Արամ Ոսկանյան. «Չկարողացանք արագ գոլ խփել, ու մեր ծրագիրը ձախողվեց»

Մ19 Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Շվեյցարիայից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Արամ Ոսկանյանը խոսեց խաղի մասին.

– Լավ ուսումնասիրել էինք Շվեյցարիայի հավաքականին ու հասկանում էինք, որ այս մակարդակի թիմի դեմ շատ գոլային պահեր չէինք կարող ստեղծել: Մեր ծրագիրն էր արագ գոլ խփել ու սպասել, որ մրցակիցը առաջ շարժվի և բաց տարածություններ թողնի խաղադաշտում: Ունեցանք պահեր, բայց գոլ չխփեցինք, ինչից որ վախենում էինք, եղավ` նրանք գոլ խփեցին ստանդարտ իրավիճակից: Ցավոք, մեր հիվանդություններից մեկն է կենտրոնացման պակասը, ու երկու գոլ բաց թողեցինք: Ունեցանք հաշիվը կրճատելու հնարավորություն խաղակեսի վերջում, բայց կրկին չիրացրեցինք: Այսպիսի մակարդակի թիմերի դեմ բոլոր պահերը պետք է օգտագործել:

– Ինչու մեկնարկային կազմում չէին ընդգրկվել Վահան Բիչախչյանն ու Էդգար Մովսեսյանը, ովքեր շատ ակտիվ էին երկրորդ կեսում:

– Հենց դրա համար էինք պահել նրանց: Մի քանի ստուգողական խաղերում փորձարկել էինք, ու նրանք խաղասկզբում դաշտ մտնելիս այն օգուտը չէին տալիս, ինչ փոխարինման դուրս գալիս: Առաջին կեսում 3 կենտրոնական պաշտպանով էինք խաղում, երկրորդ կեսում փոխվեցինք 4 պաշտպանի և նրանց խաղալու հնարավորություն տվեցինք: Բայց չէի ասի, որ նրանք իրենց հնարավորությունների չափով խաղացին, ավելի թույլ խաղացին:

– Ինչ եք ակնկալում առաջիկա երկու հանդիպումներից:

– Իտալիայի հավաքականը խաղում է կլասիկ իտալական ֆուտբոլ, ու նրանց համար հատուկ մարտավարություն ենք մշակելու: Անհատական որակներով մենք զիջում ենք, դրա համար պետք է կոլեկտիվ խաղ խաղանք: Կարծում եմ` պետք է հակագրոհներով խաղանք, քանի որ այս պահին մենք չենք կարող առաջին համարով հանդես գալ: Իսկ Հունգարիայի հավաքականը մակարդակով շատ քիչ է տարբերվում մյուս մրցակիցներից: Ընդհանրապես, մեր ազգի մոտ միշտ թյուր կարծիք կա, որ եվրոպացիներն ինչ-որ այլմոլորակայիններ են: Իհարկե, այլ դպրոց են անցել, բայց նրանք շատ չեն տարբերվում մեզնից:

– Դարպասապահը անվստահ էր գործում, արդյոք պլանավորում եք փոփոխություն կատարել:

– Ոչ: Ճիշտ եք, անվստահություն կար Նիկոլաո Մելիքյանի գործողություններում, բայց նա շատ մեծ պոտենցիալ ունեցող դարպասապահ է ու նրան մեծ ապագա է սպասվում: Հաշվի առնենք, որ նա ընդամենը 17 տարեկան է: Մենք պետք է վստահենք նրան, խրախուսենք, որպեսզի վստահություն ձեռք բերի: Նա սխալվեց միայն 3-րդ գնդակի դրվագում, իսկ մնացած դեպքերում նա մեղք չուներ: Բացի այդ, շատ լավ խաղում է գնդակով: Հաջորդ խաղում նա է խաղալու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ