անընդմեջ արժանացավ «Բեռլինի չեմպիոն» մրցանակին:

Ցնծություն՝ Թբիլիսիում, ձախողում ՝ Հյուսթոնում

big_1429030485_6711065

Սպորտում հաղթանակն ու պարտությունը, ուրախությունն ու տխրությունը միմյանցից անբաժան են: Հայտնի այդ ճշմարտությունը մրցաշրջան-2015-ում իր վրա լիովին զգաց մեր անվանի ծանրորդ, 2010թ. աշխարհի չեմպիոն, 2008 և 2010թթ. Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2008թ. Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը:

Ապրիլին Թբիլիսիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ դյուցազնը մինչև 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում երկամարտի 351 կգ (160+191) արդյունքով 3-րդ անգամ նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Առանձին վարժություններում Տիգրանն արժանացավ արծաթե մեդալների: Ընդ որում պոկում վարժությունում նա ոսկե մեդալը զիջեց իր 19-ամյա հայրենակից Անդրանիկ Կարապետյանին, ով երկամարտի 350 կգ (164+186) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր:

Իսկ ահա նոյեմբերին Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանին հիասթափություն էր սպասում: Պոկում վարժության 3 մոտեցումների ժամանակ էլ հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 163 կգ նախնական քաշը և 0 ստանալով, դուրս մնաց պայքարից:

Միհրան Հարությունյանի մարզական սխրանքը

477112012

Հունիսին Բաքվում կայացած Եվրոպայի ամառային մարզական 1-ին խաղերում հայկական մարզական պատվիրակությանն առաջին մեդալը պարգևեց հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Հայ մարզիկները լավ էին հասկանում, որ մրցումների կազմակերպիչներն ամեն հնարավոր բան անելու էին, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչներին հնարավորություն չտային ի պատիվ իրենց հաղթանակի Բաքվում հնչեցնելու  Հայաստանի օրհներգը:

Ցավոք այդ մտավախություններն իրականացան: Միհրան Հարությունյանը դարձավ մրցավարների բացահայտ կողմնակալության զոհ: Ուստի նրա ելույթը Բաքվում իսկական մարզական սխրանք էր, իսկ նվաճած արծաթե մեդալն իրոք ոսկու գին ուներ:

Հաջորդաբար հաղթելով իսպանացի, բուլղարացի, սերբ ու ադրբեջանցի մրցակիցներին, Միհրան Հարությունյանը մտավ եզրափակիչ: Այդ հաղթանակներից հատկապես տպավորիչ ու ծանրակշիռ էր 60 կգ քաշային կարգում 2010 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 66 կգ քաշային կարգում 2014 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հասան Ալիևի նկատմամբ տարած հաղթանակը: 2-րդ մրցափուլի սկզբում նա 0:3 հաշվով զիջում էր տրիբունաների հզոր աջակցությունը ստացող փորձառու ու տիտղոսակիր ադրբեջանցուն: Սակայն Միհրանն իր մեջ ուժ գտավ բեկելու մենամարտի ընթացքն ու 8:5 հաշվով կամային հաղթանակ տանելով՝ նվաճեց ոսկե մեդալի համար պայքարելու իրավունքը:

Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Արտյոմ Սուրկովն էր: Նրանց գոտեմարտն ավարտվեց ռուս մարզիկի հաղթանակով` 2:0 հաշվով: Ընդ որում, երկու միավորներն էլ ռուս ըմբիշը նվեր ստացավ մրցավարներից, ովքեր պասիվության համար անընդհատ զգուշացնում էին Միհրանին:

Միհրան Հարությունյանի մարզական սխրանքն ըստ արժանվույն գնահատվեց: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի  հրամանագրով նա պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայ սամբիստների հարուստ ավարը

Վերջին տարիներին հայ սամբիստները մշտապես մեդալների հարուստ ավարով են վերադարձել աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, միջազգային այլ խոշոր մրցաշարերից: Բացառություն չկազմեց նաև մրցաշրջան-2015-ը, որի ընթացքում հայ սամբիստներն ընդհանուր առմամբ նվաճեցին 21 մեդալ՝  3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե:

Մեր սամբիստներից առավել հաջող մրցելույթներ ունեցավ 52 կգ քաշային վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Մայիսին Զագրեբում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Տիգրանը հիանալի ելույթ ունեցավ մարզական սամբոյի մրցաշարում: Եզրափակչում պարտության մատնելով ռուսաստանցի Իգոր Բեգլերովին, Տիգրանը 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց:

Իսկ նոյեմբերին Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում անցկացված աշխարհի մեծահասակների առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մրցանակակիր: Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան Տիգրան Կիրակոսյանին ճանաչել է 2015թ. Հայաստանի լավագույն սամբիստ:

Միջազգային մրցաշարերում Հայաստանին առաջին ոսկե մեդալը պարգևեց մեր բազմափորձ սամբիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Մարտին Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Խառլամպիևի հուշամրցաշարում գերազանց անցկացնելով իր բոլոր մենամարտերը մարզական սամբոյի մրցաշարի 90 կգ քաշային կարգում, Դանիելյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Նա եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Վիկտոր Օսիպենկոյի նկատմամբ:

Մեր սամբիստների համար հատկապես հաջող էր ապրիլին Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը, որտեղից  Հայաստանի պատվիրակությունը հայրենիք վերադարձավ 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ նվաճած: Հայ սամբիստներից պատվո հարթակի վերին աստիճանին կանգնեց մինչև 90 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը՝  նվաճելով Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:

Հայ մարմնամարզիկները գերազանցեցին սպասելիքները

merdinyan

Մրցաշրջան-2015-ն աննախադեպ հաջող տարի էր մեր մարմնամարզիկների համար: Հոկտեմբերին Գլազգոյում կայացած մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեր երկրի անկախացումից հետո առաջին անգամ հայ մարմնամարզիկը կանգնեց պատվո պատվանդանին: Այդ պատվին արժանացավ 31-ամյա Հարություն Մերդինյանը, ով նժույգաթափի եզրափակչում վաստակեց 15, 500 միավոր և արժանացավ բրոնզե մեդալի, նվաճելով նաև 2016թ. Ռիոյի օլիմպիադայի ուղեգիր:

Մինչ այդ մեր անվանի մարմնամարզիկը մարտին Քաթարում նժույգաթափում դարձել էր աշխարհի գավաթակիր, իսկ ապրիլին Մոնպելիեում կայացած մարմնամարզության Եվրոպայի անհատական 6-րդ առաջնությունում նույն գործիքի վրա վարժությունում նվաճել էր հին աշխարհամասի փոխչեմպիոնի տիտղոսը:

Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչը կարող է դառնալ Արթուր Դավթյանը: Առողջական խնդիրների պատճառով նրան չհաջողվեց օլիմպիական ուղեգրի հարցը լուծել աշխարհի առաջնությունում: Մինչ այդ Արթուրը գերազանց էր հանդես եկել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ դառնալով հենացատկի մրցումների հաղթող, բրոնզե մեդալ նվաճելով նժույգաթափում:

Սանկտ Պետերբուրգում կայացած օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ռուս նշանավոր մարմնամարզիկ Ալեքսանդր Դիտյատինի գավաթի խաղարկությունում Դավթյանը 6 մեդալ էր նվաճել: Հենացատկում նա արժանացել էր ոսկե մեդալի, 2-րդ մրցանակակիր էր դարձել բազմամարտում և նժույգաթափում, իսկ օղակների, զուգափայտի ու պտտաձողի վրա կատարած վարժություններում բրոնզե մեդալ էր նվաճել:

Օրերս էլ 23-ամյա մարմնամարզիկը գերազանց հանդես եկավ Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Նա ոսկե մեդալներ նվաճեց բազմամարտում և հենացատկերում, արծաթե մեդալի արժանացավ նժույգթափում, բրոնզե մեդալի՝ օղակների վրա վարժությունում:

Արթուր Թովմասյանի համար էլ 2015թ. արգասաբեր էր: Նա իրեն հիանալի դրսևորեց օղակների վրա վարժությունում՝ դառնալով Ունիվերսիադայի չեմպիոն, արծաթե մեդալ նվաճելով աշխարհի գավաթի խաղարկությունում, հաղթող ճանաչվելով Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:

Հայկական մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է, որ հայ մարմնամարզուհին մասնակցի օլիմպիական խաղերին: Խոսքն ԱՄՆ-ում բնակվող Հուռի Գեբեշյանի մասին է, ով աշխարհի առաջնությունում բազմամարտում վաստակեց 51, 965 միավոր: Եթե նա  ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք վարկանիշային մրցաշարում կրկնի աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքը, ապա օլիմպիական ուղեգիր կնվաճի:

Մրցանակակիր աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնություններում

Winner_Levon_Aronian

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջող հանդես եկավ մրցաշրջանի 2 կարևորագույն մրցաշարերում՝ աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնություններում՝ դառնալով մրցանակակիր:

Ապրիլին Ծաղկաձորում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում մեր հավաքականը 10 թիմերի մրցավեճում 11 միավորով զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Չինաստանի և Ուկրաինայի շախմատիստներին: Մեր թիմը շատ անհաջող մեկնարկեց՝ 4 մրցախաղերից շահելով միայն ուկրաինացիների հետ հանդիպումը, պարտվելով Իսրայելի, Կուբայի և Չինաստանի հավաքականներին:

Թեև հետագայում մեր շախմատիստները վերելքով հանդես եկան՝ միևնույն 2,5:1,5 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի , Հնդկաստանի և Եգիպտոսի հավաքականներին, ոչ-ոքի խաղալով հունգարացիների հետ, սակայն կորցրածը հետ բերել չհաջողվեց:

Ծաղկաձորում Հայաստանի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը, ով անցկացրած 9 պարտիաներում վաստակեց 6 միավոր: Նրա արդյունքը լավագույնն էր առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ, որի համար պարգևատրվեց ոսկե մեդալով: Մեր թիմում 2-րդ արդյունքը ցույց տվեց 4-րդ խաղատախտակին հանդես եկած Հրանտ Մելքումյանը՝ 4,5 միավոր 8 հնարավորից: Գաբրիել Սարգսյանը հասավ 50 տոկոսանոց արդյունքի՝ 4 միավոր: Սերգեյ Մովսիսյանը 7 հնարավորից իր թիմին ընդամենը 2,5 միավոր պարգևեց, իսկ Վլադիմիր Հակոբյանը 4 հանդիպումներում իր օգտին 1 միավոր գրանցեց:

Նոյեմբերին Ռեյկյավիկում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեր հավաքականն ավելի վստահ ելույթներ ունեցավ՝ 13 միավորով արժանանալով արծաթե մեդալների: 2-րդ տուրում ֆրանսիացիներից կրած միակ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ մեր շախմատիստների համար: Իսկ նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսների հետ կայացած վճռորոշ մրցախաղում հայ շախմատիստները բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Դա էլ վճռեց Եվրոպայի չեմպիոնի հարցը: ՌԴ հավաքականին հաջողվեց 2 միավորով գերազանցել մեր ընտրանուն:

Եվրոպայի թիմային առաջնությունում մեր հավաքականի կազմում լավագույնը Հրանտ Մելքումյանն էր, ով 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով 4-րդ խաղատախտակի վրա արժանացավ ոսկե մեդալի: Մելքումյանից կես միավոր պակաս վաստակեց Լևոն Արոնյանը, ով այս անգամ առաջին խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի: 3-րդ խաղատախտակի վրա էլ 8 հնարավորից 5,5 միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը պարգևատրվեց բրոնզե մեդալով: Սերգեյ Մովսիսյանն այս անգամ էլ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ՝ 3,5 (7-ից): Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը 3 պարտիաներում թիմին 1 միավոր պարգևեց:

Պատահական չէ, որ շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվեց 2015թ. Հայաստանի լավագույն թիմ:

Եվրոպայի փոխչեմպիոն առանց պարտվելու

arman eremyan

2008թ. Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրած թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը մարտին Նալչիկում կայացած Եվրոպայի առաջնությունում մոտ էր հաջողությունը կրկնելուն: Նախնական փուլի մենամարտերում հաջորդաբար հաղթելով Ռիչարդ Օրդեմանին (8:2), Լոմ-Ալի Բեթիգովին (5:3) և Սայիդ Ուստաևին (1:0), Երեմյանը մտավ եզրափակիչ, որտեղ պետք է հանդիպեր Թուրքիայի պատվիրակ Սարի Յունուսի հետ: Սակայն նրանց մենամարտը չկայացավ, քանի որ Արմանը վնասվածքի պատճառով չկարողացավ ասպարեզ ելնել ու այդպես էլ մենամարտելիս ոչ մի պարտություն չկրելով՝ արժանացավ արծաթե մեդալի:

Հայկական ակումբների աննախադեպ հաջողությունը եվրոգավաթների մրցաշարերում

Vahagn+Minasyan+St+Johnstone+v+Alashkert+FC+QdwiaqHrPYCl

Ֆուտբոլի եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության 22-ամյա պատմության մեջ 2015/16թթ. խաղարկությունն ամենահաջողն էր հայկական ակումբների համար: Առաջին անգամ միանգամից 3 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը» հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Ընդ որում առաջին փուլի մեկնարկային հանդիպումներում մեր 4 ակումբներից և ոչ մեկը չպարտվեց՝ տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ արդյունքը ևս աննախադեպ է հայկական թիմերի համար եվրոգավաթների մրցաշարերում:

2-րդ փուլի հանդիպումներում էլ նախորդ մրցաշրջանների համեմատ առաջընթաց գրանցվեց: Եթե մինչ այդ 2-րդ փուլում ընդհանուր առմամբ անցկացված 26 հանդիպումներում մեր թիմերից միակ հաղթանակը տոնել էր «Միկան», ապա այս տարի իրենց առաջին հաղթանակները տարան միանգամից 2 թիմեր՝ «Փյունիկն» ու «Ալաշկերտը»:

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում առավել հաջող հանդես եկավ «Փյունիկը»՝ 4 հանդիպումներից շահելով 3-ը: Անշուշտ, հաջող պետք է համարել նաև «Ալաշկերտի» նորամուտը, որին հաջողվեց սեփական հարկի տակ անցկացրած 2 հանդիպումներում էլ հաղթել բավական ուժեղ մրցակիցներին՝ շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին» (1:0) և «Կայրաթին» (2:1):

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին ընդհանուր առմամբ 14 խաղ անցկացրին, որից 6-ում հաղթեցին, մեկն ավարտեցին ոչ-ոքի, 7-ում պարտվեցին: Մեր ֆուտբոլիստները մրցակցի դարպասը գրավեցին 13 անգամ, սեփականը բաց թողեցին 22 գնդակ:

Այս ցուցանիշը լավագույնն է հայկական ակումբների համար եվրոգավաթների խաղարկություններում: Մեր թիմերի համար ռեկորդային են տարած հաղթանակների և վաստակած միավորների քանակը:

Ֆուտբոլի ՀՀ հավաքականի ֆիասկոն

gevorg-ghazaryan

Մրցաշրջան-2015-ում հայ մարզասերներին ամենամեծ հիասթափությունը պատճառեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը շարունակեց նախորդ տարում սկսած իր անփառունակ մրցելույթները: Մրցաշրջանը սկսելով Բեռնար Շալանդի գլխավորությամբ հյուրընկալվելիս Ալբանիայի հավաքականից ընտրական մրցախաղում 1:2 հաշվով կրած պարտությամբ, ՀՀ հավաքականը Սարգիս Հովսեփյանի օրոք անցկացրած մյուս 5 հանդիպումներից միայն մեկն (դանիացիների հետ) ավարտեց ոչ-ոքի, կրեց 4 պարտություն, որից 2-ը՝ անընդմեջ խոշոր հաշվով:

Իսկ ալբանացիներից ընտրական մրցաշարի ավարտական խաղում սեփական հարկի տակ 0:3 հաշվով կրած խայտառակ պարտությունը վերջնականապես լցրեց ֆուտբոլասերների համբերության բաժակը: ՖԱՖ-ը բողոքի մի քանի երթեր կազմակերպեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը:

Եվրո-2016-ում ՀՀ հավաքականին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր, ինչը հնարավոր միավորների 8,3 տոկոսն է: Հավաքականի գրանցած արդյունքը վատագույնն է ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի առաջնությունների  ընտրական մրցաշարերում: Մեր ընտրանին նոր հակառեկորդ սահմանեց՝ գերազանցելով մինչ այդ 1996թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ցույց տված իր ամենացածր արդյունքը՝ 5 միավոր:

Ընդհանուր առմամբ այս տարի անցկացրած 6 խաղերում մեր հավաքականը խփեց ընդամենը 3 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 14 գնդակ: Այդ հանդիպումներից 5-ն ընտրական բնույթ ունեին, որոնցում մեր ֆուտբոլիստները մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 4 պարտություն և տարին ավարտեցին՝ եզրափակելով ընտրական մրցաշարի աղյուսակը: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում էլ Հայաստանի հավաքականը նահանջեց 123-րդ հորիզոնական:

Չտոնելով ոչ մի հաղթանակ, ՀՀ հավաքականը նոր հակառեկորդ սահմանեց՝ 13 խաղ ընթանալով առանց հաղթանակի: Վերջին 4 հանդիպումներում էլ մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 9 գնդակ:

Հավաքականի ֆուտբոլիստների մոտ գոլային երաշտ է սկսվել, որը հասել է 378 րոպեի: Փոխարենը Լևոն Հայրապետյանն ու Կամո Հովհաննիսյանը դարձան ինքնագոլի հեղինակներ:

Գրանցված այս տխուր արդյունքներն ապացուցեցին, որ ազգային հավաքականի ղեկը մարզչական գործունեության զգալի փորձ չունեցող Սարգիս Հովսեփյանին հանձնելը սխալ էր:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ