Հայկական թիմերը եվրոգավաթների 2-րդ փուլում. Ամփոփ վիճակագրություն

Հայկական թիմերի համար եվրոգավաթների հերթական խաղարկությունն ավարտվեց: Մրցասպարեզ դուրս եկած 4 թիմերից երկուսին՝ «Շիրակին» ու «Ալաշկերտին» կրկին հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը, սակայն հաջորդ փուլում նրանք էլ դուրս մնացին հետագա պայքարից:

Որքան էլ որ ցավալի է, սակայն այս անգամ էլ 2-րդ փուլի արգելքն անհաղթահարելի մնաց, թեև կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ «Շիրակն» ի զորու էր առավելության հասնելու Տրնավայի «Սպարտակի» նկատմամբ: Սակայն կրկին ունենալով հաղթելու հիանալի հնարավորություն, գյումրեցիներն ի վերջո զիջեցին մրցակցին:

 Կարծես թե կրկնվեց Չեմպիոնների լիգայում 3-ամյա վաղեմության մրցավեճը սերբական «Պարտիզանի» հետ, որում ևս «Շիրակը» ձեռքից բաց էր թողել 3-րդ փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորությունը:

«Ուղեղի մթագնումներ». Ինչու «Շիրակը» լավ խաղով լքեց Եվրոպա լիգան

Եվրոգավաթների մրցաշարերի մասնակից հայկական 16 ակումբներից 7-ն ընդհանուր առմամբ 18 անգամ հաղթահարել են 1-ին փուլի արգելքը: Ցավոք մեր թիմերը շատ անհաջող են հանդես եկել 2-րդ փուլում: Անցկացրած 36 հանդիպումներում հայկական ակումբները միայն 3 հաղթանակ են տոնել, 6 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 27 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են ընդամենը 18 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 73 գնդակ:

Հայկական ակումբներից առաջինն «Արարատին» է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքն ու հանդես գալ 2-րդ փուլում: Դա 1995/96թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում էր: Առաջին փուլում Սամվել Դարբինյանի գլխավորությամբ 2 խաղերի ընդհանուր արդյունքով հաղթահարելով լեհական ԳԿՍ-ի արգելքը (0:2, 2:0, 5:4՝ 11մ), արարատցիները 2-րդ փուլում զիջեցին Մոսկվայի «Դինամոյին» ՝ 1:3, 0:1:

Հայկական ակումբներից 2-րդ փուլում առաջին հաղթանակը տոնել է «Միկան»: Դա 2007/08թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էր: Այդ տարի «Միկան» առաջին փուլում հաջողությամբ հաղթահարելով հունգարական ՄՏԿ-ի արգելքը (1:2, 1:0), հաջորդ փուլում մրցեց Սլովակիայի «Արտմեդիայի» հետ: Սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում Արկադի Անդրեասյանի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Սակայն պատասխան խաղում «Միկան» պարտվեց 0:2 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:

Անցած տարի էլ 2-րդ փուլում իրենց անդրանիկ հաղթանակները տոնեցին «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հյուրընկալվելիս նորվեգական «Մոլդեից» 0:5 հաշվով կրած պարտությունից հետո սեփական հարկի տակ հաղթել էր Զավեն Բադոյանի խփած միակ գոլի շնորհիվ:

«Ալաշկերտն» էլ Եվրոպա լիգայի մրցաշարում Երևանում 2:1 հաշվով հաղթել էր Ալմաթիի «Կայրաթին», որից առաջին խաղում խոշոր հաշվով (0:3) պարտություն էր կրել:

Ի դեպ, նախորդ մրցաշրջանում եվրոգավաթների մրցաշարերում առաջին անգամ միանգամից 3 հայկական ակումբներ՝ «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը» հանդես եկան որակավորման  2-րդ փուլում:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է հայկական ակումբների ընդհանուր ցուցանիշները եվրոգավաթների 2-րդ փուլի հանդիպումներում:

ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Միկա 2 1 0 1 2:3 3 50
2.Ալաշկերտ 4 1 1 2 3:7 4 33,3
3.Փյունիկ 12 1 2 9 6:25 5 13,8
4.Շիրակ 8 0 3 5 2:11 3 12,5
5.Արարատ 6 0 0 6 2:14 0 0
6.Գանձասար 2 0 0 2 1:5 0 0
7.Բանանց 2 0 0 2 2:8 0 0
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ