Արկադի Անդրեասյան. «Մեր ջանքերն արժանի գնահատականի արժանացան։ Դա ամենակարևորն է»

1973 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանի «Արարատը» կարողացավ նվաճել ԽՍՀՄ գավաթը՝ կերտելով հայկական ֆուտբոլի տարեգրության ոսկետառ էջերից մեկը։ Այդ օրվանից 43 տարի անց լեգենդար այդ թիմի մի շարք անդամներ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացեցին իրենց նվիրված արձանախումբը, որը դեռ շատ սերունդների կհիշեցնի փառապանծ թիմի հոյակապ հաղթանակների մասին։

«Ոսկե Արարատի» խաղացող Արկադի Անդրիասյանը, որը այսօր էլ է աշխատում հանուն ակումբի բարօրության՝ հանդիսանալով «Արարատի» ներկայիս գլխավոր մարզիչը, միջոցառման ժամանակ պատասխանեց «Վիվառո Նյուզի» լրագրողի հարցերին։

– Այսօր բացվեց լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը՝ Ձեր թիմակիցներից շատերի ներկայությամբ։ Ի՞նչ նշանակություն ունի այս օրը Ձեզ համար։

– Այդ թիմն իրավամբ լեգենդար էր։ Այսօրվա օրը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ արդեն կա մի վայր, որը գնահատականն է մեր աշխատանքի, մեր ֆուտբոլի, որը մարդկանց էր երջանկացնում, ու շատ հաճելի է, որ մեր ջանքերը արժանի գնահատականի արժանացան։ Դա ամենակարևորն է։

– Այսօր այստեղ էին ձեր լեգենդար թիմի մի շարք ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին մի ամբողջ ազգի կուռքն էին հանդիսանում։ Մարդիկ այսօր էլ հաճախ են համեմատում Հայաստանի հավաքականը այն օրերի «Արարատի» հետ։ Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում այսօր հայկական ֆուտբոլին, որ կրկնվեն այն հաջողությունները, որոնք գրանցվել են խորհրդային տարիներին։

– Այս հարցին դժվար է կարճ պատասխան տալ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամեն մի մարդ պետք է ձգտում ունենա, որ իր հետևից բարի անուն թողնի, ու երբ բոլորի մոտ կլինի այդ ձգտումը, հնարավոր կլինի կրկնել այն հաջողությունները, որոնք մենք ենք ժամանակին հասել։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում բոլորը սա կհասկանան, ու մեր երկրպագուները նորից կկարողանան ուրախանալ հաջողություններով։

– Դուք վերադարձաք «Արարատ»՝ թիմին «վերակենդանացնելու» ու նորից Հայաստանի ուժեղագույն ակումբներից մեկը դարձնելու։ Ըստ Ձեզ, ինչքանով է իրատեսական «Արարատին» լավագույնների թվում տեսնելը, և ինքա՞ն ժամանակ կպահանջվի, մինչև ակումբը կվերականգնի իր նախկին կարգավիճակը։

– Կարծում եմ՝ պրոցեսն արդեն սկսվել է, ու մեր գործը շարունակություն կստանա։ Ակումբի ներկայիս սեփականատերերը արդեն հասկացել են, որ այստեղ պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել, պրոֆեսիոնալիզմ ու խստապահանջություն դրսևորել։ Կարծում եմ՝ երկու-երեք տարի անց մենք կկարողանանք ուժեղ թիմ ունենալ։

– Այս տարի «Արարատը» իր խաղերն անցկացնում է «Հանրապետական» մարզադաշտում, այլ ոչ թե «Հրազդանում», որը տասնամյակներ շարունակ եղել է թիմի տունը։ Արդյո՞ք հնարավորություն կա, որ մոտ ապագայում թիմը նորից կվերադառնա «Հրազդան»։

– Սա մի քիչ բարդ հարց է, որին դժվար է պատասխանել։ Մեզ համար հիմա ամենակարևորը լավ թիմ ստեղծելն է։ Ունենք լավ մարզաբազա, մարզումային պրոցեսը լավ է ընթանում, ու մենք պետք է որակյալ ու երիտասարդ թիմ հավաքենք, որ մեծ նպատակների համար պայքարենք։

Հարցազրույցը՝ Գևորգ Լոռեցյանի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ