Արոնյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունը:  5-րդ տուրում Լևոն Արոնյանը «Պադովայի» կազմում մասնակցեց ռումինական «ԱԵՄ Լիխտենի» հետ մրցախաղին: 2-րդ խաղատախտակի վրա հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց Միրչեյա-Էմիլիան Պարլիգրասի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև թիմերի առաջատարներ Մաքսիմ-Վաշիե Լագրավի և Կոնստանտին Լուպուլեսկուի մրցավեճում:

Իսկ ահա «Պադովայի» կազմում 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա հանդես եկած Բորիս Գելֆանդն ու Պետեր Լեկոն հաղթանակներ տարան՝ ապահովելով թիմի հաջողությունը: Էթիեն Բաքրոն հաշտություն կնքեց Միհայ-Լուչիան Գրունբերգի հետ: Իսկ ամենավերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Դանիիլ Դվիրնին ու Ռադու-Քրիստիան Տոման: Այն ավարտվեց 149-րդ քայլին իտալացի Դվիրնիի հաղթանակով: «Պադովան»  4,5:1,5 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: 8 միավոր ունեն ևս 7 թիմեր:

5-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորեց «Ալկալոիդը», որը 3,5:2,5 հաշվով հաղթեց «Մեդնի Վսադնիկին»: 9 միավորով 2-րդ տեղում է «Սիբիրը», որը նույնպիսի հաշվով առավելության հասավ «Աշդոդի» նկատմամբ: 6-րդ տուրում  «Պադովան» կմրցի «Օդլար Յուրդուի» հետ, որը ևս 8 միավոր ունի:

Կանանց մրցաշարում «Յուգրան» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝  1,5:2,5 հաշվով զիջելով Բաթումի ՆՈՆԱ թիմին: 3-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանն առաջինն ավարտեց իր մրցախաղը վրացի Բելա Խոթենաշվիլու հետ: Լիլիթն արդեն 3-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իրենց պարտիաները խաղաղությամբ ավարտեցին նաև Աննա Ուշենինան ու Նատալյա Պոգոնինան:

Մրցակցության ելքը վճռվեց  4-րդ խաղատախտակի վրա: Սալոմե Մելիան հաղթելով Մարինա Նեչաևային, հաղթանակ պարգևեց իր թիմին: ՆՈՆԱ-ն վաստակեց 7 միավոր՝ շրջանցելով 6 միավոր ունեցող «Յուգրային», որը 3-րդ տեղում է: 6 միավոր են վաստակել ևս 5 թիմեր: 6-րդ տուրում «Յուգրան» կմրցի մոսկովյան SHSM թիմի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ