Բարձրագույն խումբ. 16-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ»«ԳԱՆՁԱՍԱՐ ԿԱՊԱՆ»      

10 խաղ, +5=23, 15:18
2 մարտի, ժ.14:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

2 թիմերն էլ լրջորեն են նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին՝ համալրելով կազմերը: Թե «Ալաշկերտը», թե «Գանձասար Կապանը» բավական հաջող հանդես եկան ուսումնամարզական հավաքների ընթացքում անցկացրած ստուգողական հանդիպումներում: Բնականաբար, մրցակիցները ձգտելու են հաջող սկսել առաջնության գարնանային հատվածը: Այնպես որ սպասվում է բավական հետաքրքիր մրցավեճ:

Գերազանց մրցաշրջան անցկացնող «Ալաշկերտն» առաջնության վերջին 7 հանդիպումներում անպարտելի է: Հետաքրքիր է, որ այդ շարքը սկսվել է Կապանում գանձասարցիների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպումով, որում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Հաշիվը բացեց ալաշկերտցի Դուշկո Դուկիչը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Քիչ անց ընդամենը 2 րոպեի ընթացքում Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն հաշվի մեջ առաջ մղեցին Ալաշկերտին»:

64-րդ րոպեին դաշտի տերերը հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Ացամազ Բուրաևը չկարողացավ 11մ հարվածով խոցել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Այնուամենայնիվ, խաղավարտից 12 րոպե առաջ Բուրաևը քավեց մեղքը և թիմին փրկեց պարտությունից:

Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում էլ գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Այնպես որ «Գանձասար Կապանը» միակ թիմն է, որ ընթացիկ առաջնությունում չի պարտվել «Ալաշկերտին»: Ճիշտ է, մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներից 3-ում հաղթել է «Ալաշկերտը», 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն ալաշկերտցիների նկատմամբ գանձասարցիները տոնել են 2014թ. օգոստոսի 24-ին՝ Կապանում 3 միավոր վաստակելով Սամվել Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

Ալաշկերտցի Միհրան Մանասյանը 6 գնդակով մրցակիցների մրցավեճի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Գանձասարցիներից Նարեկ Բեգլարյանը 5 գոլի հեղինակ է դարձել:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի ալաշկերտցի Վահագն Մինասյանն ու Դամիր Մեմովիչը:

 «ՓՅՈՒՆԻԿ» – «ԲԱՆԱՆՑ»                  

62 խաղ, +34=14-14, 118:69
2 մարտի, ժ.14:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Մրցակիցները տարբեր կերպ են մոտեցել առաջնության գարնանային հատվածի մեկնարկին: «Փյունիկից» ավելի շատ ֆուտբոլիստներ են հեռացել, քան համալրել են չեմպիոնի կազմը: Թիմը լքել էր նաև երիտասարդ հարձակվող Վարդան Պողոսյանը, ով իրեն լավ դրսևորեց առաջնության աշնանային հատվածում՝ 8  գնդակով գլխավորելով «Փյունիկի» լավագույն ռմբարկուների ցանկը: Նա պայմանագիր էր կնքել մոլդովական «Դաչիայի» հետ, սակայն օրերս խզել է այն ու վերադարձել «Փյունիկ»:

«Բանանցը» նախապատրաստական շրջանում շատ ակտիվ էր տրանսֆերային շուկայում, որի արդյունքում էականորեն փոփոխել է կազմը: Թիմի ձեռքբերումներից առաջին հերթին պետք է նշել ֆուտբոլասերներին լավ ծանոթ Զավեն Բադոյանին և Ացամազ Բուրաևին: Մնում է հուսալ, որ զգալիորեն կազմը համալրած «Բանանցը» վերջապես կկարողանա արժանի խաղ ցուցադրել ու շտկել մրցաշարային վիճակը:

Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցն» առաջնությունում առայժմ միայն մեկ հաղթանակ է տոնել՝ 14-րդ տուրում 5:1 հաշվով պարտության մատնելով կազմալուծման շեմին հայտնված «Ուլիսին»: «Բանանցը» 14 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:

«Փյունիկն» ընդամենը 2 միավորով է զիջում առաջատար «Ալաշկերտին»: Չեմպիոնը ներկայումս առաջնության ամենաարդյունավետ թիմն է (30 գոլ), ինչպես նաև ունի ամենահուսալի պաշտպանությունը (10):

Առաջին շրջանի խաղում «Փյունիկը» 5:1 հաշվով հաղթել է «Բանանցին»: Վարդգես Սաթումյանը դարձել էր դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի էին ընկել Կամո Հովհաննիսյանը, Վարդան Պողոսյանն ու Արթուր Յուզբաշյանը: «Բանանցից» միակ գոլի հեղինակը բրազիլացի Լաերսիոն էր: 2-րդ շրջանի խաղում էլ փյունիկցիներին հաղթանակ էր պարգևել Լևոն Հայրապետյանի իրացրած 11մ հարվածը:

«Բանանցի» դարպասը բոլորից հաճախ` 8 անգամ գրավել է Գևորգ Ղազարյանը: «Փյունիկին»  առավել մեծ տհաճություն են պատճառել Արամ Հակոբյանն ու Սամվել Մելքոնյանը, որոնք խփել են 6-ական գոլ:

«ՄԻԿԱ» -«ԱՐԱՐԱՏ»     

47 խաղ, +25=7-15, 72:44
3 մարտի, ժ.14:00, Աշտարակ, «Քասախի մարզիկ»  մարզադաշտ

«Միկան» առաջնության գարնանային հատվածին կներկայանա որպես նոր կազմավորված թիմ, որի կազմում մեծ թիվ են կազմում լեգեոնականները: Փոխվել է նաև թիմի մարզչական կազմը: «Արարատի» հետ հանդիպումով ՀՀ առաջնությունում իր գործունեությունը կսկսի ռուսաստանցի մասնագետ, նախկինում անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Յուրանը, որին օգնելու է որոշ ընդմիջումից հետո կրկին հարազատ ակումբ վերադարձած Արմեն Շահգելդյանը:

«Արարատը» ևս զգալի համալրում է ստացել: Թիմի երկրպագուներին հատկապես ուրախացնում է այն փաստը, որ վերջապես հաջողվեց ուժեղացնել թիմի հարձակման գիծը:

Ընթացիկ առաջնությունում արարատցիներն առայժմ հաջող են խաղացել «Միկայի» հետ: «Միկա» մարզադաշտում կայացած առաջին շրջանի հանդիպման ելքը վճռեց արարատցի Գևորգ Նռանյանի խփած միակ գոլը:

2-րդ շրջանի խաղում «Արարատը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Արդեն 2-րդ րոպեին Սամվել Մելքոնյանն առաջ մղեց «Միկային»: Սակայն մինչև ընդմիջման գնալը Գևորգ Նռանյանն ընդամենը 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը:

Մրցակիցների հանդիպումներում առավել արդյունավետ է գործել արարատցի Մարկոսը` խփելով 6 գնդակ: «Միկայից» 5 անգամ աչքի է ընկել Ալեքսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ