Աբրահամ Խաշմանյան. «Գլոբալ փոփոխություններ են պետք մեր ակումբային ֆուտբոլում»

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» – «Դինամո» /1-1/ խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

-Առաջին կեսում պաշտպանությունում շատ սխալներ կային, որոնք ի վերջո բերեցին գոլի: Ինչն էր այդ սխալների պատճառը:

-Լարվածությունը մեծ էր: Մեզ արագ գոլ էր հարկավոր, դրա համար էլ լարվածություն կար, բոլորն այդ մասին էին մտածում, ինչը բերեց պաշտպանության գծում խնդիրների:

-Արդյոք սա «Ալաշկերտի» առավելագույնն էր:

-Ոչ միայն «Ալաշկերտի», այլև բոլոր հայկական թիմերի համար երրորդ փուլը ֆանտաստիկա է: Կարծում եմ խաղը երկու մասերի կարելի է բաժանել: Առաջին կեսում, բոլորս էլ տեսանք, «Դինամոն» ուներ առավելություն, իսկ ահա երկրորդ կեսում մեզ հաջողվեց ինչ-որ բան փոխել ու ունենալ առավելություն: Ինչ-որ տեղ, ես գոհ եմ իմ տղաներից: Նրանք իրենց առավելագույնը արեցին: Կային խնդիրներ նաև փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների հետ, ովքեր չկարողացան ուժեղացնել հարձակման գիծը: Սամվել Մելքոնյանը, Ռաֆայել Ղազարյանն արագ ֆուտբոլիստներ են, ու պետք է ամեն ինչ անեին, սակայն խոտանը չափից շատ էր: Արտակ Դաշյանից սպասում էինք ավելի շատ, բայց նա դեռ համապատասխան մարզավիճակ չունի:

-Ինչ է պետք հայկական ակումբներին, մասնավորապես «Ալաշկերտին», ավելի լուրջ խնդիրներ լուծելու համար:

-Ընդհանուր առմամբ, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Իսկ «Ալաշկերտում» մենք պետք է տանենք շարունակական աշխատանք: Միանշանակ պետք է բյուջե մեծացնել, որպեսզի հրավիրենք բարձրակարգ խաղացողներ: Այդ ժամանակ հնարավոր է հասնել մեկ այլ մակարդակի, որում գուցե և երրորդ փուլ հասնել կամ անել ավելին: Մինչև իմ նշած պայմանները չլինի, ոչ մի թիմ էլ չի կարող անել ավելին: Գուցե լինի ինչ-որ «կայծ», բայց դա պարբերական բնույթ չի կրի: Կայունության համար պետք է գործի համակարգ:

-Արթուր Եդիգարյանին փորձեցիք հարձակման գծում, գոհ եք նրա խաղից:

-Արթուր Եդիգարյանին այդ դիրքում փորձում էինք դեռ առաջնության վերջնամասում, քանի որ կարծում եմ, նա ավելի օգտակար կլինի այդտեղ, քան հենակետային դիրքում: Բացի այդ, կենտրոնում ունենք մի քանի խաղացողներ, իսկ ավելի շատ կաղում ենք հարձակման գծում: Իհարկե, ասել եմ նաև, որ փորձում ենք լուծել նաև երկրորդ հարձակվողի հարցը:

-Բազմիցս նշել եք, որ ակումբին 4-5 մլն դոլար բյուջե է հարկավոր Ձեր ուզած թիմը կառուցելու համար: Արդյոք իրատեսական է դա ունենալ առաջիկա տարում:

-Իհարկե, իրատեսական չէ: Այն թիմերը, որոնց հետ մենք մրցում ենք, դրանից մի քանի անգամ շատ բյուջե ունեն:

-Եվրոգավաթներին մասնակցությունից հետո որն է լինելու Ձեր ու «Ալաշկերտի» մոտիվացիան:

-Նշել եմ, տիտղոսներ, տիտղոսներ… խաղալու ենք առաջնությունում, խաղալու ենք գավաթում: Ես ավելին չեմ կարող սպասեմ, որովհետև կան շատ գործոններ, որոնք ինձանից կախված չեն: Մարզիչի գործոնը չէ այստեղ: Գլոբալ փոփոխություններ են պետք մեր ակումբային ֆուտբոլում:

-Չեք կարծում, որ մեծ հաջողությունների համար անհրաժեշտ են նաև մարզադպրոց:

-Այսօր ակումբի նախագահն անում է ամեն ինչ, այս պահին ավելին անել չենք կարող: Հովանավորներ են պետք, հենց այնպես չենք կարող պահանջել արդյունքներ:

-Թիմում կան երկու ուժեղ դարպասապահներ, արդյոք թողնելու եք, որ մրցակցեն, թե ինչ-որ մեկին եք նախապատվությունը տալու:

-Անպայման, մրցակցելու են: Երկուսն էլ ուժեղ տղաներ են, հավասարազոր: Միգուցե առաջնությունում մեկ խաղ Կասպարովը խաղա, մեկ խաղ Բեգլարյանը, մեկի մոտ խնդիրներ առաջանալու դեպքում մյուսն ավելի շատ խաղաժամանակ կստանա, սակայն այս պահին երկուսն էլ հավասարազոր են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ