Արսեն Բեգլարյան. «Այսօր մեր բախտը ուղղակի չբերեց»

Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց Ռումինիայի ընտրանուց:Խաղից հետո դարպասպահ Արսեն Բեգլարյանը պատասխանեց VivaroNews.am-ի լրագրողի հարցերին:

-Ընդունած գոլը, Մալաքյանի հեռացումը, անդրադարձա՞ն խաղի ելքի վրա:

-Իհարկե, դա մեր ծրագրերի մեջ չէր մտնում, բայց ամեն դեպքում ինչ եղավ՝ եղավ:

-Ի՞նչ դասեր քաղեցիք այսօրվա խաղից:

-Պետք է ավելի զգուշավոր լինել, ավելի կարգապահ, մենք սխալներ թույլ տվեցինք, այդ թվում՝ ես, ու դա այսօր որոշիչ դարձավ:

-Հայաստանի հավաքականի մի քանի օրից արտագնա հանդիպում է անցկացնելու Լեհաստանի ընտրանու դեմ: Կկարողանա՞ք հաղթահարել այսօրվա պարտությունը և ավելի լավ ֆուտբոլ ցույց տալ:

-Եթե այսօրվա խաղը մեր վրա ազդեցություն ունենա, դա կնշանակի, որ մենք պրոֆեսիոնալներ չենք: Մենք պետք է մոռանանք այս խաղը, քանի որ ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ: Պետք է Լեհաստանում խաղադաշտ դուրս գանք առանց այս խաղի մասին մտածելու: Մենք կզգանք Գոռ Մալաքյանի պակասը, և նրա բացակայությունը կարող է ազդել մեր խաղի վրա, որովհետև նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը այլևս Հայաստանի հավաքականում հանդես չեն գալիս: Ըստ Ձեզ՝ եթե նրանք այսօր Ձեր հետ լինեին խաղադաշտում, հնարավո՞ր կլիներ փոխել խաղի ընթացքը:

-Ես չեմ սիրում խոսել ենթադրական ոճով: Այսօր խաղաց այս թիմը, արեցինք այն, ինչ կարողացանք: Կարող եմ ասել, որ մենք ամեն օր տքնաջան աշխատում ենք: Լինում են օրեր, երբ ոչինչ չի ստացվում քո մոտ, դժբախտաբար մենք այսպիսի օրեր շատ հաճախ ենք ունենում: Բայց ի վերջո մենք տքնաջան աշխատանքի շնորհիվ կհասնենք նրանք, որ մարզական բախտը ասվածը լինի մեր կողմից: Այսօր մեր բախտը ուղղակի չբերեց:

Հայաստանի ընտրանին ի՞նչ շանսեր ունի այս խմբից դուրս գալու համար:

-Իհարկե, այսպիսի պարտություն կրելը ծանր է մեզ համար: Դեռ մի քան խաղ կա, և ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ: Ոչինչ դեռ կորած չէ, և մեր շանսերը ես լավ եմ գնահատում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ