Daily Archives: April 16, 2017

16.04.2017

Գարեթ Բեյլը չի մասնակցելու «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 18-ին, հաղորդում է Marca-ն: Ուելսցին, ով բաց էր թողել նաև Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Խիխոնի «Սպորտինգի» հետ հանդիպումը (3-2), խնդիրներ ունի մկանային հատվածում: Զինեդին Զիդանը որոշել է ռիսկի չենթարկել նրա առողջությունը, իսկ մյունխենյան թիմի հետ մրցավեճում մեկնարկային կազմում կվստահի Իսկոյին կամ Մարկո Ասենսիոյին: Ինչ վերաբերում է Լա Լիգայի շրջանակներում ապրիլի 23-ին «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը, ապա դրա վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: http://www.vivaronews.am/robert-levandovski-yes-kxagham-madridum
16.04.2017

Երբ թատրոնը շփոթում ես ֆուտբոլի հետ. Անհեթեթ 11-մետրանոցը «Սելթիկին» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

Արտասովոր և զվարճալի իրադարձություն է տեղի ունեցել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի՝ այսօր կայացած «Ռոս Քաունթի» - «Սելթիկ» մրցավեճում: Խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ, երբ «Սելթիկը» հաղթում էր 2-1 հաշվով, գլխավոր մրցավարն անհեթեթ 11-մետրանոց է նշանակել թիմի դարպասին: «Ռոս Քաունթիի» հոլանդացի հարձակվող Ալեքս Սհալկը ցուցադրել է իր դերասանական վարպետությունը: Հավելենք, որ 11-մետրանոց նշակետից դիպուկ է գտնվել Լայամ Բոյսը, և կարգով անհամեմատ ցածր թիմը խուսափել է պարտությունից:
16.04.2017

Մեսին չի պատրաստվում ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից և չի մեկնի Ցյուրիխ (տեսանյութ)

«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր չէ ներկա գտնվել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստին, որը կայանալու է մայիսի 4-ին, Ցյուրիխում: Այնտեղ պետք է քննարկվի «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «ալբիսելեստեի» կազմում 4-խաղյա որակարկման ժամկետը կրճատելու հարցը: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են Մեսիի հետ և տեղեկացրել, որ ՖԻՖԱ-ն նրա որակազրկման ժամկետը կկրճատի մինչև մեկի, եթե ֆուտբոլիստը ներկա գտնվի նիստին: Սակայն Լիոնելը չի պատրաստվում ներողություն խնդրել իր պահվածքի համար: Հավելենք, որ Մեսին որակազրկվել էր Չիլիի հավաքականի հետ ընտրական հանդիպման եզրային մրցավարներից մեկին անձնական վիրավորանքներ հասցնելու պատճառով: Ֆուտբոլիստն արդեն բաց է թողել մեկ հանդիպում, որում արգենտինացիները պարտվել են Բոլիվիայի ընտրանուն:
16.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները «Չելսիի» հետ խաղում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում 2-0 հաշվով առավելության է հասել առաջնության առաջատար «Չելսիի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Manchester Evening News-ն, ավանդույթի պես, 10 բալանոց համակարգով գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստներին: Ամենաբարձր՝ 9 գնահատականն են ստացել մեկական գոլերի հեղինակ դարձած Մարկուս Ռեշֆորդը և Անդեր Էրերան: Մնացած բոլոր ստացել են 7 գնահատական, բացառությամբ Դավիդ դե Խեայի ու Անտոնիո Վալենսիայի (6) և փոխարինման դուրս եկած Զլատան Իբրահիմովիչի (5): The Sun-ը խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Անդեր Էրերային, ում տվել է 9 գնահատականը: Նրան հաջորդել է Ռեշֆորդը (8): Մնացած ամբողջ թիմը ստացել է 7 գնահատականը, Դե Խեայից (6) և Ջեյսի Լինգարդից զատ (6): Daily Mail-ը նույնպես շատ չի տարբերվել մյուս լրատվամիջոցներից: Ամենաբարձր՝ 8,5-ական բալ են ստացել Անդեր Էրերան և Մարկուս Ռեշֆորդը: Նրանց հաջորդել է Մարուան Ֆելայնին (7,5): http://www.vivaronews.am/yunaythedn-aranc-mxitharyani-partuthyan-matnec-arajatar-chelsiin-tesanyuth
16.04.2017

Պիկե. «Վստահ եմ՝ կարող ենք պայքարից դուրս թողնել «Յուվենտուսին», ապա հաղթել «Ռեալին»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել, որ կատալոնական թիմը կարող է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթահարել «Յուվենտուսի» արգելքը, իսկ Լա Լիգայի հերթական տուրում պարտության մատնել Մադրիդի «Ռեալին»: «Կապտանռնագույնները» Թուրինում կայացած առաջին խաղում «բյանկոներիներին» պարտվել էին 0-3 հաշվով, իսկ ներքին առաջնությունում «Արքայական» ակումբից հետ են մնում 3 միավորով, այն դեպքում, երբ մրցակիցը դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Մենք «ՊՍԺ»-ին առաջին խաղում պարտվել էինք 0-4 հաշվով և արդեն շատ անգամներ հաղթել ենք «Սանտիագո Բեռնաբեուում», ուստի ես վստահ եմ, որ մենք կարող ենք պայքարից դուրս թողնել «Յուվենտուսին», ապա շաբաթվա վերջում «Կլասիկոյում» հաղթել «Ռեալին»: Մենք լավագույն մարզավիճակում չենք, բայց ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի փոխենք այս իրավիճակը: Վստահ եմ՝ կարող ենք դա անել»,- ասել է Պիկեն TV3 հեռուստաալիքի եթերում:
16.04.2017

«Յունայթեդն» առանց Մխիթարյանի պարտության մատնեց առաջատար «Չելսիին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 33-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Չելսի» Գոլերը՝ 1-0՝ Ռեշֆորդ 7՛, 2-0՝ Էրերա 49՛ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր  Ժոզե Մոուրինյոյի սաներն այս հաղթանակից հետո իրենց ակտիվում գրանցել են 60 միավոր և 5-րդ հորիզոնականում են, իսկ Անտոնիո Կոնտեի թիմը 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
16.04.2017

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Իբրահիմովիչին չի ընդգրկել «Չելսիի» հետ խաղի հիմնական կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչու է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ընդգրկել պահեստայինների նստարանին Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Չելսիի» հետ մրցավեճում: Ընթանում է այդ մրցավեճի երկրորդ խաղակեսը, իսկ շվեդ ֆուտբոլիստը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել: «Նա հոգնել է, շատ է հոգնել: Ես փորձում եմ պաշտպանել նրան, բայց կտեսնենք արդյունքը: Նա պահեստայինների նստարանին է և պատրաստ է օգնել»,- ասել է պորտուգալացի մասնագետը: http://www.vivaronews.am/manchesther-yunaythed-chelsi-ander-ereran-krknapatkec-hashiveh-tesanyuth
16.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի». Անդեր Էրերան կրկնապատկեց հաշիվը (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպման երկրորդ խաղակեսը: Դաշտի տերերը 49-րդ րոպեին զարգացրին իրենց հաջոությունը: Հաշիվը կրկնապատկեց Անդեր Էրերան:
16.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի». Ռեշֆորդը բացեց խաղի հաշիվը. տեսանյութ

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 33 «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ Ապրիլի 16, ժամը՝ 19:00 Գոլը՝ Մարկուս Ռեշֆորդ 7' (1-0)
16.04.2017

Աշոտ Բարսեղյան. «Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ բնավորություն ունի, որը պետք է լավ իմանանք»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Առաջին հերթին, բոլորին շնորհավորում եմ տոնական օրվա առթիվ: Ինչ վերաբերում է խաղին, ապա բոլորդ էլ տեսաք, որ լավ հանդիպում էր: Բոլորս գիտեինք, որ «Փյունիկն» ուժեղ կոլեկտիվ է: Սա մեր առանքային խաղերից մեկն էր: Շնորհակալ եմ բոլոր տղաներին առաջադրանքը կատարելու համար: Մի քիչ նյարդային հանդիպում էր, տղաները մի պահ կորցրին կենտրոնացումը: Ցավում եմ, որ ավելորդ խոսելու համար ստացած դեղին քարտերի պատճառով կորուստներ ունեցանք հաջորդ մրցավեճից առաջ: Եթե զգուշացումները ստանային խաղային իրավիճակներից, ինչ-որ տեղ կընդունեինք: Սարգիս Շահինյանի փոխարինումը նրանով էր պայմանավորված, որ նա չարաշահում էր անհատական խա՞ղը: -Ոչ: Սարգիսը շատ որակյալ, կրեատիվ երիտասարդ է: Նրա հետ անհատական աշխատանք ենք կատարում: Նա դեռ պետք է ավելացնի ֆիզիկական տեսանկյունից: Երբ մի փոքր հոգնում է, ազդում է ելույթի վրա: Ես նրա մեջ հեռանկարային ֆուտբոլիստ եմ տեսնում: Ասում են՝ սովորականից ծանր է, բայց պետք է հաշվի առնել նրա գենետիկան: Այս տղան 6 կգ է ծնվել: Այո, հավատացե՛ք, դա այդպես է: Նրան փոխարինեցինք տակտիկական նկատառումներով: Վալմերսոնին տարանք եզր, նաև Ռաֆայել Ղազարյանին, ում աշխատանքից շոտ գոհ եմ: Դուք նշեցիք էմոցիոնալ խաղի գործոնը, բայց, դրա հետ մեկտեղ, թիմը բավականին հստակ էր գործում... -Տղաները պետք է 90 րոպե կարգապահ գործեն: Կարգապահությունը հաղթանակի գրավականն է: Շատ ժամանակ խաղի ընթացքում որոշ արտահայտություններ ենք անում, հետո հասկանում, որ չպետք է ասեինք: Կուզենայի խորին շնորհակալություն հայտնել մեր ակումբի նախագահին, ով այսօր այստեղ էր, ինչպես նաև մնացած անձնակազմին, որոնց աջակցությունը միշտ զգում եմ: Դարպասապահ Ֆիլիպ Իլիկը խաղաժամանակ չի ստանում: Նրան հրավիրելու նպատակը Մելիքսեթյանի հետ մրցակցություն ապահովե՞լն էր, թե՞ նա չի խաղում, քանի որ պարտվել է այդ մրցակցությունում: -Սկսել եք շատ հասկանալ ֆուտբոլից, ինչն ինձ վախեցնում է (ծիծաղում է): Նա լավ դարպասապահ է: Պարզապես Մելիքսեթյանն Իլիկի գալից հետո շատ ավելի լավ է խաղում: Մրցակցությունը շատ կարևոր գործոն է: Սկսած մարզումներից, խաղերից՝ դա զգացվում է: Ֆուտբոլում ով պատրաստ է, նա էլ խաղում է: Իլիկը խաղում է Առաջին խմբի առաջնությունում, իսկ գլխավոր թիմում դեռ հնարավորություն կստանա: Բավական էմոցիոնալ եք արձագանքում հատկապես Վալմերսոնի և Մուսոնդայի գործողություններին: Հետաքրքիր է, որ նրանք այդ բուռն քննադատությունից հետո գրեթե միշտ բարելավում են իրենց խաղն ու աչքի ընկնում արդյունավետությամբ... -Ես շատ լավ գիտեմ նրանց բնավորությունը: Նրանք որակյալ ֆուտբոլիստներ են: Մեր փիլիսոփայությունը եզրային արագ անցումներն են, և այդ տղաներից շատ բան է կախված: «Շիրակի» հետ նախորդ խաղում Մուսոնդային մրցակիցը լավ էր փակել, և մեր խաղը չէր ստացվում: Լավ է, Մուսոնդան անգլերեն գիտի, իսկ Վալմերսոնը նույնիսկ իր մայրենի լեզուն՝ պորտուգալերենը չգիտի (ծիծաղում է): Շատ դժվար է նրանց հետ հաղորդակցվելը: Ուրախալի է, որ գոնե Կլաուդիր Մարինին եկավ, այստեղ լեզու սովորեց: Սա բարդ խնդիր է: Ես էլ լեզու «կիսատ-պռատ», նրանք էլ «կիսատ-պռատ» և իրար չենք հասկանում (ծիծաղում է): Խաղերից հետո, երբ նրանց բացատրում ենք, ամեն ինչ կարգին է լինում, բայց մրցավեճի ընթացքում այդ մեկ ակնթարթն էլ կարևոր է: Դրա պատճառով էլ հաճախ էմոցիաները տեղի են տալիս: Մենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի յուրովի ենք մոտենում: Մուսոնդան կարծես երեխայի բնավորություն ունենա, պետք է հետը զգույշ խոսես: Ֆուտբոլիստներ կան՝ «չոբանի» բնավորություն ունեն, ինչ էլ ասես կլինի (ծիծաղում է): Բոլորն էլ յուրահատուկ բնավորություն ունեն, որը պետք է լավ իմանանք: Բոլորին էլ շատ եմ սիրում: http://www.vivaronews.am/artak-oseyan-khani-der-unenkh-tesakan-shanser-kpaykharenkh-chempionuthyan-hamar
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: