Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Շնորհավորում եմ «Շիրակին»: Գիտակցում էինք, որ Գյումրիում բարդ հանդիպում է լինելու: Մեկ ամսում երկրորդ անգամ խաղացինք այստեղ: Առաջին խաղակեսում ճնշումը մեծ էր մրցակցի կողմից, նրանք ունեցան գոլային պահեր, իսկ մենք եթե գրոհներին ճիշտ ուղղություն տայինք, նույնպես ավելի սուր կլինեինք: Ամեն դեպքում, Հովհաննես Իլանգյոզյանն ունեցավ իր պահը, երբ լավ չկասեցրեց գնդակը, այլապես մեն-մենակ կմնար դարպասապահի դիմաց:

«Շիրակն» ակտիվ սկսեց երկրորդ կեսը, ինչը հաշիվն էր թելադրում: Մենք երկու գոլային պահ ունեցանք, որոնք ստեղծեցին Վահագն Այվազյանն ու Նորայր Գյոզալյանը: Եթե դրանք օգտագործեինք, խաղը լրիվ այլ ընթացք կունենար: Գոլի դրվագում հիանալի խաղաց Արամ Հայրապետյանը, պարզապես նրա՝ գնդակը հետ մղելուց հետո ճիշտ չարձագանքեցինք: Տղաներն այսօր խաղացին մեծ նվիրումով:

«Արարատի» հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում 6 փոփոխություն էիք կատարել: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

-Դա լավ կյանից չէ: Բազմաթիվ վնասվածքներ ունենք, կան խաղացողներ, ովքեր արդեն պետք է ապաքինվեն: Որպես մարզչի՝ ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Նրանցից 4-5-ը փորձառու տղաներ են, ովքեր շատ մեծ օգուտ կտային: Բայց մենք չենք ընկճվում: Այսօր մեկնարկային կազմում էին 19-20 տարեկան 4-5 ֆուտբոլիստներ: Հաշվի առնելով նրանց խաղային փորձը՝ նրանք այսօր բավական լավ հանդես եկան:

Իսկ վնասվածք ունեցող խաղացողները շարք կվերադառնա՞ն մինչ այս մրցաշրջանի ավարտը: 

-Կան ֆուտբոլիստներ, որ թե դժվար թե վերադառնան, բայց կան նաև խաղացողներ, ովքեր գուցե կարողանան օգտակար լինել վերջին խաղերում: Օրինակ՝ Նենադ Ինյացը փոքր վնասվածք ուներ, որոշեցինք ռիսկի չդիմել, որպեսզի չխորանա վնասվածքը:

Այսօր ամբողջ խաղի ընթացքում հաջողությամբ պաշտպանվեցիք, բայց խաղավերջում գոլ բաց թողեցիք: Դրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Եթե նայենք «Շիրակի» ելույթներին այս առաջնությունում, ապա այդ թիմը շատ թիմերի է հաղթել 1-0 հաշվով: Կրկնում եմ՝ մենք նոր թիմ ենք, ամեն ինչ պետք է կառուցենք պաշտպանությունից: Վերջին խաղերում թիմային պաշտպանությունից գոհ եմ: 4 խաղերից 2-ում անառիկ ենք պահել սեփական դարպասը: Այդ առումով առաջընթաց կա, բայց միայն պաշտպանությունով շատ բարդ է: Մյուս բաների համար էլ ժամանակ է պետք, մեկ ամիսը շատ քիչ է: Մանավանդ, որ անընդհատ ստիպված ենք փոփոխել կազմը:

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ