4 պատճառ, թե ինչո՞ւ է պետք մեծ ուշադրությամբ հետևել Հայաստանի առաջնության հանգուցալուծմանը

Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական առաջնության ավարտին ընդամենը 3 տուր է մնացել: Ճիշտ է, 2016/17թթ. առաջնությանը մասնակցում են ընդամենը 6 թիմեր, բայց յուրաքանչյուր խաղում լարված պայքար է ընթանում, քանի որ թիմերն իրենց հնարավորություններով գրեթե հավասարազոր են:

Արդեն պարզ է, որ լավագույն եռյակում տեղ են զբաղեցնելու «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը» և «Շիրակը», բայց թե ինչ դասավորությամբ՝ դեռևս հայտնի չէ: Չեմպիոնության համար պայքարն էլ 27-րդ տուրից հետո նոր ուժով է բորբոքվել: Լավագույն եռյակը եզրափակող «Շիրակն» էլ դեռ պահպանում է տեսական հնարավորություններ: Ինչ վերաբերում է «Փյունիկին», «Բանանցին» և «Արարատին», ապա այդ թիմերը, թեև մրցաշարային նպատակներ այլևս չեն հետապնդում, փորձում են առավելագույնս «տխրեցնելու» առաջատարներին:

VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 4 կարևորագույն հարցեր, որոնց պատասխանները կստանանք առաջիկա երեք տուրերի ընթացքում:

Չեմպիոնական հարցը բաց է

Լավագույն եռյակի դասավորությունն այս պահին՝

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. «Ալաշկերտ» 27 16 7 4 49 24 55
2. «Գանձասար-Կապան» 27 16 4 7 35 22 52
3. «Շիրակ» 27 15 4 8 27 19 49

Այն բանից հետո, երբ 26-րդ տուրի՝ «չեմպիոնական» որակված խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց կապանցիների նկատմամբ, շատերը ստապեցին ենթադրել, որ Աբրահամ Խաշմանյանի թիմն անպայման պահպանելու է չեմպիոնությունը: Գուցե հենց այդ ինքնավստահությունն էր պատճառը, որ «Ալաշկերտը» «Փյունիկի» հետ խաղում լուրջ խնդիրներ ունեցավ: Թիմը մրցակցին պարտվում էր 1-3 հաշվով և ոչ-ոքի կորզեց Արտակ Դաշյանի դուբլի շնորհիվ: Սա ևս մեկ անգամ փաստեց, որ ժամանակից առաջ ընկնել պետք չէ, և որ զգոնությունը թուլացնելը կարող է ճակատագրական լինել:

Միաժամանակ, կապանյան թիմը գարնանային հատվածի 10 հանդիպումներում 8 հաղթանակ է տոնել և նույնպես արժանի է հռչակվելու առաջնության ուժեղագույն թիմ: Ինչպես Աբրահամ Խաշմանյանն ասաց «Գանձասար-Կապանի» նկատմամբ հաղթանակից հետո. «Եթե առաջնությունում կա չեմպիոնությանն արժանի երկրորդ թիմ, ապա դա «Գանձասար-Կապանն» է»: Չպետք է աչքաթող անել նաև «Շիրակին», թեև Վարդան Բիչախչյանի թիմը խնդիրներ ունի հատկապես հարձակման գծում և իրացնում է իր գոլային պահերի միայն չնչին տոկոսը: Վառ ապացույցը նվազագույն հաշիվներով բազմաթիվ հաղթանակներն են:

Հետաքրքիր է, որ թե՛ «Ալաշկերտը», թե՛ «Գանձասար-Կապանը» դեռ խաղալու են «Շիրակի» հետ. գործող չեմպիոնը Երևանում, իսկ կապանյան թիմը՝ Գյումրիում: «Ալաշկերտը» պետք է մրցի նաև երկու հետնապահների՝ «Բանանցի» ու «Արարատի» հետ: Իսկ ահա Սյունիքը ներկայացնող թիմը կխաղա «Բանանցի» և «ամուր ընկույզ» «Փյունիկի» հետ:

Կիսապաշտպանը կդառնա լավագույն ռմբարկո՞ւ

Լավագույն ռմբարկուների հնգյակն այս պահին՝

Ֆուտբոլիստ
Գոլեր
1.
Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ») 11
2.
Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան») 10
3.
Միհրան Մանասյան («Ալաշկերտ») 9
4.
Կլաուդիր Մարինի Ջունիոր («Գանձասար-Կապան») 8
5.
Վիուլեն Այվազյան («Շիրակ») 8

Ինչ-որ տեղ զավեշտալի է, բայց առաջնության լավագույն ռմբարկուն այս պահին կիսապաշտպան Արտակ Եդիգարյանն է: Նա, իրոք, հիանալի մարզավիճակում է և իր ունիվերսալիզմի հաշվին գործող չեմպիոնին օգտակար է ոչ միայն հարձակվելիս, այլևս պաշտպանվելիս:

Ռմբարկուների ցուցադրած արդյունավետությունը շատ ցածր է: Ամենևին տպավորիչ չէ, երբ առաջնության 30 հանդիպումներում խփած 9 կամ 10 գնդակի շնորհիվ հնարավոր է դառնալ լավագույն ռմբարկու: Ինչևէ, դա շատ խորը խնդիր է, որի հետևանքները կարող ենք նկատել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որտեղ հարձակվողի լուրջ խնդիր ունենք:

Աշնանային հատվածից հետո Հարությունյանը, Մանասյանը և Այվազյանը 7-ական գոլ էին խփել և, թվում էր, երկրորդ խաղաշրջանում թեժ պայքար է ընթանալու «Ոսկե խաղակոշիկի» համար: Բայց նրանցից միայն կապանյան թիմի հարձակվողն է ինչ-որ տեղ շարունակում արդյունավետ ելույթները (3 գոլ), իսկ Միհրան Մանասյանը երկու գոլ է խփել իր «սիրելի» թիմի՝ «Արարատի» հետ խաղում, Վիուլեն Այվազյանն էլ իր գոլային երաշտն ընդհատել է միայն «Փյունիկի» հետ 26-րդ տուրի խաղում: Իսկ Արտակ Եդիգարյանը գարնանային հատվածում 6 գոլ է խփել, ընդ որում՝ բոլորն էլ շատ տպավորիչ են ստացվել:

17795681_1943712485847714_5879476114773421600_n

Ե՞րբ կավարտվի «Բանանցի» գոլային երաշտը

«Բանանցն» ընթացիկ առաջնությունում վաղուց այլևս մրցանակային ոչ մի նպատակ չի հետապնդում և «ամրապնդվել» է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Առաջնության ընթացքում թիմը գլխավորած Արամ Ոսկանյանը դեռևս փնտրուքների մեջ է, անընդհատ փորձարկումներ է կատարում և չի թաքցնում, որ արդեն պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին:

Բայց, միևնույնն է, մտահոգիչ է, որ «Բանանցն» առաջնության վերջին 6 հանդիպումներում գոլ չի խփել՝ դրանցում կրելով 4 պարտություն և գրանցելով 2 ոչ-ոքի: Թիմին այս հարցում կփորձեն օգնել փորձառու հարձակվողներ Նենադ Ինյացը և Նորայր Գյոզալյանն ու երիտասարդներ Հայկ Ոսկանյանը, Հովհաննես Իլանգյոզյանը և Գրիգոր Աղեկյանը:

Ո՞ր դարպասապահը առաջնությունը կավարտի լավագույն արդյունքով

Այս պահին հեռակա պայքար է ընթանում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահներից երկուսի՝ Գրիգոր Մելիքսեթյանի ու Անատոլի Այվազովի միջև: Առաջնության ամենաամուր պաշտպանությունն ունի «Շիրակը», որը 19 գոլ է բաց թողել, «Գանձասար-Կապանը»՝ 22, առաջատար «Ալաշկերտը»՝ 24:

Սակայն անցկացրած «չոր» հանդիպումների թվով հավասար պայմաններում են վերոնշյալ երկու դարպասապահները, ովքեր իրենց դարպասն անառիկ են պահել 14-ական խաղերում: Ինչպես էլ որ ավարտվի այս մրցակցությունը, երկուսն էլ հրաշալի մրցաշրջան են անցկացնում և հսկայական ներդրում ունեն իրենց թիմերի՝ մրցանակային տեղ գրավելու մեջ:

QrtNkod

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ