4 օտարերկրացի մարզիչները, որ նվաճել են Հայաստանի գավաթը

Հայաստանի գավաթի հոբելյանական՝  25րդ խաղարկության եզրափակիչը յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ պատվավոր մրցանակը վիճարկած 2 թիմերն էլ գլխավորում էին օտարերկրացի մարզիչներ՝ ռուսաստանցի Սերգեյ Յուրանն ու իսպանացի Տիտո Ռամալյոն: Ավելի հաջողակ գտնվեց Տիտո Ռամալյոն՝ դառնալով Հայաստանի գավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչը:

Տիտո Ռամալյոն «Բանանցը» գլխավորած օտարերկրացի 9 մարզիչներից երկրորդն է, որին հաջողվեց իր սաների հետ վայելել գավաթի նվաճման բերկրանքը: 2007թ. նման հաջողության էր հասել չեխ Յան Պոշտուլկան: Իսկ ահա բուլղարացի Նեդելչո Մատուշևի (2008թ.) և մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու (2010թ.) օրոք «Բանանցը» գավաթի եզրափակչում պարտվել է:

Իսկ ընդհանրապես մինչ օրս հայկական ակումբները գլխավորած օտարերկրացի մարզիչներից միայն 7-ին է հաջողվել իրենց սաների հետ գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճել:

«Վիվառո Նյուզը» ժամանակագրական կարգով ներկայացնում է օտարերկրացի այն 4 մարզիչներին, որոնց գլխավորած թիմերը նվաճել են Հայաստանի գավաթը:

Օսկար Լոպես – «Փյունիկ»,  2002թ.

oscar_lopes

Արգենտինացի մասնագետը Հայաստանում աշխատած օտարերկրացի մարզիչներից առաջինն էր, որին ոչ միայն հաջողվեց իր գլխավորած թիմին եզրափակիչ դուրս բերել, այլև նվաճել գավաթը:

Օսկար Լոպեսը «Փյունիկը» գլխավորեց 2002թ. առաջնության մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Սամվել Դարբինյանին, որի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում երկամյա ընդմիջումից հետո կրկին կազմավորված նորաստեղծ թիմը նվաճել էր ՀՀ չեմպիոնի տիտղոսը:

Լոպեսի գլխավորությամբ փյունիկցիները գերազանց հանդես եկան գավաթի մրցաշարում՝ հաղթելով անցկացրած բոլոր 7 հանդիպումներում: Դա 1999թ. Արարատի «Ցեմենտի» սահմանած ռեկորդային ցուցանիշի կրկնությունն էր:

«Փյունիկն» առանց ջանքեր գործադրելու հեշտությամբ հաղթահարեց գավաթի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը՝ 2 հանդիպումներում էլ խոշոր հաշիվներով առավելության հասնելով առաջին խմբում հանդես եկող Եղվարդի «Դինամոյի» նկատմամբ՝ 5:0, 8:0: Քառորդ եզրափակչում փյունիկցիները պայքարից դուրս մղեցին «Բանանցին» (2:1, 2:0), իսկ կիսաեզրափակչում առավելության հասան «Միկայի» նկատմամբ (4:1, 3:1):

Մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում «Զվարթնոցի» հետ կայացած գավաթի եզրափակիչ խաղում էլ «Փյունիկը» վստահ հանդես եկավ՝ արդեն առաջին խաղակեսում Մամադու Դիավարայի և Արտավազդ Քարամյանի խփած գոլերի շնորհիվ վճռելով մրցակցության ելքը:

Դա Հայաստանում Օսկար Լոպեսի մարզչական կարճատև գործունեության ընթացքում արդեն 2-րդ նվաճումն էր: Մայիսի 9-ին նրա սաները դարձել էին Հայաստանի սուպերգավաթակիրներ՝ հաղթելով «Միկային»՝ 2:1: Ուստի պատահական չէր, որ արդեն ամռանը Լոպեսին վստահվեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ղեկը:  Իսկ մրցաշրջանի ավարտին արգենտինացի մարզիչը յուրօրինակ հեթ տրիկի հեղինակ դարձավ՝ «Փյունիկին» հասցնելով նաև չեմպիոնական բարձունքին:

Միխայ Ստոյկիցա – «Փյունիկ»,  2004թ.

4038051_620__1

Օսկար Լոպեսից «Փյունիկի» ղեկը ստանձնած ռումինացի մարզիչն առաջին իսկ տարում իր սաների հետ արժանացավ չեմպիոնի ոսկե մեդալներին, իսկ հաջորդ մրցաշրջանում մինչև թիմից հեռանալը հասցրեց վայելել նաև գավաթի նվաճման բերկրանքը: Ընդ որում գավաթի մրցաշարում անցկացրած 7 հանդիպումներում փյունիկցիները դարպասն անառիկ պահեցին:

Վիճակահանության քմահաճույքով գավաթի 1/8 եզրափակչում «Փյունիկին» բաժին էր հասել իր դուստր թիմը, որին չեմպիոնը 2 խաղերում էլ հաղթեց խոշոր հաշվով՝  3:0, 5:0: Քառորդ եզրափակչում «Կիլիկիային» էլ չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ «Փյունիկին», որը կրկին 2 խաղերում էլ հաղթեց՝ 1:0, 7:0:

Իսկ ահա «Միկայի» հետ կիսաեզրափակիչ 2 հանդիպումներն էլ աչքի ընկան գավաթային մրցախաղերին բնորոշ համառ ու անզիջում պայքարով: Այդպես էլ մրցակիցներին չհաջողվեց գոլ խփել: Գավաթի եզրափակչի ուղեգրի բախտը վճռեցին հետխաղյա 11մ հարվածները, որոնք ավելի դիպուկ իրացրին փյունիկցիները՝  հաղթելով 4:2 հաշվով:

Մայիսի 9-ին «Բանանցի» հետ կայացած գավաթի վճռորոշ խաղում էլ «Հանրապետականի» տրիբունաներում հավաքված ֆուտբոլասերներն այդպես էլ գոլի ականատես չդարձան՝  գոլային ծարավը լիովին հագեցնելով հետխաղյա 11մ հարվածաշարում, որում հաղթելով 6:5 հաշվով, «Փյունիկը» դարձավ եռակի գավաթակիր:

Չնայած գավաթի մրցաշարում հաջողությանը, Միխայ Ստոյկիցան ընդամենը մեկ ամիս անց հեռացավ «Փյունիկից»՝ թիմի ղեկը թողնելով իր օգնական Վարդան Մինասյանին:

Յան Պոշտուլկա – «Բանանց», 2007թ.

yan poshtulka

Չեխ մասնագետը «Բանանցը» գլխավորեց 2007թ. առաջնության մեկնարկից առաջ՝ փոխարինելով ռուսաստանցի Նիկոլայ Կիսելյովին, որի օրոք թեև թիմը դարձել էր 2-րդ մրցանակակիր, սակայն մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր նրա ծառայություններից:

Յան Պոշտուլկան ավելի կարճ ժամանակահատված աշխատեց «Բանանցում»՝ գլխավոր մարզչի պարտականությունները կատարելով առաջնության 28 հանդիպումներից 16-ում, սակայն հասցրեց իր սաներին գավաթակրի կոչմանն արժանացնել:

«Բանանցը» շատ վստահ հաղթահարեց գավաթի մրցաշարի առաջին երկու փուլերը՝  հաջորդաբար պայքարից դուրս մղելով «Դինամոյին» (5:0, 3:1) և «Կիլիկիային» (5:1, 6:1): Կիսաեզրափակչում մրցակիցը «Միկան» էր, որի նկատմամբ առաջին խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով տարած հաղթանակը վճռորոշ եղավ, քանի որ պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:

Մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում «Արարատի» հետ կայացած եզրափակիչ խաղում Յան Պոշտուլկայի սաները լրացուցիչ ժամանակում (հիմնական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1) հաղթեցին 3:1 հաշվով և արժանացան գավաթակրի տիտղոսին:

Չնայած այդ հաջողությանը, արդեն օգոստոսին Յան Պոշտուլկան հեռացավ «Բանանցից»՝ իր տեղը զիջելով բուլղարացի մարզիչ Նիկոլայ Կոստովին:

Տիտո Ռամալյո – «Բանանց», 2016թ.

13123238_990492507670442_5997791270976713716_o

Իսպանացի մարզիչն իր հայրենակիցների հետ «Բանանցում» մարզչական գործունեությունը սկսեց անցյալ տարվա հոկտեմբերի կեսերից: Ձմռան նախապատրաստական շրջանում նա թիմ հրավիրեց մի խումբ նոր ֆուտբոլիստների, որոնք զգալիորեն ուժեղացրին «Բանանցի» կազմը: Առաջնությունում «Բանանցի» գործերն այնքան էլ հաջող չընթացան, թեև Ռամալյոյի օրոք թիմի խաղում որոշակի առաջընթաց գրանցվեց: Իսպանացի մասնագետին հաջողվեց կատարել թիմի առջև դրված գլխավոր խնդիրը՝  Հայաստանի գավաթի նվաճմամբ «Բանանցին» եվրոպական ասպարեզ դուրս բերելով:

Հարկ է նշել, որ «Բանանցի» գավաթային ճանապարհն էլ հարթ չէր: Թեև քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բանանցը» 3 անպատասխան գնդակ էր խփել «Ուլիսի» դարպասը, սակայն պատասխան խաղում մրցակցին զիջեց 1:2 հաշվով: Կիսաեզրափակչում էլ բավական համառ ու անզիջում պայքար ծավալվեց «Ալաշկերտի» հետ մրցավեճում և միայն մրցակցի հարկի տակ խփած գոլերի հաշվին (0:1, 2:1)  «Բանանցը» եզրափակչի ուղեգիր նվաճեց: Իսկ ահա գավաթի վճռորոշ խաղում Տիտո Ռամալյոյի սաներն արժանի հաղթանակ տոնեցին «Միկայի» նկատմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ