Աբրահամ Խաշմանյան. «Ակումբի նպատակը մեկն է` հաղթահարել որակավորումը, լինի դա այս անգամ, թե 1-2 տարի հետո»

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դինամո» – «Ալաշկերտ» խաղից առաջ հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Խորհրդային տարիներին հայկական ու վրացական թիմերի խաղերն առանձնահատուկ մթնոլորտում էին անցնում: Ինչ եք կարծում, վաղը կհաջողվի ստանալ այն մթնոլորտը, ինչ լինում էր «Դինամոյի» և «Արարատի» խաղերում:

-Շնորհակալություն հարցի համար: Ժամանակին ես էլ եմ 7 տարի խաղացել «Արարատում»: Իհարկե, խորհրդային ժամանակաշրջանում այդ խաղերը իսկական տոն էին: Սակայն դրանք ուրիշ ժամանակներ էին: Հիմա, ցավոք, «Արարատն» այլ մակարդակի վրա է: Ի ուրախություն վրացական ֆուտբոլի` «Դինամոն» պահպանել է այդ մակարդակը: Կարծում եմ շատ ուժեղ դիմակայություն կլինի: Չնայած այն բանին, որ մեր ակումբը շատ երիտասարդ է, բայց իմ թիմը շատ հավակնոտ է: Մենք կփորձենք լավ ֆուտբոլ խաղալ:

-Դուք ձեռք եք բերել վրացի ֆուտբոլիստի` Իրակլի Կվեկվեսկիրիին: Ինչով է նա արժանացել Ձեր ուշադրությանը:

-Նախ ասեմ, որ այս ֆուտբոլիստին ես ծանոթ եմ արդեն մեկ տարի: Նա հանդես է եկել «Միկայում», ուստի ծանոթ եմ նրա որակներին: Իսկ թե ինչու ենք նրան բերել թիմ… ասեմ որ, ես ու ակումբի նախագահը մեկ նպատակ ունենք` ստեղծել շատ ուժեղ ակումբ, որը կտարբերվի հայկական ֆուտբոլում որպես թիմ: Գուցե ոչ այս տարի, թեև այս անգամ էլ փորձելու ենք հնարավորինս առաջ գնալ, բայց նպատակը մեկն է` հաղթահարել որակավորման փուլերը, գուցե 1 կամ 2 տարի պետք գա, բայց նպատակը դա է:

-Ինչպիսի ֆունկցիոնալ վիճակում են ֆուտբոլիստները: Արդյոք հասցրել են վերականգնվել «Սանտա Կոլոմայի» հետ խաղից հետո:

-Մեզ մոտ առաջնության նույն ձևաչափն է, ինչ Վրաստանում, ուստի երկու թիմերում էլ, կարծում եմ, ֆունկցիոնալ վիճակը մաքսիմալ լինել չի կարող: Սակայն, մենք ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ և կարծում եմ վաղը իմ թիմը լավ վիճակում կլինի: Իսկ ինչ վերաբերում է վնասվածքներին, որոշ ֆուտբոլիստներ բաց կթողնեն խաղը, սակայն փոխարինողներ կգտնվեն:

-Թիմի երեք նորեկներ արդեն հայտավորվել են այս խաղի համար, արդյոք նրանք կարող են օգնել թիմին: Մասնավորապես, Սամվել Մելքոնյանը կարող է հարցեր լուծել հարձակման գծում:

-Այո, մենք բավականին բարձրակարգ ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել, սակայն միշտ կա մեկ խնդիր. երբ այլ թիմից ֆուտբոլիստներ են գալիս, նրանք միշտ ֆունկցիոնալ վիճակի հետ խնդիրներ են ունենում: Նույն վիճակն էլ այս ֆուտբոլիստների մոտ է, սակայն կփորձենք այնպես անել, որ արագ մարզավիճակ ձեռք բերեն: Ինչ վերաբերում է Սամվել Մելքոնյանին, նա չի լինի հիմնական կազմում, սակայն խաղի վերջում մոտ 20-25 րոպե, հուսով եմ, կկարողանա մտնել և ուժեղացնել խաղը:

-Նախորդ մրցաշրջանում Ձեր թիմում խաղում էր բրազիլացի հարձակվող, ով հեռացել է: Հաշվի առնելով, որ Ձեր երկրորդ հարձակվողը ևս բացակայելու է, արդյոք դա անլուծելի խնդիրներ է ստեղծելու թիմի համար:

-Մենք ունենք հարձակողական գծի որակյալ ֆուտբոլիստներ: Դա արդեն իմ խնդիրն է, թե ինչպես վերադասավորել ֆուտբոլիստներին հարձակման գծում: Իհարկե, մեր թիմից հեռացել է բրազիլացի հարձակվողը, խնդիրներ ունենք նաև Մանասյանի հետ կապված, իհարկե դե խնդիր է: Բայց մենք նաև այլ ֆուտբոլիստներ ունենք, որոնց համար սա հիանալի հնարավորություն է, որպեսզի երաշխավորեն իրենց և տեղ գտնեն հիմնական կազմում:

-Ասում են, «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին մեծ պարգևավճարներ են նախատեսված հաջորդ փուլ դուրս գալու համար:

-Ես չգիտեմ` որտեղից Ձեզ այդ տեղեկատվությունը: Շատ ուրախ կլինեմ, անձամբ ես, բայց ես նման տեղեկատվություն չունեմ: Կարող եմ ասել միայն, որ շատ լավ պայմաններ ենք ապահովում մեր ֆուտբոլիստների համար, բայց մենք Անգլիայում կամ Իսպանիայում չենք խաղում, որպեսզի մեծ գումարների մասին խոսենք:

-Եվս մեկ հարց ունենք Հայաստանի հավաքականի վերաբերյալ…

-Ես ներողություն եմ խնդրում, բայց Հայաստանի հավաքականի հետ կապված հարցերին չեմ պատասխանում, դա ինձ չի վերաբերում:

-Արդյոք վաղվա խաղում կորոշվի հաղթողը, թե երկու հանդիպումների արդյունքում:

-Ես շատ եմ հարգում Թբիլիսիի «Դինամոյին» ու վրացական ֆուտբոլը, դա իրոք այդպես է: Իհարկե, մեր թիմն էլ շատ լավն է, սակայն չեմ կարծում, որ ամեն ինչ վաղը որոշվի: Ու լավ կլինի, որ ամեն ինչ որոշվի Երևանում: Այսօրվա ֆուտբոլում ֆավորիտներ ու հետնապահներ չկան: Ամեն ինչ որոշվելու է ֆուտբոլային դաշտում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ