Տիտո Ռամալյո. «Շատ գոհ ենք վաստակած երեք միավորի համար»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» – «Բանանց» (1։2) հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն կիսվեց տպավորություններով։

— Խաղացինք երկար ընդմիջումից հետո, ու սկզբից մեզ համար դժվար էր այս մրցակցի հետ խաղում, բայց կարողացանք միավորներ վաստակել ու հասնել արդյունքի, որը գոհացրեց բոլորին։

— Ընդունած գոլից հետո ինչի՞ շնորհիվ հաջողվեց բեկել խաղի ընթացքը։
— Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մրցակիցը բավականին ուժեղ էր ու հենց առաջին գրոհի ժամանակ էլ կարողացավ գոլ խփել։ Այդ գոլից հետո, սակայն, նրանք հանգստացան, մենք տիրեցինք գնդակին, ու նախաձեռնությունն անցավ մեր ձեռքը։

— Արդեն պաշտոնական խաղից հետո ի՞նչ կարծիք ունեք ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստականության մասին։
— Ընդհանուր առմամբ շատ լավ եմ գնահատում թիմի վիճակը։ Այսօր մեծ ջանքեր գործադրինք, ու կարծում եմ, որ պետք է շարունակել նույն ոգով։ Մինչ այս մարզվել էինք միայն արհեստական խոտածածկին ու այսօր դժվար էր խաղալ բնական ծածկի վրա, բայց արդեն պետք է սկսենք մարզվել բնական խոտածածկով դաշտում ու խուսափենք այն բարդություններից, որոնց հանդիպեցինք այսօրվա խաղի ժամանակ։

— Առաջին կեսում ֆուտբոլիստների գործողություններում ծանրություն էր նկատվում, իսկ երկրորդ կեսում նրանք ավելի ճշգրիտ ու թեթև էին գործում։ Ի՞նչ հրահանգներ էին տրվել ընդմիջման ժամանակ, որոնք օգնեցին այսպես փոխել խաղը։
— Ընդհանուր առմամբ ոչ մի տարբերվող հրահանգ չի եղել, պարզապես խաղի իներցիան էր այդպիսին, թիմը խաղի ընթացքում սկսեց ավելի լավ խաղալ։ Առաջին կեսում դժվար էր, քանի որ մրցակիցը պրեսինգ էր գործադրում, ինչպես նաև դեռևս անսովոր էր խաղալ բնական խոտածածկին, բայց այնուհետև խաղի ռիթմը կարողացանք բարձր պահել։

— Արդյո՞ք արդեն նկատվում է իսպանական ձեռագիրը «Բանանցում»։
— Կարծում եմ, որ քիչ-քիչ այն կգտնենք, բայց դեռ պետք է նորամուծություններ կատարել ու սպասել արդյունքին։

— Ի՞նչպես իրենց դրսևորեցին նորեկները։
— Նրանք լավ խաղացին։ Ես լիովին վստահում եմ այդ ֆուտբոլիստներին։ Ոմանք մրցակցության պատճառով այսօր խաղաժամանակ չստացան, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ։ Միակ բացասական կողմն այն էր, որ վնասվածք ստացավ Բուրաևը, բայց հուսով ենք՝ նա շուտ կապաքինվի։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ