Արթուր Եդիգարյան. «Կաշխատեմ կրկին արժանանալ հավաքականի մարզիչների ուշադրությանը»

Մոտ 20 օր է, ինչ առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվող «Ալաշկերտին» է միացել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 28-ամյա հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով երկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Անցյալ տարի նա հանդես էր գալիս Մինսկի «Դինամոյում», որի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ էր ստացել: Ֆուտբոլային կարիերան «Փյունիկում» սկսած Եդիգարյանը հանդես է եկել նաև Իրանի «Պասում», «Բանանցում», ռուսական «Խիմկիում», ուկրաինական «Գովեռլայում» և ղազախական «Կայրաթում»:

Եվ ահա 3,5 տարվա ընդմիջումից հետո փորձառու ֆուտբոլիստը կրկին վերադառնում է Հայաստանի առաջնություն, որում իր վերջին խաղն անցկացրել էր 2012թ. օգոստոսի 9-ին՝ «Փյունիկի» կազմում մասնակցելով «Գանձասարի» հետ երևանյան հանդիպմանը: Որոշ ընդմիջումից հետո Եդիգարյան եղբայրները կրկին միասին են, այս անգամ արդեն «Ալաշկերտի» կազմում:

– Արթուր, ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին՝  հաշվի առնելով, որ բավական ուշ ես ներգրավվել պարապմունքներին:

– Նախապատրաստական փուլն ընթանում է շատ նորմալ ու բնականոն հունով: Շատ լավ կոլեկտիվ է, որի անդամներին լավ եմ ճանաչում, մարզչական լավ կազմ ունի: Դեռևս լավ մարզավիճակում չեմ, քրտնաջան մարզումների շնորհիվ աստիճանաբար բարելավում եմ ֆունկցիոնալ վիճակս: Միխայլիչն (խմբ.՝ Աբրահամ Խաշմանյանը) ամեն ինչ անում է, որ լավ մարզավիճակ ձեռք բերեմ: Այս պահին կարելի է ասել, որ դեռ 40 տոկոսով եմ պատրաստ:

– Ինչու՞ ընտրեցիր հենց «Ալաշկերտը», այլ թիմերից առաջարկներ չունեի՞ր:

– Ավելի շատ դա պայմանավորված էր թիմում հանդես եկող եղբորս գործոնով, որի խորհրդով էլ ընտրեցի «Ալաշկերտը»: Իհարկե, հաշվի առա նաև այն, որ հմուտ մարզիչների գլխավորությամբ թիմում հանդես են գալիս մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, որոնք նպատակադրված պայքարում են Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսների համար, ինչը եվրոգավաթներին կրկին մասնակցելու հնարավորություն կընձեռի:

– Անթալիայում փորձաշրջան անցար Կարագանդայի «Շախտյորի» կազմում՝ պայմանավորվածության համաձայն մեկ խաղակես անցկացնելով «Վորսկլայի» հետ կայացած ստուգողական խաղում: Ի՞նչ կասես այդ առնչությամբ:

– «Շախտյորի» ղեկավարությունն իմ հարցով դիմել էր մեր ակումբին, որը չմերժեց մեկ խաղակես իրենց թիմի կազմում խաղալու խնդրանքը: Բնականաբար, չէին կարող գոհ լինել իմ խաղից, քանի որ դեռ լավ մարզավիճակում չեմ: Ուստի հրաժարվեցին իմ ծառայություններից, հետագա համագործակցության մասին էլ խոսք չի եղել: Այնպես որ կրկին միացա «Ալաշկերտին», որի հետ շարունակում եմ նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին:

Արթուր Եդիգարյանը «Շախտյորի» կազմում մասնակցում է «Վորսկլայի» դեմ հանդիպմանը

Արթուր Եդիգարյանը «Շախտյորի» կազմում մասնակցում է «Վորսկլայի» դեմ հանդիպմանը

 

– Հայաստանից բացի, դու հանդես ես եկել նաև 5 այլ երկրների ակումբներում: Ո՞ր երկրում է քո ֆուտբոլային կարիերան ավելի հաջող ստացվել:

– Երևի թե ղազախական «Կայրաթում», որի կազմում 2 անգամ դարձել եմ առաջնության բրոնզե մեդալակիր, մեկ անգամ էլ թիմի հետ նվաճել եմ Ղազախստանի գավաթը: Մինսկի «Դինամոյում» էլ եղավ և լավ, և վատ շրջան: Առաջնության առաջին շրջանը հաջող էր ինձ համար, մասնակցեցի 13 հանդիպումներից 11-ին, ճանաչվեցի մայիս ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ ահա 2-րդ շրջանն անհաջող էր, միայն 3 անգամ խաղադաշտ դուրս եկա: Լավ էր գոնե, որ բախտ վիճակվեց Եվրոպա լիգայի մրցաշարում մասնակցել «Վիլյառեալի» դեմ Մինսկում կայացած հանդիպմանը:

– Ի դեպ, հայ ֆուտբոլասերներն իրենց դժգոհությունն էին արտահայտել հավաքականի գլխավոր մարզչից, ով քեզ հավաքական չէր հրավիրել, թեև «Դինամոյում» լավագույնն էիր ճանաչվել: Ի՞նչ կասես այդ առիթով:

– Դա հավաքականի մարզչի որոշումն էր: Ես բոլոր մարզիչների որոշումներն էլ հարգում եմ, բայց ամեն պահի պատրաստ եմ խաղալ իմ երկրի հավաքականում և ուժերիս ներածին չափով օգնել ազգային թիմին:

– Տեղյակ եմ, որ արտերկրից առաջարկ լինելու դեպքում «Ալաշկերտի» ղեկավարությունը չի խոչընդոտի քո տեղափոխվելուն: Ո՞ր երկրի առաջնությունում կցանկանայիր խաղալ:

– Մշտապես երազել եմ խաղալ Անգլիայում: Կարծում եմ, որ իմ խաղաոճը որոշ չափով համապատասխանում է անգլիական ակումբների խաղացողների ոճին:

– Ներկայումս հայկական ակումբներում ընդգրկված ֆուտբոլիստների մեջ ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով (42) դու յուրօրինակ ռեկորդակիր ես: Ինչպե՞ս ես գնահատում հավաքական վերադառնալու հնարավորություններդ:

– Ես մշտապես պատրաստ եմ ազգային հավաքականում խաղալու և թիմին օգտակար լինելու: Պարզապես նախ պետք է նախապատրաստական շրջանում հնարավորինս բարելավեմ ֆունկցիոնալ պատրաստությունս, այնուհետև ձգտեմ ինձ լավ դրսևորել առաջնության հանդիպումներում, որպեսզի կարողանամ կրկին իմ վրա բևեռել հավաքականի մարզիչների ուշադրությունը:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ