Ալբերտ Ղազարյան. «Սա էլ իմ պայքարն է հայրենիքի պատիվը պաշտպանելու գործում»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում հաղթած 57 կգ քաշային Ալբերտ Ղազարյանին և նրա մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին: Այս մասին տեղեկանում ենք սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

«Տեղեկացված եմ, որ սոցիալական ցանցերում միանշանակ չեն մեկնաբանվում հաղթանակից հետո ոգևորությանդ և ցնծությանդ դրսևորումները: Բայց կարևորն այն է, որ բոլորը միակարծիք են այդ հաղթանակի մեծ նշանակության մասին քո մարզական կենսագրության մեջ: Երկար տարիներ մարզաշխարհում լինելով՝ գիտեմ, որ այդ հաղթանակը երկար տարիների աշխատանքի և մարզումների արդյունք է: Բազմիցս կրկնել եմ, որ յուրաքանչյուրս պետք է ձգտենք մեր գործն անթերի կատարել, միայն այդպես կկարողանանք փոխհատուցել մեր հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորին նրա անձնազոհության դիմաց»,- ասել է Գ. Ղազարյանը և Ալբերտ Ղազարյանին մաղթել հետագա նոր հաղթանակներ:

«Ես անընդհատ հիշում էի մարզչիս խոսքերը, որ պարտվելու իրավունք չունեմ, որ սա էլ իմ պայքարն է մեր հայրենիքի պատիվը պաշտպանելու գործում: Հպարտ եմ, որ ինձ հաջողվեց հաղթող դուրս գալ այդ պայքարից»,- ասել է Ա. Ղազարյանը: Նրա խոսքերով՝ մենամարտի մարտահրավերն ինքը ստացել է ադրբեջանցի մարզիկից: «Ե´ս չեմ նրան ընտրել որպես մրցակից, այլ նա ինձ: Մեր թիմն ուղղակի արեց ամեն ինչ հաղթելու համար»,- նշել է մարզիկը և ավելացրել, որ այսօր էլ մեծ հպարտությամբ հայտարարում է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախում զինվորական ծառայություն անցնող բոլոր հայ մարտիկներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ