10 հետաքրքիր փաստ Հայաստանի հավաքականի նոր մարզչի մասին

ՀՖՖ-ն այսօր հայտնեց Արթուր Պետրոսյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակելու մասին: Ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստեր հավաքականի նախկին ռմբարկուի և նոր գլխավոր մարզչի մասին:

1.Վարդան Մինասյանից և Սարգիս Հովսեփյանից հետո Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի 3-րդ նախկին ֆուտբոլիստը, ում վստահվեց մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը: 2014-2015թթ. Պետրոսյանը եղել է հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2.ՀՀ ազգային հավաքականում հանդես գալով 1992-2004թթ., Արթուր Պետրոսյանը մասնակցել է 69 խաղի ու խփել է 11 գնդակ: Մեր ընտրանու կազմում նրա նորամուտը կայացել է հավաքականի առաջին խաղում՝ 1992թ. հոկտեմբերի 14-ին Երևանում մոլդովացիների հետ տեղի ունեցած ընկերական խաղում:

3.Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից Արթուր Պետրոսյանն առաջինն է հատել 50  խաղի սահմանագիծը՝ հոբելյանական հանդիպումն անցկացնելով 2001թ. մարտի 24-ին Ուելսի հավաքականի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:

4.Ազգային հավաքականում Արթուր Պետրոսյանը գոլերի հաշիվը բացել է 1995թ. նոյեմբերի 15-ին Կոպենհագենում դանիացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Նա երկար տարիներ 11 գնդակով ՀՀ հավաքականի լավագույն ռմբարկուն էր: Միայն 2013թ. հոկտեմբերի 15-ին Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց շրջանցել Պետրոսյանին՝ իտալացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում խփելով իր 12-րդ գնդակը:

5.ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում 1992-2000թթ. Արթուր Պետրոսյանը հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»՝ արժանանալով Հայաստանի եռակի չեմպիոնի և կրկնակի սուպերգավաթակրի տիտղոսներին: 1996 և 2000թթ. Արթուր Պետրոսյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

6.Հարազատ ակումբի կազմում Արթուրն անցկացրել է 214 խաղ: Նա խփած 125 գնդակով մինչ օրս «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է: 1997թ. Արթուրը 18 գնդակով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու: Եվս 3 անգամ՝ 1994 (15 գոլ) 1996/97 (11) և 2000թթ. (15) Պետրոսյանը դարձել է «Շիրակի» լավագույն ռմբարկու:

7.Պաշտոնական մրցումներում Արթուր Պետրոսյանը 191 գոլի հեղինակ է դարձել: Գոլերից 37-ը Արթուրը խփել է շվեյցարական «Յանգ Բոյզի» և «Ցյուրիխի» կազմում: Նա պաշտոնական խաղերում ամենաշատ գոլեր խփած երկրորդ հայ ֆուտբոլիստն է՝ զիջելով միայն Արսեն Ավետիսյանին (236 գոլ):

a9

8.Արթուր Պետրոսյանը կարող էր դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայը: Ասում են՝ դեռ 2000-ականների սկզբին հարձակվողով լուրջ հետաքրքրված է եղել Լոնդոնի «Արսենալը», սակայն լոնդոնյան ակումբն ու «Շիրակը» չեն կարողացել համաձայնության գալ:

9.Արթուր Պետրոսյանն այս տարի է ստացել ՊՐՈ կարգի արտոնագիր:

10.Արթուր Պետրոսյանի գլխավորած «Ցյուրիխ-2»-ը Շվեյցարիայի 3-րդ մակարդակի առաջնությունում այս պահին զբաղեցնում է 5-րդ տեղը 16 թիմերի շարքում: Հայ մարզչի թիմն առանձնանում է հարձակողական խաղով և գոլերի բավականին մեծ քանակով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ