10 փաստ գավաթի կիսաեզրափակիչ խաղերի մասին

1.Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները որոշեցին պատվավոր մրցանակի խաղարկության եզրափակչի մասնակիցներին: Մայիսի 4-ին կայանալիք վճռորոշ խաղում ՀՀ գավաթը կվիճարկեն «Բանանցն» ու «Միկան»: Այդ խաղում հաղթող թիմը ոչ միայն կնվաճի գավաթը, այլև իրավունք կստանա Հայաստանը ներկայացնելու Եվրոպա լիգայի մրցաշարում:

2.«Բանանցն» ու «Միկան» 2-րդ անգամ կվիճարկեն Հայաստանի գավաթը: 2003թ. մայիսի 27-ին մրցակիցների միջև կայացած եզրափակիչ հանդիպման ելքը վճռել էր «Միկայի» ավագ Արմեն Պետիկյանի խփած միակ գոլը:

12976704_978809358838757_1874757554925036970_o

3.«Բանանցը» կիսաեզրափակչի պատասխան խաղում մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով ռևանշի հասավ «Ալաշկերտից» առաջին խաղում կրած պարտության (0:1) դիմաց և 8-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Վերջին անգամ «Բանանցը» գավաթի վճռորոշ խաղին մասնակցել է 2010թ.՝ 0:4 հաշվով պարտվելով «Փյունիկին»: «Բանանցի» ֆուտբոլիստներին առայժմ 2 անգամ է (1992, 2007թթ.) հաջողվել դառնալ Հայաստանի գավաթակիր:

4.«Միկան» 2-րդ տարին անընդմեջ մտավ եզրափակիչ՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում ռևանշի հասնելով «Գանձասար Կապանի» նկատմամբ՝ դիպուկ իրացնելով հետխաղյա 11մ հարվածները: Հերթական եզրափակիչը «Միկայի» համար կլինի 8-րդը: «Միկան» վեցակի գավաթակիր է, իսկ միակ անհաջողությունը եզրափակչում թիմը կրել է անցյալ տարի՝ 1:3 հաշվով պարտվելով «Փյունիկին»:

ZfZSqA25bE1rOVVBoylq9r5e8K

5.ՀՀ գավաթի խաղարկություններում «Բանանցն» ու «Ալաշկերտը» 2-րդ անգամ մրցեցին: 2012թ. կայացած գավաթային մրցավեճում հաջողությունն ուղեկցել էր նորաստեղծ «Ալաշկերտին», որը մրցակցին հաղթել էր հետխաղյա 11մ հարվածներով (երկու հանդիպումներում էլ դարպասներն անառիկ էին մնացել):

6.«Գանձասար Կապանին» այս անգամ էլ չհաջողվեց գավաթի մրցաշարում հաղթահարել «Միկայի» արգելքը: 2006թ. «Միկան» առավելության էր հասել երկու խաղերի ընդհանուր արդյունքով՝ 0:1, 3:0, իսկ անցյալ տարի հաղթել էր երկու հանդիպումներում էլ՝ 2:0, 3:0: Գավաթային նախորդ 2 մրցավեճերը կայացել էին քառորդ եզրափակչում:

3001

7.«Ալաշկերտն» ու «Գանձասար Կապանը» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեցին: Մինչ այդ ալաշկերտցիները հաղթել էին նախորդ 3 խաղերում էլ՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Իսկ գանձասարցիները հաղթել էին 2 խաղում, մեկ հանդիպում ավարտել էին ոչ-ոքի:

8.«Ալաշկերտը» 2-րդ անգամ էր հանդես գալիս գավաթի կիսաեզրափակչում: Այս անգամ էլ թիմին չհաջողվեց եզրափակչի ուղեգիր նվաճել: Անցյալ տարի «Ալաշկերտը» եզրափակչի ուղեգիրը զիջել էր «Փյունիկին»: Գանձասարցիների համար սա եզրափակիչ մտնելու 3-րդ փորձն էր: Առայժմ կապանցիները միայն մեկ անգամ են հանդես եկել գավաթի եզրափակչում՝ 2014թ. 1:2 հաշվով պարտվելով «Փյունիկին»:

12968069_978309012222125_7250517576408986653_o

9.«Բանանցի» բրազիլացի հարձակվող Լաերսիոն գավաթի ընթացիկ խաղարկությունում 4-րդ գոլը խփեց և գործնականում ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու, քանի որ եզրափակչում «Բանանցի» մրցակցի՝ «Միկայի» ֆուտբոլիստներից Արթուր Գրիգորյանն ու Ալեքսեյ Կիսելյովն ընդամենը մեկական գնդակ են խփել: Վերջինս բացեց գոլերի հաշիվը «Միկայում»:

10.Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցում» նորամուտը նշած Զավեն Բադոյանը թիմի կազմում բացեց գոլերի հաշիվը նաև գավաթի մրցաշարում: Հիշեցնենք, որ առաջնության 5 հանդիպումներում Բադոյանը 3 գոլ է խփել: Անդրանիկ Ոսկանյանն էլ առաջին գոլը խփեց «Ալաշկերտի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ