Սարգիս Հովսեփյան. «Մրցակցի լեգեոներների վարպետությունն իր դերը խաղաց»

Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Բանանցի» հետ հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

-Ի՞նչ կասեք խաղի մասին:

-Դժվար խաղ էր: Բոլորս հասկանում էինք, որ մրցակիցը մեծ քանակությամբ լեգեոներներ ուներ: Որակյալ լեգեոներներ էին, ու դրվագներում նրանց վարպետությունն իրենն ասեց՝ մի դեպքում տուգանայինից, մյուս դեպքում Զավենը: Գիտեինք, որ Զավենը կարող է, տղաներին զգուշացրել էի:

Նորմալ է, քանի որ առաջին խաղն է, բացթողումներ լինելու էին: Կարևոր է, որ հետաքրքիր, լավ խաղ էր: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ, որովհետև լավ ֆուտբոլ էր: Առաջին խաղն էր, բնականաբար որակը քիչ է լինում, ավելի շատ ցանկություն է լինում, բայց ավելի լավ է լինելու: Գնալով մենք էլ ենք որակի առումով ավելացնելու, որ ավելի գեղեցիկ ֆուտբոլ խաղանք ու կարողանանք ստեղծած պահերը օգտագործենք:

-Գոլից հետո ի՞նչը պակասեց, որ չկարողացաք զարգացնել հաջողությունը:

-Ոչ մի բան էլ չպակասեց: Խաղում էինք, լավ պահեր էլ ունեինք: Ինչ-որ չափով երևի վարպետությունը չհերիքեց, բայց դա շտկելի է: Առաջին խաղն է, ֆուտբոլիստ կա, որ ուշ է մարզավիճակ հավաքում: Ինձ թվում է՝ շատ ֆուտբոլիստներ կան, որ ընթացքում անպայման կավելացնեն: Ինքներդ տեսաք՝ որևէ բարդ իրավիճակ չկար, ուղղակի տուգանայինից գոլ, իսկ գոլը շատ բան է փոխում, թե՛ տրամադրություն, թե՛ խաղի ընթացքը և մարտավարությունը: Փորձում էինք գրել, պրեսինգ էինք անում, բայց ընթացքում հակագրոհներ բաց թողեցինք: Հավասար խաղ էր, բայց այսօր հաղթեց վարպետությունը, որն այսօր «Բանանցի» մոտ ավելի շատ էր:

-Չի՞ անհանգստացնում արդյոք չիրացված պահերը խաղի ընթացքում:

-Իհարկե, անհանգստացնում է, բայց առաջին խաղն էր, իսկ տղաները ավելացնելու տեղ ունեն, համոզված եմ, որ նրանք այդ ամենը կշտկեն: Լինում են խաղեր, որ չի ստացվում, բայց համոզված եմ, որ ապագայում ավելի լավ կստացվի:

-Փոխարինող ֆուտբոլիստները ինչպես հարկն է չակտիվացրեցին խաղը, ի՞նչ կասեք:

-Այդպես չէի ասի, նրանք ակտիվացրեցին խաղը, վտանգավոր պահեր ստեղծեցին ու ճնշում հաղորդեցին: Տղաները պրեսինգ էին անում ու մեծ ճնշում կար, խաղի վերջնամասի լարվածությունները տղաների արդյունքն էր:

-Վարդան Պողոսյանը ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Դե պարզ է, վնասվածք ուներ: Բժիշկները աշխատեցին նրա հետ ինչքան հնարավոր է: Առաջին կեսում նրա խաղից դժգոհ չեմ, այնուհետև վնասվածքը երևի զգացնել տվեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ