«Արարատը» պարտությամբ է ավարտել ԱՄՆ-ի հավաքը

«Արարատը» վերջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ-ում ավարտին մոտեցող հավաքի շրջանակում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Արարատի» մրցակիցն էր Հարավային Կորեայի 7-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, նախորդ առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած «Սոննամ» թիմը, որը նաև հանդիսանում է Ասիայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող:

Առաջին խաղակեսի միջնամասում հարավկորեական թիմին հաջողվել է բացել հանդիպման հաշիվը, սակայն մի քանի րոպե անց պատասխան գոլն է խփել տուգանային հրապարակում հայտնված Էդվին Ռիվասը, ով արձագանքել է Բրայան դե լա Ֆուենտեյի` եզրից կատարած սուր փոխանցմանը: Խաղակեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսն «Արարատը» սկսել է գրոհներով և արդեն մեկնարկում խփել երկրորդ պատասխան գնդակը: Տուգանայինից` Մոյսես Օրոզկոյի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի է ընկել Քրիստիան Չանեյը:

Այնուամենայնիվ, «Սոննամը» կարողացել է հաղթանակ կորզել: Նախ սեփական դարպասը գրավել է Նորայր Գրիգորյանը, ապա մրցակիցը խփել է նաև չորրորդ գոլը:

Խաղավերջում Գևորգ Նռանյանը խփել է «Արարատի» երրորդ գոլը և կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել հայկական թիմին չի հաջողվել` 3:4:

«Արարատ». Գևորգ Պրազյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա (Գորիկ Խաչատրյան), Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Բրայան դե լա Ֆուենտե, Էդվին Ռիվաս (Վահե Մարտիրոսյան), Ումարու Կաինա (Գևորգ Նռանյան), Քրիստիան Չանեյ (Մհեր Սահակյան):

Փետրվարի 24-ին «Արարատը» կվերադառնա Երևան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ