Աբրահամ Խաշմանյան.«Երկրորդ փուլը հայկական թիմերի համար առավելագույնն է»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Ալաշկերտ» – «Դինամո Թբիլիսի» խաղից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

-«Դինամո Թբիլիսին» շատ լավ թիմ է: Պետք է իրականությունն ասել: Այսօր պատահական չէ, որ մարդիկ խաղում են Բունդեսլիգայում: Պատահական չէ, որ հավաքականի 7 ֆուտբոլիստներ ունեն, որոնք որոշակի խաղերից հետո պահեստայինների նստարանին էին, այսինքն, նրանցից էլ լավ խաղացողներ ունեին: 6 հրաշալի լեգեոներներ ունեն: Մի շատ լավ հարձակվող ունեին, որին Կիևի «Դինամոն» է ձեռք բերել: Այդ ամենը խոսում է նրանց մեծ ներուժի մասին: Եթե բյուջեին էլ նայենք, կտեսնենք որ շատ լավ թիմ է: Ունի պատմություն, ունի ենթակառուցվածքներ, ունի հզոր ակադեմիա: Մեզանից շատ տարբերվում է: Բայց մեզ համար դա երկրորդական է: Վաղը դուրս ենք գալու միակ նպատակով, դա հաղթանակն է:

-Նախորդ խաղից հետո հույսեր էիք կապում Միհրան Մանասյանի հետ, սակայն հետո տեղեկացանք, որ նա խզել է պայմանագիրն ակումբի հետ ու կարիերան շարունակելու է ԱՄԷ-ում:

-Ես էլ Ձեզ նման պատահաբար եմ իմացել: Այս հարցը բավականին մեծ արձագանք գտավ, ավելորդ մեկնաբանություններ էլ են եղել: Նախ, իմացանք, որ նա 3 խաղով որակազրկվել է: Թբիլիսիից վերադառնալուց 1 օր հետո Մանասյանը զանգեց ինձ և շնորհակալություն հայտնեց երկարատև աշխատանքի համար, սակայն առաջարկ ունի և հեռանում է: Ես հետաքրքրվեցի, նա հայտնեց որ գնում է ԱՄԷ, առաջին լիգայի ինչ-որ թիմ: Փաստորեն, ամեն ինչ ավելի շուտ էր եղել, նա հանդիպել էր ակումբի նախագահի հետ, խզել պայմանագիրը: Պրն Նավոյանը նրան հաջողություն էր մաղթել, ու ես էլ ջերմ խոսքերով ճանապարհել եմ: Ակումբը բավականին շատ բան է արել նրա համար: Նորից մաղթում եմ հաջողություն, ու ցանկանում, որ ոչ թե առաջին լիգայից հրավերներ լինեն, այլ ավելի բարձր: Իհարկե, մեկնաբանություններ եղան, թե ես կպատժեմ, բայց եթե ես պատժեմ, ֆինանսապես եմ պատժելու, որ վատ արարքը չկրկնի: Սակայն, ամեն ինչ թողել էինք ակումբի նախագահի վրա, իսկ նա այնքան բարի մարդ է, որ նույնիսկ 100 տոկոս պարգևատրում էր տվել ու ճանապարհել:

-Իսկ ֆուտբոլիստի որակազրկումից բացի նաև ակումբն էլ է տուգանվել:

-Ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով, իսկ ակումբը միանշանակ տուգանվելու է, ուղղակի պատժաչափը հայտնի կդառնա հուլիսի 21-ին:

-Արդյոք աշխատանքներ տարվում են կենտրոնական հարձակվողի ձեռքբերման ուղղությամբ, իսկ եթե այո, ապա տեղացի, թե լեգեոներ:

-Այդ գործընթացն արդեն գնում է: Ունենք մեկ հարձակվող` Գյոզալյան Նարեկը, ունենք նաև հարձակողական ոճի ֆուտբոլիստներ` Արտակ Դաշյանը, Սամվել Մելքոնյանը, հիմա Արթուր Եդիգարյանին էլ ավելի շատ օգտագործելու ենք առջևի գծում: Սակայն, կա խնդիր, որ պետք է լուծել մինչև առաջնության մեկնարկը: Գուցե լինի տեղացի ֆուտբոլիստ, եթե չէ, ապա կփորձենք արտասահմանից ունենալ մեկ մաքուր հարձակվող: Գործընթացը սկսվել է:

-Ինչ թույլ կողմեր կնշեք մրցակցից, որոնք կարող են օգնել «Ալաշկերտին» հաջողության հասնել:

-Խաղն անձամբ դիտել եմ երեք անգամ, մեկ անգամ էլ դիտել եմ ֆուտբոլիստների հետ, նրանց չի կարելի ծանրաբեռնել: Բավականին լավ վերլուծություն ենք արել, կանգնել ենք մեր սխալների վրա, հակառակորդի ուժեղ և թույլ կողմերն ենք վերլուծել, թե անհատական ֆուտբոլիստների, թե թիմային խաղի: «Դինամոն» բավականին լավ թիմ է, լավ ֆուտբոլիստներ ունի: Բայց ամենակարևորը, նրանք տարբերվում են ավանդական վրացական թիմերից, որոնց մոտ անհատական խաղը գերակշռում է, և թիմային շատ լավ ֆուտբոլ են խաղում:

-Նշել էիք, որ «Ալաշկերտը» ցանկանում եք դարձնել Հայաստանի ամենաէլիտար ակումբը, ինչ չափանիշներ են մտնում դրա մեջ:

-Բոլոր գործոնները պետք է նույն մակարդակի վրա լինեն, և առաջին հերթին` բյուջեն: Լավ ակումբ ունենալու համար պետք է լավ բյուջե: Պետք է հրավիրվեն ոչ թե միջին մակարդակի լեգեոներներ դիրքային խնդիրներ լուծելու համար, այլ բարձր մակարդակի լեգեոներներ: Այս ամենը բազմիցս քննարկել ենք նախագահի հետ: Ցանկանում ենք, որ այս աշխատանքները շարունակական լինեն, այլ ոչ թե կանգնեն մի կետի վրա: Իսկ էլիտար ակումբ, նշանակում է և լավ որակ, և տիտղոսներ, տիտղոսներ, տիտղոսներ…:

-Բայց արդյոք դա հնարավոր է անել Հայաստանում, որտեղ այսքան քիչ ակումբներ կան, ու հնարավոր են լճացումներ:

-Համաձայն եմ, պետք են ակումբներ: Ես նայում եմ, «Շիրակն» էլ վատ մակարդակի չէ Հայաստանի պայմաններում: Բայց պետք է ճիշտը խոսել, այսօր մենք չենք հասել այն մակարդակի, որ մեր թիմերը երկրորդ փուլ անցնեն: Մենակ խոսքերով առաջ գնալ չենք կարող: Երբ ասում ենք, թե Անդորրայի, Լիխտեյշտեյնի կամ Ջիբրալթարի թիմերին ենք անցնում, դե, Ջիբրալթարը չանցանք էլ, դա այսօրվա մեր առավելագույնն է, մեր առաստաղն է: Երկրորդ փուլն հաղթահարելն արդեն կլինի հրաշքների իրագործում: Դրա համար, պետք է ինչ-որ համակարգ գործի, որպեսզի կարողանանք շարունակական աշխատանքով ինչ-որ բանի հասնել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ