Անատոլի Այվազովը գերազանցեց Գևորգ Կասպարովի անխոցելիության ռեկորդը

Տրնավայի «Սպարտակի» հետ խաղում «Շիրակի» 20-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովը եվրոգավաթների մեկ խաղարկության ընթացքում անխոցելիության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով փորձառու Գևորգ Կասպարովի օրերս ցույց տված լավագույն արդյունքը:

Գորիի «Դիլայի» հետ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում նորամուտը նշելով «Շիրակում», երիտասարդ դարպասապահը 36-րդ րոպեին գոլ բաց թողնելով, մինչև խաղավարտ դարպասն անառիկ պահեց: Պատասխան հանդիպման 120 րոպեների ընթացքում էլ մրցակցին չհաջողվեց գրավել Այվազովի պաշտպանած դարպասը: Եվ միայն Տրնավայի «Սպարտակին» հաջողվեց խաղավարտից 3 րոպե առաջ խոցել Անատոլի Այվազովի դարպասը: Այսպիսով, Այվազովը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 260 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց՝ սահմանելով անխոցելիության նոր ռեկորդ:

35-ամյա Գևորգ Կասպարովը «Սանտա Կոլոմայի» հետ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 2 հանդիպումներում էլ անառիկ էր պահել սեփական դարպասը, իսկ Թբիլիսիի «Դինամոյի» հետ մրցավեճում առաջին գոլը բաց էր թողել 55-րդ րոպեին: Այսպիսով, Կասպարովը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 234 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: Փաստորեն, Անատոլի Այվազովը 26 րոպեով բարելավեց Կասպարովի ռեկորդային ցուցանիշը:

Նշենք, որ Կասպարովը գերազանցել էր իր նախկին ռեկորդային ցուցանիշը, որը գրանցել էր Չեմպիոնների լիգայի 2007/08թթ. խաղարկությունում՝ 223 րոպե շարունակ անառիկ պահելով «Փյունիկի» դարպասը: Այդ տարի Կասպարովը գոլ բաց չթողեց իռլանդական «Դերի Սիթիի» հետ կայացած որակավորման փուլի 2 հանդիպումներում էլ: Դոնեցկի «Շախտյորի» հետ հաջորդ փուլի առաջին խաղում ևս Կասպարովը հուսալի էր գործում:

Սակայն 44-րդ րոպեին նա ուսի ծանր վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դարպասը պահելով անառիկ: Հատկանշական է, որ նրան փոխարինած Իգնասիո Բորդադը մեկ րոպե անց ստիպված էր գնդակը հանել ցանցից:

Եթե Այվազովին հաջողվեր «Սպարտակի» հետ մրցավեճում մինչև խաղավարտ դարպասն անառիկ պահել, ապա հնարավորություն կպահպաներ պատասխան խաղում գերազանցելու նաև եվրոգավաթներում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով Գևորգ Կասպարովի անխոցելիության բացարձակ ռեկորդը: Դրա համար Այվազովին բավական կլիներ Տրնավայում անխոցելի մնալ ընդամենը 27 րոպե:

Գևորգ Կասպարովը 290 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: «Շախտյորի» հետ վերը նշված հանդիպումից հետո եվրոգավաթներում Կասպարովը հաջորդ խաղն անցկացրել է միայն 2011թ. «Միկայի» կազմում՝ նորվեգական «Վոլերենգայի» հետ մրցավեճում գոլ բաց թողնելով 68-րդ րոպեին:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է եվրոգավաթների մեկ խաղարկության ընթացքում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով 10 լավագույն ցուցանիշները:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ ՐՈՊԵ ԱԿՈՒՄԲ ՄՐՑԱՇԱՐ ԹՎԱԿԱՆ
1.Անատոլի Այվազով 260 «Շիրակ» ԵԼ 2016
2.Գևորգ Կասպարով 234 «Ալաշկերտ» ՉԼ 2016
3.Գևորգ Կասպարով 223 «Փյունիկ» ՉԼ 2007
4.Հարություն Աբրահամյան 197 «Արարատ» ԻԳ 1999
5.Ֆելիքս Հակոբյան 188 «Միկա» ՈԻԳ 2007
6.Արմեն Պետրոսյան 182 «Արարատ» ԳԳ 1995
7.Անդրանիկ Ղարագյոզյան 181 «Փյունիկ» ՉԼ 2002
8.Ապուլա Բետե 171 «Փյունիկ» ՉԼ 2003
9.Վսևոլոդ Երմակով 169 «Շիրակ» ԵԼ 2015
10.Թեմուր Գանիև 138 «Բանանց» ՈԻԳ 2005

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ