Արոնյանն ու Մկրտչյանը կրկին հաշտություն կնքեցին մրցակիցների հետ

Շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության 6-րդ տուրում ադրբեջանական «Օդլար Յուրդուի» հետ մրցախաղում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև ընդհանուր մրցախաղում:

Միավորի այդ կորուստը կարող է թանկ արժենալ «Պադովային» մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Ավարտական տուրից առաջ «Պադովան» 9 միավորով 6-րդ տեղում է: Առաջատարն «Ալկալոիդն» է, որը վաստակել է 11 միավոր: 4 թիմեր 10-ական միավորով հետապնդում են առաջատարին: 7-րդ տուրում «Պադովան» կմրցի 9 միավոր ունեցող «Աշդոդի» հետ:

Լիլիթ Մկրտչյանին ոչ մի կերպ չի հաջողվում մրցաշարում առաջին հաղթանակը տոնել: Նա արդեն իր օգտին 4-րդ ոչ-ոքին գրանցեց: Լիլիթի մրցակցուհին մոսկովյան SHSM թիմի ներկայացուցիչ Եկատերինա Կովալևսկայան էր: «Յուգրան» հաղթեց 3:1 հաշվով և 8 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Նույնքան միավոր ունեն ևս 3 թիմեր: Ավարտական տուրում «Յուգրայի» մրցակիցը կլինի 8 միավոր վաստակած Կազանի «Լադյան»:

Իսկ չեմպիոնն արդեն հայտնի է: 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակը» 12 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար: 9 միավորով 2-րդ տեղում Բաթումի ՆՈՆԱ-ն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ