Անատոլի Այվազովը գերազանցեց Կարեն Բաբայանի 19 տարվա վաղեմության տարիքային ռեկորդը

Առաջնության 16-րդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում դարպասն անառիկ պահելով, Անատոլի Այվազովը ոչ միայն նպաստեց մրցակցի նկատմամբ «Շիրակի» անչափ կարևոր հաղթանակ տոնելուն, այլև տարիքային նոր ռեկորդ սահմանեց: «Շիրակի» 20-ամյա դարպասապահն այս տարի անցկացրած առաջնության հանդիպումներում 11-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և գերազանցեց նախկին փյունիկցի Կարեն Բաբայանի 19 տարվա վաղեմության տարիքային ռեկորդը, ով այդ տարիքում հանդես եկած դարպասապահներից բոլորից շատ՝ 10 խաղում գոլ բաց չէր թողել:

Այվազովի ռեկորդային արդյունքն իր մեջ ներառում է 2015/16թթ. առաջնության գարնանային հատվածում «Փյունիկի» կազմում անառիկ պահած 3 խաղերը և ընթացիկ առաջնությունում «Շիրակում» անցկացրած 8 «չոր» խաղերը:

Անատոլի Այվազովը տարիքային ռեկորդի հեղինակ դարձած «Շիրակի» 3-րդ դարպասապահն է: Տարիքային երկու ռեկորդ է (24 և 29 տարեկանների) սահմանել «Շիրակի» դարպասապահների ներկայիս մարզիչ Արթուր Հովհաննիսյանը: Ընդ որում 1992թ. առաջնությունում 24 տարեկանում նրա ցույց տված արդյունքը (30 խաղերից 21-ում դարպասն անառիկ էր պահել) հայկական ֆուտբոլում բացարձակ ռեկորդ է:

«Շիրակի» մյուս դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն էլ տարիքային ռեկորդ է սահմանել 31 տարեկանում՝ 22 հանդիպումներից 14-ում դարպասը պահելով անառիկ: Հետագայում նրա ռեկորդը կրկնել է ուլիսցի Վլադիմիր Մալկովը:

Տարիքային ռեկորդների քանակով լավագույնը ՀՀ հավաքականի և հայկական մի քանի թիմերի դարպասը պաշտպանած Հարություն Աբրահամյանն է: Ներկայումս նրան են պատկանում 23, 30 և 32 տարեկանների ռեկորդները: Տարիքային 2-ական ռեկորդների հեղինակ են Արթուր Հովհաննիսյանը, Գարեգին Նաջարյանը, Արմեն Ավագյանը, Ապուլա Բետեն, Լևան Բուբուտեիշվիլին և Արսեն Բեգլարյանը:

Սովորաբար դարպասապահները կայուն խաղով ու վարպետությամբ աչքի են ընկնում ավելի հասուն տարիքում: Սակայն 20-ամյա Անատոլի Այվազովն արդեն երիտասարդ տարիքում աչքի է ընկնում փորձառու դարպասապահներին բնորոշ հատկանիշներով:

Անատոլի Այվազովը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում»՝ նորամուտը նշելով 2014թ. սեպտեմբերի 13-ին «Արարատի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում: Նորամուտը հաջող ստացվեց: 18-ամյա դարպասապահը դարպասն անառիկ պահեց, իսկ նրա թիմակիցները 4 գոլ խփեցին: «Փյունիկի» նորեկը մինչև առաջնության ավարտն առանց փոխարինման պաշտպանեց թիմի դարպասը՝ անցկացրած 24 հանդիպումներում բաց թողնելով նույնքան գնդակ: Այդ խաղերից 10-ում նա դարպասն անառիկ պահեց:

«Փյունիկի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանը շատ հաջող էր Այվազովի համար, ով թիմակիցների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Հաջորդ մրցաշրջանում Այվազովը «Փյունիկում» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր և առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 12 խաղում բաց թողնելով 11 գնդակ, 4 անգամ դարպասը պահելով անառիկ:

Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելով «Շիրակ», Անատոլի Այվազովը հուսալիորեն է պաշտպանում գյումրեցիների դարպասը: Ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 հանդիպումներում նա ընդամենը 8 գոլ է բաց թողել, ինչը կազմում է միջինը 0,53 գոլ մեկ խաղում: Ընդհանուր առմամբ Այվազովը բարձրագույն խմբում «Փյունիկի» և «Շիրակի» դարպասները պաշտպանելիս 51 հանդիպումներում 43 գոլ է բաց թողել (միջինը՝  0,84 գոլ մեկ խաղում): Այդ խաղերից 22-ում Այվազովը դարպասն անառիկ է պահել:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները (փակագծում նշված է առաջնությունում անցկացրած խաղերի քանակը):

Տարիք Դարպասապահ Ակումբ Անառիկ Թվական
16   Հայկ Դանիելյան «Բանանց» 4(6) 1993
17 Ապուլա Բետե «Փյունիկ» 12(21) 2003
18 Ապուլա Բետե «Փյունիկ» 8(23) 2004
19 Արսեն Բեգլարյան «Գանձասար» 9(18) 2012
20 Անատոլի Այվազով «Փյունիկ», «Շիրակ» 11(22) 2016
21 Արսեն Բեգլարյան «Գանձասար», «Ուլիս» 10(27) 2014
22 Գրիգոր Մելիքսեթյան «Փյունիկ» 14(29) 2008
23 Հարություն Աբրահամյան «Արարատ» 13(23) 1992
24 Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 21(30) 1992
25 Լևան Բուբուտեիշվիլի «Գանձասար» 13(27) 2008
26

 

Գարեգին Նաջարյան

Արթուր Լեսկո

«Բանանց»

«Փյունիկ»

14(34)

14(25)

1992

2010

27 Գարեգին Նաջարյան «Բանանց» 14(25) 1993
28 Լևան Բուբուտեիշվիլի «Գանձասար» 17(28) 2011
29 Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 12(19) 1997
30 Հարություն Աբրահամյան «Արարատ» 17(31) 1999
31 Ռայմոնդ Զադուրյան

Վլադիմիր Մալկով

«Շիրակ»

«Ուլիս»

14(22)

14(26)

2002

2011

32 Հարություն Աբրահամյան «Արաքս» 12(20) 2001
33 Բագրատ Ստեփանյան «Քասախ» 13(33) 1992
34 Արմեն Ավագյան «Փյունիկ» 15(21) 1996
35 Գևորգ Կասպարով «Միկա», «Ալաշկերտ» 13(26) 2015
36 Էդիկ Երիցյան «Գանձասար» 11(22) 2007
37 Արմեն Ավագյան «Էրեբունի» 6(12) 1999
40 Ռոբերտ Պալյան «Կանազ» 6(14) 1992

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ