Անդոնյան. «Հայաստանն ակնհայտ ընտրություն էր»

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը զրուցել է Fifa.com-ի հետ, որի ընթացքում պատմել է հավաքականի ընտրության, իր նորամուտի և այլ տպավորիչ պահերի մասին:

«Դա մեծ անակնկալ էր: Գիշերվա ժամը 2-3-ն էր, շաբաթվա կեսը: Ես չէի սպասում այնտեղ ոչ մեկի, առավելագույնը՝ 1-2 տեղական լրագրողներ: Նման ընդունելությունը մեծ անակնկալ էր ինձ համար, որովհետև ես հայտնի անուն չէի»,-նշում է Անդոնյանը:

Նման ընդունելությունը հասկանալի կլիներ, եթե համաշխարհային մակարդակի աստղ ժամաներ: Սակայն, հյուրն ընդամենը 20-ամյա տղա էր՝ ընդամենը մի քանի րոպե պրոֆեսիոնալ ելույթների փորձով, մեկնաբանում է Fifa.com-ը:

«Երբ դու ժամանում ես օդանավակայան ու տեսնում այդքան մարդ՝ տեսախցիկներով ու դրոշներով, դա իրոք տաքացնում է սիրտդ: Դա նաև որոշակի ճնշում է ավելացնում, քանի որ դու պետք է արդարացնես նրանց վստահությունը»,-նշում է Անդոնյանը:

«Ես երկար չեմ մտածել: Ես թույլ եմ տվել իմ սրտին որոշում կայացնել: Ես 100 տոկոսով հայ եմ, և վաղ տարիքից շփվել եմ այդ մշակույթի հետ: Իմ պապն ու տատն այնտեղից են, նրանց տանը ես հայկական կերակուրներ եմ համտեսել, ծանոթացել եմ մշակույթի հետ, մի քիչ էլ խոսել այդ լեզվով: Սակայն ես ծանոթ չէի երկրին, ու ես դարձա իմ ընտանիքի առաջին անդամը, ով վերադառնում է հայրենիք այն լքելուց հետո:

Երբ վերադարձա հավաքականից, դա ինձ ինքնավստահություն հաղորդեց: Երբ խաղում եմ բարձր մակարդակի հակառակորդի դեմ, ինձ մոտ ավելի լավ է ստացվում: Ես դաշտ եմ դուրս եկել Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Սերբիայի դեմ, ու երբ նման ֆուտբոլիստների դեմ լավ ես հանդես գալիս, դա քեզ վստահություն է հաղորդում:

Ամեն ինչ տարբեր է՝ մարզադաշտը, երկրպագուները, հակառակորդի մակարդակը և խաղի տեմպը: Երբեմն, խաղից առաջ, ես կանգ եմ առնում ու ինքս ինձ ասում, որ ես Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնից գնում եմ դիմակայելու խաղացողների, որոնք մասնակցել են Աշխարհի առաջնությանը, հաղթել Չեմպիոնների լիգան կամ Ոսկե գնդակը: Երբ ես թունելում տեսա Կրիշտիանու Ռոնալդուին, տարօրինակ զգացողություն ունեցա մինչև դաշտ դուրս գալը: Բայց հենց սուլիչը հնչեց, ինձ համար արդեն միևնույն էր, թե ում դեմ եմ դուրս գալու:

Մենք պետք է ավելի միասնական լինենք որպես թիմ, ավելի լավ ճանաչենք միմյանց: Մենք երիտասարդ թիմ ենք, ու մեզ պակասում է այն տակտիկական հոտառությունը, որ պետք է այս մակարդակի համար: Բայց մեր խումբն էլ մյուսների համեմատ բավականաչափ բաց է»,-ասել է Անդոնյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ