Աբրահամ Խաշմանյան.«Մեր մաքուր գոլը չհաշվեցին. Ընթացք ենք տալու»

«Ակաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է թիմի 0-2 հաշվով պարտությունը «Բանանցից»:

-Ինչո՞ւ պարտվեցիք, «Ալաշկերտը» թերացա՞վ, թե՞ մրցակիցն էր ուժեղ:

-Ընդհանուր առմամբ հավասար խաղ էր, երկու թիմն էլ կարող էր հաղթել, բայց ավելի շատ ոչ ոքիի խաղ էր: Թերացանք այն առումով, որ սխալներ թույլ տվեցինք ու գոլեր ընդունեցինք: Բայց դա նորմալ է, մեկ սխալի վրա կենտրոնանալ պետք չէ, ֆուտբոլում ամեն ինչ լինում է: Ասեմ ավելին՝ մաքուր գոլ խփեցինք, որը չհաշվեցին: Ֆուտբոլը կախված է դրվագներից: Թե ինչու չհաշվեցին գնդակը՝ չեմ կարող գտնել բացատրությունը:

-Գոլը չհաշվելը հոգեբանորեն ազդե՞ց թիմի վրա:

-Բնական է, երբ գոլ ես խփում, ավելի վստահ ես գործում: Չհաշվեցին մեր գոլը, «Բանանցը» խփեց ու սկսեց ավելի վստահ խաղալ: Ընթացք ենք տալու, տեսնենք:

-Մինչ գոլը առավելությունը Ձեր թիմինն էր, այդ պարագայում ինչու՞ փոխարինեցիք Մանասյանին:

-Կենտրոնում սկսել էինք զիջել, Եդիգարյանն էլ թարմ էր, ուժեղացրեց: Մանասյանի խաղում էլ խոտանը վերջում շատ էր: Ընդհանուր առմամբ՝ ողջ թիմում կար խոտան: Բայց միևնույն է, իմ կարծիքով խաղը հավասար էր: Իրական գոլային պահեր ունեինք, բայց չստացվեց, ինչ արած, ողբերգություն չենք սարքում: Սա ֆուտբոլ է, մենք անպարտելի չենք: Պետք է մոռանանք ու պատրաստվենք գավաթային խաղին:

-Արդյո՞ք ֆիզիկապես թիմը հոգնեց երկրորդ կեսում:

-Մենք ֆիզիկապես ոչ մեկին չենք զիջում, ավելին, կարծում եմ՝ մի բան էլ գերազանցում ենք: Առաջնության բոլոր թիմերն էլ նորմալ, հավասար թիմեր են: Չկա թիմ, որի հետ խաղում 3 միավորը ապահովված է: Հավասարազոր թիմեր են, բոլորին էլ հարգում ենք, բոլորի դեմ պատրաստվում ենք 100 տոկոսով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ