Աբրահամ Խաշմանյան. «Մանասյանի վրիպո՞ւմը. Մեսին էլ երբեմն գոլ չի խփում 11-մետրանոց հարվածով»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Բնական է, որ մրցակցի՝ 10 հոգով մնալն ազդեց խաղի վրա: Դրանից հետո մեր առավությունը շոշափելի էր: Ամեն դեպքում, այդ մեկ ֆուտբոլիստն իր դերը խաղում է: Բոլոր առումներով գերազանցեցինք մրցակցին: Շատ լավ ու կազմակերպված խաղացինք:

Նախորդ խաղից հետո նշել էիք, որ Ուրոշ Նենադովիչն ավելի լավ է իրեն դրսևորում հարձակման կենտրոնում, բայց այսօր նա եզրից էր գործում: 

-Այսօր գործում էինք երկու հարձակվողով: Միհրան Մանասյանն էր վերադարձել կազմ: Նախորդ մրցավեճում հանդես էինք գալիս մեկ հարձակվողով:

Արտակ Գրիգորյանը վերադարձավ խաղադաշտ: Նրա մարզավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Պետք է աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերի: Նա ունակ է ավելի լավ մակարդակով հանդես գալու: Ինձնից լավ ոչ ոք չգիտի՝ նա այսօր լավ մարզավիճակում չէ: Բայց պետք է աշխատենք օպտիմալ վիճակի բերել:

Վաղօրո՞ք էր որոշված, որ 11-մետրանոց հարվածի իրավունք ստանալու դեպքում այն պետք է իրացնի Միհրան Մանասյանը: 

-Մեզ մոտ հաստիքային իրացնողն Արտակ Եդիգարյանն է, իսկ նրանից հետո՝ Արտակ Դաշյանը: Բայց Միհրանը շատ էր ցանկանում գոլ խփել, ես նույնպես ուզում էի, որ նա գոլ հեղինակեր: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Միհրանը չիրացրեց 11-մետրանոցը… Մեսին էլ երբեմն վրիպում է 11-մետրանոցն իրացնելիս: Նա մեր ամենակարևոր ֆուտբոլիստներից է, և ես վստահում եմ նրան:

Արտակ Եդիգարյանն արդեն 9 գոլ է հեղինակել այս առաջնությունում: Դա ինչո՞վ կպայմանավորեք:

-Այդքան խփե՞լ է արդեն (ծիծաղում է): Արտակը շատ լավ է խաղում, գրագետ: Նա աստիճանաբար ավելի լավ է հանդես գալու, երբ բարելավի ֆիզիկական վիճակը: Եթե ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը լավ չի լինում, նա չի կարող հաջող հանդես գալ: Դա շատ կարևոր գործոն է:

«Ալաշկերտն» Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ հաղթեց «Բանանցին» և կրկին առաջատար է (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ