Արթուր Սարկիսով. «Բերեզովսկին նախ հիանալի մարդ է, հետո՝ բարձրակարգ ֆուտբոլիստ»

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պատասխանել է Vivaro News-ի թղթակցի հարցերին։ 

— Ինչպիսի՞ տպավորություններ ունեք նոր մարզչից առաջին մարզումից հետո։ 
— Միայն դրական տպավորություններ եմ ստացել։ Բավականին հետաքրքիր է նրա հետ աշխատելը։ Հասկանալի է, թե ինչ է նա մեզանից պահանջում։ Ամեն ինչ կանենք նրա հրահանգները կատարելու համար։

— Իսկ ինչպիսի՞ ֆուտբոլային գաղափարներ է նա փորձում փոխանցել թիմին։
— Որ Հայաստանի հավաքականը պետք է հաղթի յուրաքանչյուր խաղում։

— Իսկ տակտիկակա՞ն առումով։ 
— Այդ մասին չեմ կարող խոսել։

— Իսկ ինչպիսի՞ մարզավիճակով եք մոտեցել հանդիպմանը։
— Լավ մարզավիճակում եմ, հատկապես հաշվի առնելով այն, որ ժամանել եմ այստեղ թիմի կազմում մինչմրցաշրջանային պատրաստությունից հետո։

— Այս խաղը լինելու է նաև Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը։ Ինչպիսի՞ տպավորություններ է թողել Ռոմանը որպես մարդ ու որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 
— Նախ և առաջ նա շատ լավ անձնավորություն է, իսկ հետո՝ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով վարպետ է իր գործում։ Մենք շփվում ենք իրար հետ, ու ես շատ ուրախ կլինեմ նրան նորից տեսնելու, խաղադաշտ դուրս գալու ու միասին խաղալու համար։

— Համեմատած մյուս ֆուտբոլիստների հետ, նա տարիքով մեծ էր բոլորից։ Որպես ավագ ընկեր՝ ինչպիսի՞ խորհուրդներ էր տալիս Բերեզովսկին թիմակիցներին։ 
— Ֆուտբոլային խորհուրդներ էր տալիս, նույնիսկ կյանքի դասեր էր տալիս, պարզապես հիմա դժվարանում եմ վերհիշել ու առանձնացնել կոնկրետ մեկը, նա միշտ հուշում էր մեզ, օգնում էր բոլորիս։

— Իսկ ի՞նչ եք կարծում, հեշտ կլինի փոխարինել Բերեզովսկուն։ 
— Իհարկե ոչ, քանի որ այս մարդը պաշտպանել է Հայաստանի հավաքականի դարպասը տարիներ շարունակ, ու ինչքան հիշում եմ ինձ, Ռոման միշտ հավաքականի դարպասին է եղել։ Այդ իսկ պատճառով հեշտ չի լինի նրան փոխարինել, բայց ունենք երիտասարդ դարպասապահներ, որոնք աշխատում են, ցույց են տալիս իրենց որակները։

— Հավաքականում շատ են նոր ֆուտբոլիստները։ Ինչպիսի՞ տպավորություն են նրանք թողել։
— Միայն դրական։ Աշխատում ենք միասին, փորձում ենք օգնել միմյանց։ Բոլորն էլ ցանկանում են խաղալ։ Տեսնենք՝ ինչ կստացվի։

— Ռոբերտ Արզումանյանը որոշեց ավարտել կարիերան։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ 
— Չեմ պատասխանի այս հարցին։

— Արդյո՞ք նրա որոշումը բացասական ազդեցություն կունենա թիմի վրա, թե՞ հնարավոր կլինի փոխարինել նրան։ 
— Բոլոր հարցերը փոխարինումների մասի՞ն են, արդյոք կարելի է փոխարինել ինչ-որ մեկին, թե ոչ (ծիծաղում է – խմբ.)։ Դե հավաքականում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, այնպես որ կարծում եմ, որ մի բան կանենք։ Աշխատելու ենք, որ ամեն ինչ լավ լինի։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ