Արսեն Բեգլարյան. ՀՀ հավաքականի 14-րդ դարպասապահը

Բելառուսի հավաքականի հետ ընկերական մրցախաղում Ռոման Բերեզովսկուց ֆուտբոլային էստաֆետն ընդունած «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Հայաստանի ընտրանու կազմում նորամուտը նշած ֆուտբոլիստներից մեկն էր: Նա դարձավ ազգային հավաքականի դարպասը պաշտպանած 14-րդ դարպասապահը: Խաղի օրը նա 23 տարեկան 36 օրական էր:

Իսկ Ռոման Բերեզովսկին երկարաձգեց հավաքականում իր երկարակեցության ռեկորդը: Ազգային հավաքականում նա իր վերջին՝  94-րդ հանդիպումն անցկացրեց 41 տարեկան 233 օրականում:

ՀՀ հավաքականում հանդես եկած դարպասապահներից ամենաերիտասարդը կամերունցի Ապուլա Բետեն էր: Նա հավաքականում իր անդրանիկ հանդիպումն անցկացրել է 17 տարեկան 247 օրականում` 2004թ. փետրվարի 19-ին Կիպրոսում Ղազախստանի հավաքականի հետ կայացած մրցավեճում: 3:3 հաշվի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան 87-րդ րոպեին նրան խաղադաշտ դուրս բերեց Արմեն Համբարձումյանի փոխարեն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում մեր հավաքականը մրցակցին զիջեց 2:3 հաշվով:

Կրասնոդարում ծնված Արսեն Բեգլարյանը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է 2012թ. Կապանի «Գանձասարում», այնուհետև պաշտպանել է Գյումրիի «Շիրակի» (միայն եվրոգավաթի խաղում) և «Ուլիսի» դարպասները: Ընթացիկ առաջնությունում Բեգլարյանը «Միկայի» դարպասի պահապանն է և անցկացրած 18 հանդիպումներից 6-ում դարպասն անառիկ է պահել:

2013-2014թթ. նա 7 անգամ պաշտպանել է Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասը՝ բաց թողնելով 11 գոլ:

Արսեն Բեգլարյանն ազգային հավաքականում նորամուտի խաղում դարպասն անառիկ պահեց: Նախկինում ազգային հավաքականում իրենց նորամուտի խաղում գոլ բաց չեն թողել Հարություն Աբրահամյանը, Ռոման Բերեզովսկին, Արմեն Համբարձումյանը, Ապուլա Բետեն, Գևորգ Կասպարովը և Ֆելիքս Հակոբյանը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասն առաջինը պաշտպանելու պատվին արժանացել է Հարություն Աբրահամյանը: Հենց նրան է վստահվել դարպասի պաշտպանությունը 1992թ. հոկտեմբերի 14-ին Մոլդովայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում հաշիվը չբացվեց:

Ներկայացնում ենք ՀՀ ազգային հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահների ցուցանիշները:

 

 

Դարպասապահներ                         Խաղ Գոլ Միջին Անառիկ Մրցաշրջան
1. ՌոմանԲերեզովսկի 94 155 1,64 21 1996-2016
2.Գևորգ Կասպարով 29 38 1,31 9 2005-2009,2011-2015
3. Հարություն Աբրահամյան 26 42 1,61 6 1992-2001
4.  Արմեն Համբարձումյան 8 15 1,87 2 2002-2004
5. Արմեն Պետրոսյան 7 9 1,28 1 1994-1996
6. Ապուլա Բետե 6 7 1,16 3 2004-2005
7.  Մայիս Ազիզյան 4 6 1,5 1 2007-2008
8. Արմեն Ավագյան 3 16 5,53 1997
9.Ստեփան Ղազարյան 2 4 2 2010
10.   Ֆելիքս Հակոբյան 1 1 2007
11.   Արսեն Բեգլարյան 1 1 2016
12.  Արսեն Պետրոսյան 1 2 2 2011
13՚ Գրիգոր Մելիքսեթյան 1 2 2 2012
14.  Կարեն Իսրայելյան 1 3 3 2011

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ