5 պատճառ, թե ինչու Ֆրանսիային չպետք է ջնջել ֆավորիտների ցանկից

Ֆուտբոլային տոնը Ֆրանսիայում սկսվեց, ու այն բացեց մրցաշարի ֆավորիտներից մեկը` տանտերերի հավաքականը: Սակայն, արդեն առաջին խաղակեսում դժգույն խաղից հետո շատ մասնագետներ ու երկրպագուներ սկսեցին փաստել, որ ֆրանսիացիները ապագա չեմպիոնին վայել չեն խաղում: Ֆրանսիան մեծ դժվարությամբ հաղթեց Ռումինիային` միայն նախավերջին րոպեին կատարված ֆանտաստիկ կրակոցի հաշվին, մինչդեռ թիմային ակտիվ խաղը ողջ հանդիպման ընթացքում Դեշամի թիմին պակասում էր: Այնուամենայնիվ, Ֆրանսիային հաշվից հանելը դեռ շատ շուտ է, և ահա թե ինչու…

1.Առաջնության ավարտին դեռ 50 խաղ կա

Ցանկացած մրցաշարի առաջին խաղ տարբերվում է իր էներգետիկայով, լարվածությամբ ու խաղի որակով: Պատահական չէ, որ դեռ ոչ մի անգամ Եվրոպայի առաջնությունների բացման խաղում 3 գնդակից ավելի չի խփվել: Բացման խաղը թիմի համար վերցնել որպես գնահատման առարկա ու հանել նրանց ֆավորիտների ցանկից` մեծ շտապողականություն է, ինչը բազմիցս ապացուցել են իտալացիները: Չեմպիոնները աճում ու հզորանում են ավելի շատ առաջնության ընթացքում, քան դրանից առաջ, ուստի դեռ շատ վաղ է դատել` ինչպես կխաղա Ֆրանսիան իր երկրորդ, երրորդ, իսկ մեկ ամիս անց` գուցե և յոթերորդ խաղը:

3522FEB000000578-0-A_colourful_opening_ceremony_takes_place_before_France_and_Roman-a-9_1465586493153

2.Բացման խաղի լարվածությունը ծանրացել էր ֆրանսիացիների ուսերին

Եվրոպայի առաջնությունը ամենամեծ ֆուտբոլային տոներից մեկն է, որին ողջ աշխարհի երկրպագուները ու հատկապես ֆրանսիացիները սպասել են շատ երկար: Ֆուտբոլային այս մեծ իրադարձությունը ընդունելու երջանկությանը զուգահեռ` Ֆրանսիայում աճեց մի շատ տաղանդավոր սերունդ, որից կարելի է կրկին մեծ հաջողություն ակնկալել: Ու նրանք պարտավոր են անել դա, չէ որ մինչ այս վերջին երկու դեպքերում Ֆրանսիան հաղթել է բոլոր այն մեծ մրցաշարերում, որոնք ընդունել է սեփական հարկի տակ /1984թ. Եվրոպայի ու 1998թ. Աշխարհի առաջնությունները/: Ֆրանսիան բոլորի ֆավորիտն է, Վիվառոն ֆրանսիացիների հաղթանակը ԵՎՐՈ-2016-ում գնահատում էր  4.00 գործակցով: Ավելին, ֆրանսիացիներից երեկ Փարիզում սպասում էին ոչ միայն հաղթանակ, այլև այն ֆուտբոլային տոնը, որին երկար սպասում էին բոլորը: Եթե պատկերացրեցիք լարվածության նման ծավալը, ապա կպատկերացնեիք նաև, որ ֆրանսիացիների այս կազմին շատ դժվար էր լինելու հաղթահարել այն: Իզուր չէ, որ նրանք սկսեցին աստիճանաբար ուշքի գալ ու մինչև խաղավերջ նրանց խաղը էականորեն թեթևացավ: Մինչդեռ մրցակիցը ոչ մի կորցնելու բան չուներ: Երկորդ խաղում այս ամենը այլևս խոչընդոտ չի լինի: Բացման խաղի լարվածությունը հասկանալու համար պետք է հետ նայել ու տեսնել, որ սկսած 1984թ. երբ Եվրոպայի առաջնությունը սկսել են բացել տանտերերը, մինչ այս միայն 2 անգամ էին նրանք կարողացել հաղթել` 1984թ. նույն Ֆրանսիան և 2000թ. Բելգիան:

35232BE400000578-3635902-image-a-44_1465589340498

3.Ֆրանսիացիների առաջին պաշտոնական խաղը վերջին 2 տարում

Առաջնությունները ընդունող երկիրները միշտ ունենում են խնդիր` ցուցադրական հանդիպումներից մրցակցային դաշտ տեղափոխվելու հարցում: Երկու տարի շարունակ միայն ընկերական հանդիպումներ անցկացնելը մի խորը թմբիր է, որից քչերն են կարողանում դուրս գալ: Պաշտոնական հանդիպման համար անհրաժեշտ է բարձր կենտրոնացում, մրցակցության զգացողություն, ու առաջին խաղը գրեթե միշտ օգտագործվում է դա ետ բերելու համար: Միայն երբ ավելի ահագնացող դարձավ ինչ-որ կարևոր բան կորցնելու վտանգը, ֆրանսիացիները ուշքի եկան ու նրանց /Պայեի/ մոտ վերջապես ստացվեց:

4.Ֆրանսիայի այս կազմը դեռ նոր է վերածվում թիմի

ԵՎՐՈ-2016-ի բացման խաղում Ֆրանսիայի հավաքականը նման էր Փարիզի, որը դեռ չուներ Էյֆելյան աշտարակ: Խաղը ցույց տվեց, որ Ֆրանսիայի հավաքականում թիմի կայացման գործընթացը Դիդիե Դեշամը դեռ չի ավարտել, ու նա դա պլանավորում է անել հենց մրցաշարի ընթացքում: Դրա մասին է փաստում այն, որ մարզիչը երկրորդ կեսում փոխարինեց երկու թվացյալ առաջատարներին` Անտուան Գրիզմանին ու Պոլ Պոգբային: Արդյունքում, քիչ անց դաշտում մեկ այլ ֆուտբոլիստ թիմի առաջատար դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Այո, այսօր Ֆրանսիան չունի կայացած ու ընդունված Զիդան և Անրի, իսկ բոլոր նրանք, ովքեր դիտարկվում են որպես թիմի առաջին դեմքեր, դեռ 30 խաղ էլ չեն հասցրել անցկացնել ազգային ընտրանու մարզաշապիկով: Իհարկե, սա թերություն է, ու այս պահին հնարավոր չէ չհիշել Կարիմ Բենզեմային, սակայն սա ոչ թե բացահայտում է երեկվա խաղից, այլ փաստ, որ հայտնի էր դեռ առաջնությունից առաջ, ու չէր խանգարում Ֆրանսիային ֆավորիտների շարքին դասել: Ավելի կարևոր է այն, որ Դեշամն ունի իր թիմում այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ունեն բավարար որակներ ու կամք իրենց վրա խաղ վերցնելու, իսկ դա Պայեն ապացուցեց:

13432265_1150211121698399_8577666745262347149_n

5.Ռումինիայի հետ հեշտ չէ տոնական խաղ ցուցադրել

Իհարկե, կցանկանայինք տեսնել ավելի գրավիչ ու թեթև բացման խաղ, աշխույժ հարձակողական գործողություններ Ֆրանսիայի կողմից, սակայն պետք չէ թերագնահատել նաև վերջիններիս մրցակցին: Ռումինիայի հավաքականը պաշտպանությունում շատ կազմակերպված ու հզոր թիմ է, ինչը շատ վատ նորություն է հայ երկրպագուների համար, չէ որ մեր թիմը խաղալու է նրանց հետ ԱԱ-2018 ընտրական փուլում: Բավական է նշել, որ ռումինացիները ողջ ընտրական փուլի ժամանակ բաց էին թողել ընդամենը 2 գնդակ` նույնքան, որքան այս խաղում: Ավելին, թիմերի վերջին 5 հանդիպումներում 4 անգամ ոչ-ոքի էր գրանցվել, ուստի Ֆրանսիայի հաղթանակը արժանի է բարձր գնահատականի:

Հ.Գ. Չմոռանանք նաև, որ թե ֆուտբոլային տարին, թե այս մրցաշարը` հատկապես, լի են անակնկալներով: Դեռ բախտ կունենաք դիտելու գոնե առաջին տուրի հանդիպումները, իսկ ապա կփորձենք գծագրել ֆավորիտների առաջին ցանկը և դասավորվածությունը:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ