Աշոտ Բարսեղյան. «Գոհ եմ թե՛ արդյունքից, թե՛ թիմի ցուցադրած խաղից»

«Գանձասար Կապանն» ավարտելով ուսումնամարզական վերջին հավաքը, վերադարձել է Հայաստան: Մարտի 2-ին «Ալաշկերտի» հետ կայանալիք առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը գանձասարցիները նախապատրաստվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Հերթական մարզումից հետո հարցազրույցի հրավիրեցինք թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին:

-Պարոն Բարսեղյան, ինչպե՞ս անցավ նախապատրաստության ավարտական փուլը: Ինչի՞ վրա էիք առավել մեծ ուշադրություն դարձրել:

Կրիմսկում անցկացրած ուսումնամարզական վերջին հավաքը շատ կարևոր էր մեզ համար: Մարզումների համար հիանալի պայմաններ էին ստեղծված, պարապմունքներ անցկացրինք թե արհեստական, թե բնական խոտածածկով խաղադաշտերում: Հիմնական ուշադրությունը դարձրել էինք տեխնիկատակտիկական խնդիրների լուծմանը: Իսկ ամենակարևորը հնարավորություն ունեցանք բավականին լավ թիմերի հետ ստուգողական հանդիպումներում գնահատելու մեր ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանը, տեսնելու, թե  թիմը տակտիկապես ինչպես է գործում, խաղացողներն ինչպես են համագործակցում միմյանց հետ:

«Գանձասար Կապանը» բավական հաջող հանդես եկավ ստուգողական 3 հանդիպումներում՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Հավանաբար գոհ եք արդյունքից: Իսկ ինչպիսի՞ կարծիքի եք թիմի ցուցադրած խաղի վերաբերյալ:

– Չնայած ստուգողական հանդիպումների արդյունքներն ինձ համար առանձնակի նշանակություն չունեին, սակայն թե արդյունքից, թե թիմի ցուցադրած խաղից գոհ եմ: Մեր մրցակից ռուսական ակումբները ֆիզիկապես բավական լավ պատրաստված թիմեր էին, որոնց հետ մրցակցելն այնքան էլ հեշտ չէր:

Ներքուստ ուրախացա, որ տղաներն այդ հանդիպումներում տակտիկապես գրագետ էին գործում, պարապմունքների ժամանակ նրանց բացատրվածն ու սովորածը կարողացան խաղադաշտում իրագործել: Ֆուտբոլիստները հասկացան, որ նման կոմպակտ ձևով գործելու դեպքում մրցակցին ավելի դժվար կլինի մեր դարպասը գրավելը: Պաշտպանությունից հարձակման անցնելն էլ լավ էր ստացվում:

Պատահական չէր, որ «Ուրալի» երիտասարդական թիմի մարզիչ, մեզ բոլորիս քաջ հայտնի մեր հայրենակից, բանիմաց մասնագետ Պողոս Գալստյանը, որին շատ հարգում եմ, հարցազրույցում նշել էր, որ մրցակիցը հնարավորություն չտվեց իր ֆուտբոլիստներին դաշտի կենտրոնական հատվածում տիրելու գնդակին, որովհետև մենք պրեսինգի էինք դիմել: Մեր ֆուտբոլիստներն այդ խաղում նաև շատ լավ անցումներ էին կատարում, ինչը ևս գովելի է:

Վերջին հանդիպումը «Վոլգայի» հետ միտումնավոր նախորդ խաղից ընդամենը 2 օր անց անցկացրինք, որպեսզի տեսնենք, թե ֆուտբոլիստներն իրենց ինչպես կդրսևորեն դեռևս լրիվ չվերականգնված վիճակում, ինչպես կդիմանան ծանրաբեռնվածությանը: Թեև հոգնածությանը, տղաները բավական լավ խաղացին, նույնիսկ 2-րդ խաղակեսում առավելություն ունեին, ֆունկցիոնալ առումով էլ առաջընթաց գրանցվեց:

Հավաքի ընթացքում հնարավորություն ընձեռեցինք բոլոր ֆուտբոլիստներին էլ մասնակցելու ստուգողական հանդիպումներին: Անգամ «Ուրալի» երիտասարդական թիմի հետ խաղում միանգամից փոխարինեցինք մեր հիմնական 4 պաշտպաններին՝ փորձարկելով երիտասարդների: Իսկ Դամիր Մեմովիչը, ով որակազրկման պատճառով բաց կթողնի «Ալաշկերտի» հետ հանդիպումը, Արմեն Դուրունցը և Համլետ Ասոյանը մեր խնդրանքով «Ուրալի» երիտասարդական թիմի կազմում մասնակցեցին ստուգողական այլ հանդիպման, որպեսզի խաղային անհրաժեշտ պրակտիկա ձեռք բերեն:

– Նախապատրաստական ողջ շրջանում գանձասարցիներն ընդամենը 4 ստուգողական հանդիպում անցկացրին: Դա բավարա՞ր էր ֆուտբոլիստների խաղային որակները բարելավելու, խաղային անհրաժեշտ պրակտիկա ձեռք բերելու համար:

– Իհարկե, դրանք բավական չէին, որպեսզի ֆուտբոլիստները միմյանց լավ հասկանան, բացահայտվեն նրանց խաղային որակները, մանավանդ որ թիմում նորեկներ կան: Խաղակցվածության համար ժամանակ է անհրաժեշտ: Սակայն այդ հանդիպումները հնարավորություն տվեցին կողմնորոշվելու ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի և թիմի ընդհանուր վիճակի հարցում, հասկանալու, թե ինչպես ենք ցանկանում խաղալ, պաշտպանվել ու հարձակվել: Մրցաշրջանի ընթացքում էլ շատ հարցերի պատասխանները կստանանք:

– «Փյունիկի» հետ խաղից հետո նշել էիք, որ ամենացավոտ խնդիրը պաշտպանությունն է և հույս էիք հայտնել, որ Կպոդոյի շնորհիվ այն կլուծվի: Կարելի՞ է այդ խնդիրը լուծված համարել:

Իրոք, ինձ անհանգստացնող ամենացավոտ խնդիրը պաշտպանությունն էր: Կպոդոյի շնորհիվ այդ խնդիրը լուծվեց: Թեև նա դեռ իր լավագույն մարզավիճակին չի հասել, սակայն լավ է հասկանում խաղը, ժամանակին փոխօգնության է գալիս խաղընկերներին:

Նրա հետ Հայաստան եկած գանացի մյուս պաշտպանը՝ Օտտո Ջոշուան ևս իրեն լավ դրսևորեց, ուստի պայմանագիր կնքեցինք: Նա ևս կարող է մեզ օգտակար լինել: Ցավոք, երեկ պարապմունքի ժամանակ նա վնասվածք ստացավ և այսօր չմարզվեց: Բացի այդ էլ, մեր տղաների համագործակցությունը նրանց հետ բավական լավ ստացվեց: Այդ ամենի շնորհիվ Կրիմսկում անցկացրած 3 խաղում թիմն ընդամենը 1 գոլ բաց թողեց: Իսկ մեր ֆուտբոլիստները 3 գոլ խփեցին:

Կարևոր էր, որ գոլ խփելուց հետո այդ խաղերում կարողացանք պահպանել հաղթական հաշիվը: Դա մեզ համար իրոք ձեռքբերում էր, քանի որ առաջնության հանդիպումների ժամանակ պատահել է, որ չենք պահպանել առավելությունը, նույնիսկ խաղավերջում ենք գոլ բաց թողել ու զրկվել ենք հաղթանակից: Սա վկայում է, որ ներկայումս տղաներն ավելի ճիշտ են խաղում: Մրցակիցները գրեթե գոլային պահեր չստեղծեցին: Տեսնենք, թե կհաջողվի՞ մեր ֆուտբոլիստներին նույն կերպ գործել նաև առաջնության  հանդիպումներում:

– Իսկ ի՞նչ տպավորություն թողեց փորձառու Հովհաննես Գրիգորյանը, ով գրեթե մեկ տարի զրկված էր խաղային պրակտիկայից:

–  Ճիշտ է, նա խաղային պրակտիկայի խիստ պակաս ուներ, սակայն նախկին թիմերում մշտապես մարզվել է: Հովհաննես Գրիգորյանին դեռ պատանի տարիքից եմ ճանաչում, իմ սանն է եղել, քաջ ծանոթ եմ նրա խաղային որակներին: Նա աչքի է ընկնում մարտական բնավորությամբ, մինչև վերջ պայքարելու ունակությամբ: Մեզ միանալով, այս կարճ ժամանակահատվածում իրեն բավականին լավ է զգում: Համոզված եմ, որ նա պայքարելու է ուժերի անմնացորդ նվիրումով և օգտակար է լինելու թիմին: Ես նրան վստահում եմ:

– Անսպասելիորեն վերջերս թիմից հեռացավ Արսեն Պետրոսյանը: Դուք նախապես տեղյա՞կ էիք նրա մտադրության մասին: Նրա հեռանալով թիմում դարպասապահի խնդիր չի՞ ծագի:

– Բազմիցս նշել եմ, որ Արսենն ինձ համար լավ անձնավորություն և ֆուտբոլիստ է: Հունվարին տեղեկացա, որ անձնական հարցերի պատճառով Արսենը հեռանալու է թիմից և մեկնելու է Բելգիա: Իհարկե, ինձ համար ցանկալի չէր նրա հեռանալը, սակայն ինչ արած, անձնական կյանքը դասավորելու խնդիր կար: Նրա բացակայությունը կորուստ է թիմի համար:

Սակայն դարպասապահի խնդիր չի ծագի, քանի որ Գրիգոր Մելիքսեթյանն իր աշխատասիրությամբ, մարզումների նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքով օր-օրի ավելացնում է և լավ մարզավիճակ է ձեռք բերում: Կրիմսկում անցկացված ստուգողական հանդիպումներում էլ նա իրեն լավ դրսևորեց:

– Շուտով վերսկսվելու է առաջնությունը և գարնանային հատվածի առաջին խաղում մրցելու եք առաջատարի՝ «Ալաշկերտի» հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ հանդիպումից:

– Բոլորին էլ հայտնի է, որ առաջնության առաջատարը լավ պատրաստված թիմ է, որում հանդես են գալիս փորձառու մի շարք ֆուտբոլիստներ: Շատ եմ հարգում թիմի գլխավոր մարզիչ, բանիմաց ու խելացի մասնագետ Աբրահամ Խաշմանյանին, ով բավական ուժեղ կոլեկտիվ է կազմավորել: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր մրցակցություն է սպասվում, որին մենք պատրաստ ենք: Այդ հանդիպումը ցույց կտա, թե մենք ինչի ենք ունակ: Կարծում եմ, որ «Գանձասար Կապանը» պատրաստ է առաջնությանը և պետք է որ իրեն լավ դրսևորի:

– Դուք նաև պայքարում եք Հայաստանի գավաթի համար: Հավանաբար այդ մրցաշարի վրա ավելի մեծ ուշադրություն կդարձնեք, հաշվի առնելով, որ այն եվրոպական մրցասպարեզ դուրս գալու ամենակարճ ճանապարհն է:

– Իհարկե, դա եվրոգավաթների մրցաշարին մասնակցելու ամենակարճ ճանապարհն է: Սակայն մեր մրցակիցներն էլ նույն կերպ են մտածում և լրջորեն են պայքարելու գավաթի համար, ինչպես և մենք: Ճիշտ է, «Գանձասար Կապանը» պայքարելու է 2 ճակատով, սակայն գավաթի մրցաշարին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու:

– Մեզ մնում է հաջողություն մաղթել գանձասարցիներին նպատակների իրականացման հարցում:

– Շնորհակալություն:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ