10 հետաքրքիր փաստ Հայաստանի ազգային հավաքականից

«Վիվառո Նյուզը» շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր հայկական ֆուտբոլի վերաբերյալ: Հերթական հավաքածուն նվիրված է Հայաստանի ազգային հավաքականին:

1.Հայաստանի ազգային հավաքականը գոլերի հաշիվը բացել է անցկացրած 3-րդ խաղում: Հավաքականի խփած անդրանիկ գոլի հեղինակն Արսեն Ավետիսյանն է, ով 1994թ. հուլիսի 16-ին «Հրազդանում» կայացած ընկերական հանդիպման 64-րդ րոպեին գրավել է Մալթայի հավաքականի դարպասապահ Դավիթ Քլուեթի պաշտպանած դարպասը: Այդ միակ գոլը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին, որն առաջինն էր մեր ընտրանու կենսագրությունում:

Arsen Avetisyan scored the first goal for Armenian National Team

2.Ընտրական մրցաշարերում հավաքականի առաջին գոլը խփել է Ռազմիկ Գրիգորյանը, ով 1995թ. մայիսի 10-ին «Հրազդանում» կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման 22-րդ րոպեին գրավել է մակեդոնացի դարպասապահ Դանչո Ցելևսկու պաշտպանած դարպասը:

3.Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, ով անցկացրած 57 հանդիպումներում 16 գոլի հեղինակ է դարձել: Մխիթարյանը հավաքականում գոլերի հաշիվը բացել է 2009թ. մարտի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում Էստոնիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

4.Պաշտոնական մրցումներում Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը գրանցվել է 1996թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում: 1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպիեում հայ ֆուտբոլիստները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ 2:1 հաշվով պարտության մատնեցին Մակեդոնիայի հավաքականին: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Արմեն Շահգելդյանը՝ 78-րդ րոպեին խոցելով Դանչո Ցելևսկու պաշտպանած դարպասը:

5.2012թ. մայիսի 31-ին ավստրիական Կուֆշտայն քաղաքում Հունաստանի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում Ռոման Բերեզովսկին 11մ 2 հարված հետ մղեց: 71-րդ րոպեին նա հաղթող դուրս եկավ Գիորգոս Սամարասի հետ մենամարտում, իսկ 86-րդ րոպեին հետ մղեց Յանիս Ֆետֆացիդիսի հարվածը: Չնայած Ռոման Բերեզովսկու գերազանց խաղին, հույները հաղթեցին 23-րդ րոպեին Կիրիակոս Պապադոպուլոսի խփած միակ գոլի շնորհիվ: Հավաքականում Բերեզովսկու դարպասին առաջին 11մ հարվածը նշանակվել է նրա նորամուտի խաղում՝ 1996թ. օգոստոսի 31-ին «Հրազդան» մարզադաշտում պորտուգալացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:

6.ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում բոլորից հաջող նորամուտը նշել են Սուրեն Բարսեղյանն ու դանիացի Յան Պոուլսենը՝ իրենց սաների հետ տոնելով 2-ական հաղթանակ: Սուրեն Բարսեղյանը հավաքականում մարզչական գործունեությունը սկսել է 1998թ. օգոստոսի 18-ին Աբովյանում Լիբանանի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակով: Հաջորդ խաղում նրա գլխավորությամբ ՀՀ հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ սեպտեմբերի 5-ին «Հրազդանում» 3:1 հաշվով պարտության մատնելով Անդորրայի ընտրանուն:
Յան Պոուլսենը հավաքականում նորամուտը նշել է 2008թ. փետրվարի սկզբին Մալթայում կայացած միջազգային մրցաշարում տանտերերի (1:0) և Բելառուսի (2:1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակներով:

7.Ֆրանսիացի Բեռնար Կազոնին հավաքականում նորամուտը նշել է 4 անընդմեջ պարտությամբ: Նրա օրոք 2004թ. Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային 4 հանդիպումներում էլ պարտվել է մրցակիցներին (Մակեդոնիա՝ 0:3, Ֆինլանդիա՝ 0:2, 1:3, Չեխիա՝ 0:3):

ARMENIA ANDORRA WC SOCCER

8.Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից առաջինն Էրիկ Ասադուրյանին է հաջողվել ազգային թիմում նորամուտը նշել գոլով: Դա տեղի է ունեցել 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Հանդիպման 8-րդ րոպեին Ասադուրյանը բացել է հաշիվը: Այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Հետագայում հավաքականում նորամուտը գոլով են նշել նաև Արմեն Ադամյանը (1998թ.՝ Լիբանանի հետ խաղում), Կարեն Սիմոնյանը (1998թ.՝ Էստոնիա), Կարեն Բարսեղյանը (1998թ.՝ Էստոնիա), Անդրեյ Մովսիսյանը (2000թ.՝ Լիտվա), Մարկոս Պիզելին (2008թ.՝ Մոլդովա), Արաս Օզբիլիսը (2012թ.՝ Կանադա) և Ռումյան Հովսեփյանը (2014թ.՝ ԱՄԷ):

9.Հայաստանի հավաքականի դարպասին առաջին 11մ հարվածը նշանակվել է 1995թ. հունիսի 7-ին Սևիլիայի «Սանչես Պիսխուան» մարզադաշտում Իսպանիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի 64-րդ րոպեին: Այն հաջող է իրացրել Ֆեռնանդո Հիեռոն՝ գրավելով Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Այդ միակ գոլն էլ հաղթանակ պարգևեց իսպանացիներին:

10.Հայաստանի հավաքականն առաջին անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել 1997թ. սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում Ալբանիայի ընտրանու հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի 88-րդ րոպեին: Այն հաջող է իրացրել այդ օրն իր 35-ամյակը նշող Գառնիկ Ավալյանը՝ հաստատելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3:0:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ