Բարձրագույն խումբ. Հայացք 16-րդ տուրի հանդիպումներին

«Ալաշկերտն» այլևս անպարտելի մրցակից  չունի

«Ալաշկերտի» և «Գանձասար Կապանի» մրցավեճը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, քանի որ 2 թիմերն էլ լավ էին նախապատրաստվել առաջնությանը: Կար ևս մեկ հանգամանք, որն ավելի էր մեծացնում խաղի ինտրիգը: «Գանձասար Կապանն» առաջնության մասնակիցներից միակն էր, որ չէր պարտվել «Ալաշկերտին»՝ նախորդ 2 հանդիպումներն էլ ավարտելով ոչ-ոքի:

Ալաշկերտցիները փաստորեն ընդամենը 2 րոպեում վճռեցին մրցակցության ելքը, երբ թիմի հարձակողական բռունցքը կազմող Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն առանց դիմադրության հանդիպելու գրավեցին հյուրերի դարպասը: Երկու դեպքում էլ «Գանձասար Կապանի» պաշտպանները փորձելով արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, դադարեցրել էին պայքարն ու հայտնվել էին դիտողի դերում:

Ընդմիջումից հետո Հեբեր Արաուխոն ամրապնդեց թիմի հաղթանակը՝ 3-րդ անգամ գրավելով մրցակցի դարպասը: Բրազիլացի հարձակվողն այդ խաղում կարող էր նաև հեթ տրիկի հեղինակ դառնալ ու առաջնությունում խփած գոլերով հավասարվել Միհրան Մանասյանին, սակայն մեն մենակ հայտնվելով դարպասի դիմաց, վրիպեց, ինչն արժանացավ խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին մշտապես շատ բուռն արձագանքող «Ալաշկերտի» սեփականատեր և նախագահ Բագրատ Նավոյանի իրավացի հանդիմանությանը:

Խաղից հետո «Ալաշկերտի» հանդերձարանում ցնծություն էր տիրում: Բագրատ Նավոյանը հերթական հաղթանակի առթիվ ֆուտբոլիստներին շնորհավորելուց հետո հանդերձարանից դուրս գալիս հեռախոսով հրահանգեց, որ ցուցակները պատրաստեն ու խաղի հաջորդ օրը ֆուտբոլիստներին բաժանեն 500-ական դոլար պարգևավճարները:

Իսկ գանձասարցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը շատ մտահոգ էր ու տարակուսում էր, թե ինչու պաշտպանները որոշեցին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել: Եվ դա այն դեպքում, երբ մարզումների ժամանակ բազմիցս զգուշացրել էր, որ նման քայլի չդիմեն:

«Բանանցում»  հարձակողական եռյակ է ձևավորվում

Շատերին էր հետաքրքրում, թե նախապատրաստական շրջանում կազմը զգալիորեն համալրած «Բանանցն» իրեն ինչպես կդրսևորի չեմպիոնի հետ մրցախաղում, որին պարտվել էր առաջնության նախորդ 2 հանդիպումներում: «Փյունիկի» հետ խաղում «Բանանցի» կազմում նորամուտը նշեցին միանգամից 7 ֆուտբոլիստներ, որոնցից 4-ն առաջին խաղն անցկացրին ՀՀ առաջնությունում:

Խաղը ցույց տվեց, որ իրոք  «Բանանցը» բարելավել է խաղային իր որակները: Նույնիսկ արդեն 6-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանի խփած գոլը չընկճեց «Բանանցի» ֆուտբոլիստներին: Մինչև ընդմիջման գնալն իր վարպետությամբ փայլեց բրազիլացի Լաերսիոն՝ մոտ 25 մետրից կատարած տուգանային հրաշալի հարվածով վերականգնելով հավասարակշռությունը, խփելով առաջնությունում 8-րդ գնդակը:

Իսկ 2-րդ խաղակեսում իր վճռորոշ խոսքն ասաց թիմի նորեկ Զավեն Բադոյանը՝ գրավելով նախկին թիմի դարպասն ու կամային հաղթանակ պարգևելով «Բանանցին»: Այս խաղում իր ակտիվությամբ աչքի ընկավ նաև «Բանանցի» մեկ այլ նորեկ Ացամազ Բուրաևը, ով վնասվածքի պատճառով չավարտեց հանդիպումը: Կարելի է փաստել, որ «Բանանցում» ձևավորվում է Բադոյան-Լաերսիո-Բուրաև հարձակողական եռյակը, որը մրցակիցների համար մեծ վտանգ է ներկայացնում:

«Միկայի» հանելուկն ու Աշտարակի անորակ խաղադաշտը

Առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում ամենաբարդը թերևս «Արարատի» վիճակն էր, քանի որ մրցակիցը՝ «Միկան» իսկական հանելուկ էր՝ ներկայանալով նոր մարզչական կազմով ու ֆուտբոլիստներով: Թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած 11 ֆուտբոլիստներից միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպան Դմիտրի Չիստյակովն ու հարձակվող Սամվել Մելքոնյանն էին ֆուտբոլասերներին ծանոթ:

Կար ևս մեկ հանգամանք, որ բարդացնում էր արարատցիների գործը: Դա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտի անորակ խոտածածկն էր, որի վրա դժվար էր որակյալ խաղ ցուցադրել: Իրոք իրավացի էր «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով խաղից հետո նշել էր, որ նման խաղադաշտում պարզապես ամոթ է առաջնության հանդիպում անցկացնելը:

Օրինական հարց է ծագում, որ եթե «Միկային» որպես դաշտի տեր չէր հաջողվել որակյալ խաղադաշտ գտնել, ապա կարելի էր այդ խաղում փոխել թիմերի կարգավիճակը և որպես դաշտի տեր ներկայանար «Արարատն» ու հանդիպումն անցկացվեր «Հանրապետականում», իսկ մրցակիցների 4-րդ շրջանի մրցավեճը կանցկացվեր արդեն «Միկայի» մարզադաշտում:

Ինչևէ, նման խաղադաշտում ֆուտբոլիստներին չհաջողվեց ցուցադրել իրենց խաղային ունակությունները: Սամվել Մելքոնյանի գոլին արարատցիները պատասխանեցին Ումարու Կաինայի խփած գնդակով՝ խաղն ավարտելով ոչ-ոքի:

Հանդիպումը ցույց տվեց, որ Սերգեյ Յուրանին կարճ ժամանակահատվածում հաջողվել է բավական մարտունակ թիմ ստեղծել: Ռուսաստանցի մասնագետը գոհ էր իր ֆուտբոլիստների գործողություններից՝ նշելով, որ ամեն ինչ ընթացավ ծրագրվածին համապատասխան, բացի հաղթանակից:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ