Նարեկ Բեգլարյան. «Ամենակարևորը թիմին օգտակար լինելն է»

Նարեկ Բեգլարյանը հայկական ֆուտբոլում իր ագրեսիվ խաղով և արդյունավետությամբ աչքի ընկնող ֆուտբոլիստներից է, ով ՀՀ առաջնություններում անցկացրած 204 հանդիպումներում 60 գոլի հեղինակ է դարձել: Բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսելով 2005թ. «Միկայում», Նարեկը վերջին տարիներին կրում է «Գանձասար Կապանի» մարզաշապիկը: 30-ամյա փորձառու ֆուտբոլիստը թիմի հարձակման գծի առաջատարներից մեկն է:

– Նարեկ, ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական շրջանը: Այս պահին որքանո՞վ ես պատրաստ առաջնությանը:

– Ինչպես միշտ, սովորականի պես նախապատրաստվում եմ առաջնության գարնանային հատվածին, մարզվում եմ մեծ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի հնարավորինս շուտ լավ մարզավիճակ ձեռք բերեմ: Ճիշտ է, Կրիմսկում ուսումնամարզական հավաքի ժամանակ բնական խոտածածկույթով խաղադաշտերում մարզվելուց հետո մի փոքր դժվար է արհեստական խոտածածկույթով խաղադաշտում պարապելը, սակայն հարմարվում ենք: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Կարծում եմ, որ առաջնությանը պատրաստ կմոտենամ:

– Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 15 հանդիպումներում 4 գոլի հեղինակ դարձար՝ ցույց տալով թիմում 2–րդ արդյունքն Ացամազ Բուրաևից հետո, ով այլևս «Գանձասար Կապանում» չէ: Բավարարվա՞ծ ես արդյունքովդ:

– Իհարկե ոչ: Արդյունքս միանշանակ բավարար չէ, կարող էի ավելի շատ գոլեր խփել: Խաղեր կային, որ չկարողացա իրացնել գոլային պահերը, որոշ դեպքերում էլ կարծես մարզական բախտը երես էր թեքել ինձանից: Կաշխատեմ առաջնության գարնանային հատվածում ավելի արդյունավետ գործել և օգնել թիմին հաղթանակներ տոնել:

– Այսօր հայկական ֆուտբոլում գնալով նվազում է արդյունավետությամբ աչքի ընկնող ֆուտբոլիստների թիվը: Ինչո՞վ ես դա պայմանավորում:

– Հայաստանի առաջնությունների մակարդակն աճելու փոխարեն գնալով տարեցտարի նվազում է, բարձրակարգ ֆուտբոլիստների քանակն էլ մեծ չէ: Դրանց վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ նաև ֆինանսական: Բացի այդ, հարձակվողներին խաղընկերները պետք է կարողանան հարվածային դիրք դուրս բերել, նրանց համար գոլային պահեր ստեղծել: Հարձակվողներն էլ իրենց հերթին պետք է կարողանան օգտագործել նպաստավոր պահերը, արագ կողմնորոշվեն մրցակցի տուգանային հրապարակում: Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեզ մոտ ստացվում է:

– Ֆուտբոլային վիճակագրությունը հետաքրքրու՞մ է քեզ, հաշվու՞մ ես խփածդ գոլերը:

– Ոչ: Ինձ հետաքրքրում է միայն այդ պահին թիմի հաղթանակը, նույնիսկ կարևոր չէ, թե ով է գոլի հեղինակ դառնում: Երբ ավարտեմ կարիերաս, այն ժամանակ կհետաքրքրվեմ գրանցածս ցուցանիշներով:

– Մի՞թե ձգտում չունես ռմբարկու դառնալու, ռեկորդներ գերազանցելու:

– Ձգտում ունեմ, պարզապես ինձ համար ավելի կարևոր է օգտակար լինել թիմին, հաջող խաղով նպաստել կոլեկտիվի հաղթանակին:

– Տեղյա՞կ ես ռմբարկուների «100-ի ակումբի» մասին: Ակումբի հաշվարկով քո հաշվին ներկայումս պաշտոնական մրցումներում 78 գոլ է գրանցված: Հաշվի առնելով տարիքդ, ինչպե՞ս ես գնահատում ակումբի շարքերը համալրելու քո հնարավորությունները:

– Այդ մասին նոր տեղեկացա: Ֆուտբոլում անհնար ոչինչ չկա, ամեն ինչ հնարավոր է, եթե ունես ցանկություն, նպատակին հասնելու վճռականություն և, իհարկե, վարպետություն: Ինչ խոսք, այս տեղեկությունն ինձ համար լրացուցիչ խթան կհանդիսանա ձգտելու ավելի խնամքով օգտագործելու գոլային պահերը, ավելի նպատակասլաց ու արդյունավետ գործելու: Իսկ թե կհաջողվի՞ տեղ զբաղեցնել հայկական ֆուտբոլի անվանի ռմբարկուների ցանկում, ժամանակը ցույց կտա:

– Եվս մեկ հետաքրքիր փաստի մասին տեղեկացնեմ: «Գանձասար Կապանի» կազմում ՀՀ առաջնություններում 21 գոլի հեղինակ ես դարձել, ինչը 3-րդ արդյունքն է թիմի պատմության մեջ: Դու ընդամենը 13 գնդակով ես զիջում թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին: Կարո՞ղ ես գերազանցել նրա ռեկորդային ցուցանիշը:

– Կաշխատեմ գերազանցել: Իսկ եթե չհաջողվի, չեմ տխրի, քանի որ Արթուր Քոչարյանն ինձ համար տաղանդավոր հարձակվող է եղել, աչքի էր ընկնում ռմբարկուին բնորոշ հատկանիշներով: Նշանակություն չունի, թե ի վերջո թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում որ տեղում կլինեմ: Ավելի կարևորը թիմին օգտակար լինելն է:

– Երբևէ մտածե՞լ ես, թե ֆուտբոլային կարիերադ ավարտելուց հետո ինչով ես զբաղվելու:

– Ոչ, չեմ մտածել և առայժմ չեմ էլ ցանկանում մտածել: Դեռ բավական ուժ ու կարողություն, նաև մեծ ցանկություն ունեմ շարունակելու ելույթներս մեծ ֆուտբոլում:

– Իսկ ո՞ր երկրում կցանկանայիր խաղալ:

– Դժվար է ասել: Ցանկությունը մի բան է, հնարավորությունը՝ մեկ այլ բան: Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է հանդես գալու ուժեղ առաջնությունում ֆինանսական լավ պայմանների առկայությամբ: Սակայն պետք է իրատեսորեն գնահատել ֆուտբոլային կարողություններդ, ելնել ստեղծված իրավիճակից: Ներկայումս ես «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստ եմ և կենտրոնացած եմ թիմի կազմում մրցելույթների վրա:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ