10 փաստ Լեհաստան-Հայաստան հանդիպումից

Լեհաստանի հավաքականի հետ անցկացրած 6-րդ խաղում մեր ընտրանին 4-րդ պարտությունը կրեց: Վարշավայում կայացած հանդիպումը մրցակիցների միջև ընտրական մրցաշարերում անցկացված 5-րդ խաղն էր, որում լեհերը 3-րդ հաղթանակը տոնեցին:

Հայաստանի հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ 3-րդ անգամ մրցեց լեհերի հետ: 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նրա օրոք մեր հավաքականը հյուրընկալվելիս պարտվել էր 0:4 խոշոր հաշվով, իսկ Երևանում խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 13-րդ հանդիպումն անցկացրեց և 8–րդ պարտությունը կրեց (մնացած 5 խաղերն ավարտվել են ոչ-ոքի): Լեհերից կրած պարտությունը Սուքիասյանի օրոք 5-րդ անընդմեջն էր աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը 2001թ. պարտվել էր ընտրական մրցաշարի ավարտական երկու հանդիպումներում՝ խոշոր հաշիվներով զիջելով ուկրաինացիներին (0:3) և նորվեգացիներին (1:4):

Ռոբերտ Լևանդովսկու գոլը Հայաստանի հավաքականի դարպասը

Ռոբերտ Լևանդովսկու հաղթանակ գոլը Հայաստանի հավաքականի դարպասը

ՀՀ հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընտրական մրցախաղերում ևս մեր ֆուտբոլիստները 4-րդ անընդմեջ խաղում դաշտից պարտված հեռացան: Ավելի վատ արդյունք մեր ընտրանին գրանցել է 1995-1996 (Բելգիա՝ 0:2, Դանիա՝ 1:3, Մարոկկո՝ 0:6, Ֆրանսիա՝ 0:2, Պերու՝ 0:4) և 2014-2015թթ. (Ֆրանսիա՝ 0:3, Պորտուգալիա՝ 0:1, Ալբանիա՝ 1:2, Պորտուգալիա՝ 2:3, Սերբիա՝ 0:2) ժամանակահատվածում՝ կրելով 5 անընդմեջ պարտություն:

Միայն 4-րդ խաղում մեր ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց ընդհատել 332 րոպե տևած գոլային երաշտը՝ բացելով նաև ընտրական մրցաշարում գոլերի հաշիվը: Մինչ այդ վերջին գոլը ՀՀ հավաքականը խփել էր Սալվադորի ընտրանու դարպասը. 77-րդ րոպեին աչքի էր ընկել Գեղամ Կադիմյանը:

Ընդհատվեց նաև ընտրական մրցախաղերում 517 րոպե տևած գոլային երաշտը: Մինչ այդ վերջին գոլը մեր ֆուտբոլիստները խփել էին անցյալ տարվա հունիսի 13-ին Երևանում պորտուգալացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի 72-րդ րոպեին: Գոլի հեղինակ էր դարձել Հրայր Մկոյանը: Ընտրական մրցաշարերում ամենաերկար գոլային երաշտը գրանցվել է 2000թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Սուրեն Բարսեղյանի օրոք՝ 636 րոպե:

2-րդ անընդմեջ խաղում Հայաստանի հավաքականը խաղադաշտում մնաց 10 հոգով: Գաել Անդոնյանն ընդամենը 3 րոպեում երկու անգամ զգուշացվեց ու լքեց խաղադաշտը: Լեհաստանի հավաքականի հետ հանդիպումներում դա մեր ֆուտբոլիստների ստացած 4-րդ կարմիր քարտն էր: 2001թ. հունիսի 6-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում դաշտից հեռացվել էին մեր հավաքականի 3 ֆուտբոլիստներ: 54-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը լքել էր Ալբերտ Սարգսյանը, իսկ խաղավերջում ծագած ծեծկռտուքի հետևանքով հեռացվել էին Ֆելիքս Խոջոյանն ու Հայկ Գևորգյանը:

2. Gael Andonian red card

6-ամյա ընդմիջումից հետո Վահագն Մինասյանը կրկին հագավ ազգային հավաքականի մարզաշապիկը՝ անցկացնելով 13-րդ հանդիպումը: Վերջին անգամ նա հավաքականում հանդես էր եկել 2010թ. մայիսի 25-ին Երևանում Ուզբեկստանի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում: Այդ հանդիպման 76-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով, նա խաղադաշտը լքել էր:

Վահագն Մինասյանն ու Յակուբ Բլաշչիկովսկին Հայաստանի և Լեհաստանի հավաքականների ֆուտբոլիստներից միակն էին, որ մասնակցել էին 2007թ. մրցակիցների միջև կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերին: Մինասյանը հանդես էր եկել միայն հունիսի 6-ին Երևանում կայացած հանդիպմանը, որում մեր հավաքականը Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ Համլետ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր: Այդ հանդիպման 76-րդ րոպեին Մինասյանն իր տեղը զիջել էր Լևոն Փաչաջյանին: Իսկ Բլաշչիկովսկին բացի երևանյան խաղից, մասնակցել էր նաև մարտի 28-ին Կելցեում կայացած հանդիպմանը:

Հրայր Մկոյանն ազգային հավաքականում ինքնագոլի հեղինակ դարձած 7-րդ ֆուտբոլիստն է: Մեր ֆուտբոլիստները 3-րդ անգամ սեփական դարպասը գրավեցին հոկտեմբերի 11-ին կայացած խաղում: 2011թ. այդ օրը Իռլանդիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վճռորոշ խաղում ինքնագոլի հեղինակ էր դարձել Վալերի Ալեքսանյանը՝ բացելով հաշիվը: Անցյալ տարի էլ Կամո Հովհաննիսյանն էր «աչքի» ընկել ալբանացիների հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Բացի նրանցից, սեփական դարպասը մեկական անգամ գրավել են նաև Երվանդ Կրբաշյանը, Արարատ Առաքելյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Հայրապետյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ