Առաջին պարտությունը չազդեց Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը: Նրա 7 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատեց Արման Միքայելյանը, ով ստիպեց պատանի շախմատիստին 46-րդ քայլին հանձնվել:

Մրցաշարում կրած առաջին պարտությունը չազդեց Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա: Նա 7,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն նրան հետապնդողները կրճատեցին միավորների տարբերությունն առաջատարից:

Տիգրան Հարությունյանը պարտության մատնելով Արմենակ Եղիազարյանին, վաստակեց 7 միավոր: Հովիկ Հայրապետյանն էլ ոչ-ոքի խաղալով Նորայր Թորոսյանի հետ, 6 միավորով մոտեցավ առաջատարին: 5,5 միավոր ունի Արամ Հակոբյանը, ով առավելության հասավ մրցաշարում անհաջող հանդես եկող գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի նկատմամբ: Վերջինս 2,5 միավորով Շանթ Սարգսյանի հետ բաժանում է 12-13-րդ տեղերը: Շանթը պարտվեց Ռաֆայել Բակունցին, ով վաստակեց 4,5 միավոր:

Վերջինն ավարտվեց Մանուել Պետրոսյանի և Դավիթ Քալաշյանի պարտիան, որում մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի այս տարվա չեմպիոնը հաղթանակ տոնեց 90-րդ քայլին: Մանուելը 5,5 միավորով տեղափոխվեց 4-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը շարունակում է եզրափակել Կարեն Հովհաննիսյանը, ով հաշտություն կնքելով Դավիթ Շահինյանի հետ, վաստակեց 1,5 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ