«Ալաշկերտը» համալրել են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը և 3 լեգեոներ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մամլո քարտուղարությունը հայտնում է, որ հունիսի 17-ին ակումբի հետ պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին խաղացող Արտակ Դաշյանը, ով վերջին երկու տարիներին հանդես էր գալիս Մակեդոնիայի չեմպիոն մայրաքաղաքային «Վարդարի» կազմում: Ֆուտբոլիստը հունիսի 18-ի առավոտյան կմեկնի Հանքավան և կմիանա ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր խաղընկերներին:
«Ալաշկերտ» ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել նաև սերբ Ալեքսանդար Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան և Անտոն Սավինը: 28-ամյա Տասիչը պաշտպան է, հանդես է եկել Ալբանիայի Սուպերլիգայի «Տերբունի Պուկե» թիմում: Խովբոշան 27 տարեկան է, նույնպես պաշտպան է: Նրա վերջին ակումբն Ուկրաինայի «Կրեմին Կրեմենչուկն» է: 26-ամյա կիսապաշտպան Սավինն Ուկրաինայի «Գիրնիկ-Սպորտ Կոմսոմոլսկ» թիմից է:
Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ստորագրվել են մեկ տարի ժամկետով:
«Ալաշկերտի» հանքավանյան հավաքին մասնակցում է ևս մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ՝ Մարատ Դաուդովը, ով հայ ֆուտբոլասերին հայտնի է նախորդ մրցաշրջանում «Գանձասարի» կազմում ունեցած ելույթներով: 27-ամյա կիսապաշտպանն առայժմ փորձաշրջան է անցնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ