Առաջնության մրցանակակիրներին կանվանի ավարտական տուրը

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 12-րդ տուրը կարող էր անվանել ոչ միայն բարձրագույն խմբի 3 ուղեգրերի տերերին, այլև մրցաշարի հաղթողին: Սակայն իրադարձություններն այնպես ընթացան, որ ինտրիգը պահպանվեց և հիմնական հարցերի պատասխանը կտրվի ավարտական տուրում:

Ուղեգրերի համար պայքարում կարևոր նշանակություն ուներ Տիգրան Հարությունյանի և Մանուել Պետրոսյանի մրցախաղը: Սակայն մրցակիցները որոշեցին ռիսկի չդիմել և կատարելով ընդամենը 9 քայլ, հաշտություն կնքեցին: Տիգրան Հարությունյանը վաստակեց 8,5 միավոր, Մանուել Պետրոսյանի օգտին գրանցվեց 7,5 միավոր:

Նման իրավիճակում դեռևս նախորդ տուրում բարձրագույն խմբի ուղեգիրն իր համար ապահոված Հայկ Մարտիրոսյանը կարող էր ժամկետից շուտ դառնալ նաև առաջնության հաղթող: Դրա համար նրան անհրաժեշտ էր հաղթել գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին: Սակայն պատանի շախմատիստը զիջեց մրցակցին՝ կրելով մրցաշարում 2-րդ պարտությունը: Հայկը 9 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ Հայրապետյանը 7 միավորով հնարավորություն է պահպանում տիրելու ուղեգրերից մեկին:

Այսպիսով, 13-րդ տուրից առաջ չեմպիոնի տիտղոսին հավակնում են Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Հայկը սպիտակներով կմրցի Դավիթ Քալաշյանի հետ, իսկ Տիգրանը սևերով կխաղա Նորայր Թորոսյանի հետ:

Ուղեգրերին հավակնող շախմատիստներին միացավ նաև Արման Միքայելյանը, ով հաղթելով Արամ Հակոբյանին, վաստակեց 7,5 միավոր: Իսկ ահա 6 միավոր ունեցող Հակոբյանը զրկվեց ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Մյուս պարտիաներում գրանցված արդյունքներն արդեն էական նշանակություն չունեին ուղեգրերի համար մղվող պայքարում: Լևոն Բաբուջյանը հաղթեց Արմենակ Եղիազարյանին, Դավիթ Շահինյանը պարտության մատնեց Նորայր Թորոսյանին, Դավիթ Քալաշյանն էլ առավելության հասավ Շանթ Սարգսյանի նկատմամբ:

Կարեն Հովհաննիսյանը հերթական պարտությունը կրելով Ռաֆայել Բակունցի հետ մրցախաղում, անկախ ավարտական տուրից, առաջնությունը կավարտի վերջին՝  14-րդ տեղում: Նա ընդամենը 1,5 միավոր ունի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ