Ռոման Բերեզովսկին հրաժեշտի խաղ կանցկացնի Երևանում

Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ  Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Լեգենդար դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը՝ նորամուտը  Ռոման Բերեզովսկին նույնպես անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): 19 տարի շարունակ նաև Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը փրկվել է անհուսալի թվացող խաղերում, ունեցել է հաջող հանդիպումներ, տարել հիշարժան հաղթանակներ: Երբ Բերեզովսկին դարպասում էր, երկրպագուները հանգիստ էին, իսկ պաշտպանները՝ ավելի վստահ:

Ռոման Բերեզովսկին նաև ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում՝ «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո»: Բերեզովսկին մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ ետ մղած 11-մետրանոցների թվով:

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղի՝ Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

Կարդացեք նաև՝ Ռոման Բերեզովսկու 5 խաղերը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ