Daily Archives: April 10, 2017

10.04.2017

Բուֆոն. «Բարսելոնան» ամենաբարդ թիմն է, որին կարող էինք հանդիպել ՉԼ-ի այս փուլում»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպումից  առաջ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր ակնկալիքներից և ընդգծել, որ կատալոնական ակումբը ՉԼ-ում ամենաբարդ մրցակիցն է թուրինյան թիմի համար: «Մենք քաջատեղյակ ենք, թե վաղը ինչպիսի թիմի դեմ ենք խաղալու: Շատ լավ է մրցակցիդ խաղը ուսումնասիրելը, այդ դեպքում դու ավելի վստահ ես դուրս գալիս խաղադաշտ: «Բարսելոնան» ամենաբարդն թիմն է, որին կարող էինք հանդիպել Չեմպիոնների լիգայի այս փուլում: Նրանք այնքան ուժեղ են, որ ցանկության դեպքում կարող են ստեղծել իրենց ճակատագիրը: Այսպիսով, մենք մեծ հարգանք ենք տածում այդ թիմի նկատմամբ: Մենք ինչ-որ թվերի կամ ցուցանիշների համար ֆուտբոլ չենք խաղալու, ցանկանում ենք համարձակ ֆուտբոլ ցույց տալ, քանի որ արժանի ենք դրան և ամեն ինչ կանենք մեր լավագույն որակները ցույց տալու համար»,-շեշտել է իտալացի դարպասապահը: «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ 22:45-ին:
10.04.2017

Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները իրականացրել են «ՄՅՈՒ»-ի փոքրիկ երկրպագուների երազանքը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները իրենց հանգստյան օրը զուր չեն վատնել և հանդիպել են «Կարմիր սատանաների» փոքրիկ երկրպագուների հետ: Ֆուտբոլիստները լուսանկարվել են երեխաների հետ և ստորագրություններ բաժանել:
10.04.2017

Հիգուաին. «Լաց էի լինում «Ռեալից» և «Նապոլիից» հեռանալիս»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուաինը պատմել է, որ ժամանակին իր համար շատ դժվար էր «Ռեալից» և «Նապոլիից» հեռանալը: «Ֆուտբոլը ինձ ստիպել է արտասվել  թե՛ ուրախությունից,  թե՛ տխրությունից: Երբ հեռանում էի «Ռեալից», լաց էի լինում: Միշտ կապվում եմ այն ակումբների հետ, որտեղ խաղում եմ: Այդ թիմերից հեռանալիս դժվար ժամանակների միջով եմ անցել»: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը  խոսել է նաև «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղի սպասումներից: «Ինձ համար «Բարսելոնայի» հետ հանդիպումները յուրահատուկ կլինեն, քանի որ դրանք շանս են հզոր մրցակցին պայքարից դուրս թողնելու: Բացի այդ, դա լրացուցիչ վստահություն կհաղորդի թիմին: Մենք հավատում ենք մեր ուժերին և վստահ ենք, որ կարող ենք հաղթահարել նրանց»,-Marca-ն է փոխանցում Հիգուաինի խոսքերը: «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ 22:45-ին:
10.04.2017

Լևանդովսկին բաց է թողել «Բավարիայի» այսօրվա մարզումը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպմանն ուսի վնասվածք էր ստացել: 28-ամյա ֆուտբոլիստն անհաջող ընկնելուց հետո ստիպված էր եղել 68-րդ րոպեին լքել խաղադաշտը: Իսկ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսելով, Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը լեհ ֆուտբոլիստի մասնակցության մասին, խնդրել է երկրպագուներին և լրատվամիջոցներին աղմուկ չբարձրացնել այդ առիթով: Սակայն թիմի այսօրվա մարզմանը հարձակվողը չի մասնակցել: Այնուամենայնիվ մյունխենյան ակումբի երկրպագուների համար մի լավ նորության կա: Թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը վերսկսել է մարզումները  ընդհանուր խմբում:
10.04.2017

Վերատի. «Հույս ունեմ, որ «Յուվենտուսը» կհաղթի «Բարսելոնային»

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին անդրադարձել է վաղը կայանալիք «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպմանը և փորձել կանխատեսել հանդիպման ելքը: «Հավասար խաղ է մեզ սպասում: «Յուվենտուսը» արդեն ապացուցել է, որ Թուրինում խաղալը հեշտ չէ ոչ մի թիմի համար: Այդ թիմը տեխնիկապես պատրաստված է և կարող է խնդիրներ ստեղծել «Բարսելոնայի» համար: Ցավոք, այդ հանդիպմանը հետևելու եմ տանից, բայց շատ երկրպագուներ ներկա են գտնվելու երկու գրանդ ակումբի դիմակայությանը: Իմ կանխատեսումը՞, նույնիսկ չգիտեմ: Իտալիայի հավաքականում  շատ ֆուտբոլիստներ կան «Յուվենտուսից», ուստի, հույս ունեմ, որ նրանք կհաղթեն կատալոնական թիմին: Տանը նրանց շանսերն ավելի մեծ են»,-եզրափակել է ՊՍԺ-ի կիսապաշտպանը: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4-0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ, սակայն պատասխան հանդիպմանը զիջեց Լուիս Էնիկեի սաներին (6-1) և դուրս մնաց հետագա պայքարից:
10.04.2017

Հայտնի է՝ որ մրցավարները կսպասարկեն «Բավարիա»-«Ռեալ» և «Ատլետիկո»-«Լեսթեր» հանդիպումները

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ապրիլի 12-ին կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, «Բավարիա»-«Ռեալ»  խաղը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Ռիցոլոյի գլխավորությամբ: Իսկ «Ատլետիկո»-«Լեսթեր» մրցավեճի մրցավարությունը վստահվել է շվեդ Յոնաս Էրիկսոին և նրա օգնականներին:
10.04.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 27 2 54 2 Բաս Դոստ 27 2 54 3 Ռոբերտ Լևանդովսկի 26 2 52 4 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 25 2 50 5 Էդին Ջեկո 24 2 48 6 Լուիս Սուարես 24 2 48 7 Անդրեա Բելոտի 24 2 48 8 Անտոնի Մոդեստ 23 2 46 9 Ռոմելու Լուկակու 23 2 46 10 Գոնսալո Հիգուաին 21 2 42 Թարմացված է առ  09/04/2017
10.04.2017

Տիգրան Բարսեղյանն՝ իր հրաշալի գոլի մասին. «Դարպասապահն առաջ էր եկել իր տեղից, ուստի որոշեցի հարվածել» (տեսանյութ)

«Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Պելիստերի» հետ մրցավեճում (3-1), ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է տպավորությունների մասին: «Հպարտ եմ խփածս գոլի և թիմիս ելույթի համար: Ֆուտբոլը թիմային խաղ է, և մենք բոլորս արժանի էինք հաղթանակի: Ես ուրախ եմ, որ գեղեցիկ գոլ հեղինակեցի: Հարվածի պահին իմ նպատակն այն էր, որ գնդակը կախեի դարպասապահի վրայով, քանի որ նկատել էի՝ նա առաջ է եկել իր տեղից, ու այդ պահին որոշեցի հարվածել: Մեր նպատակն ամեն խաղում երեք միավոր վաստակելն է: Ճիշտ է, մրցաշարային աղյուսակում մեր և մրցակիցների միջև մեծ տարբերություն է, բայց դա մեզ չպետք է շեղի: Երջանիկ եմ, որ ամբողջ թիմը գտնվում է լավ մարզավիճակում: «Սիլեքսի» հետ հաջորդ մրցավեճում սպասում ենք ևս մեկ լավ խաղի և հաղթանակի»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը: Հավելենք, որ Բարսեղյանն այդ խաղում փոխարինվել էր 62-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը՝ մնացել պահեստայինների նստարանին: «Վարդարը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: http://www.vivaronews.am/articles/mxitharyaneh-movsisyaneh-ev-barseghyaneh-hiacrin-ardyunavetuthyamb-orva-glxavor-lureri-khronikoneh-tesanyuth
10.04.2017

Արտակ Ալեքսանյան. «Ինձ համար՝ որպես հայի, մեծ պատիվ է պաշտպանել «Արարատի» պատիվը»

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում հիմնադրվել է «Արարատ» անունով պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը մասնակցելու է երկրի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի մրցաշարին։ Այդ թիմի ավագ է նշանակվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, ով մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում»: Ալեքսանյանն «Արարատի»՝ «Вконтакте»-ի պաշտոնական էջին տված հարցազրույցում խոսել է իր տեղափոխության և ակումբի շուրջ զարգացումների մասին: -Սա նոր և շատ հետաքրքիր նախագիծ է: Մեզ համար շատ կարևոր է արժանիորեն հանդես գալ, քանի որ ցանկանում ենք որքան հնարավոր է արագորեն հայտնվել ռուսական ֆուտբոլի վերնախավում: Դա շատ ամբիցիոզ խնդիր չէ՞ ակումբի համար, որը հիմնադրվել է ընդամենը մեկ ամիս առաջ: -Իսկ ինչո՞ւ ոչ: Բնական է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգային մասնակցելը հեռահար նպատակ է: Բայց մեզ մոտ հիանալի թիմ է հավաքվել, որն ունակ է խաղալու երկրորդ լիգայում, ապա արդեն ավելի բարձր դիվիզիոնում, որտեղից էլ կարող ենք հայտնվել Պրեմիեր լիգայում: Ինչպե՞ս է հաջողվել այսպիսի կարճ ժամանակահատվածում ստեղծել մրցունակ թիմ: -Դա ակումբի ղեկավարության արժանիքն է: Թիմում հավաքվել են տղաներ, որոնք Ռուսաստանի ֆուտբոլի վերնախավում հանդես գալու մեծ փորձ ունեն: Իհարկե, մեզ համար դեռևս դժվար է ֆիզիկական տեսանկյունից: Բայց մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի ապրիլի 12-ին կայանալիք առաջին մրցավեճում, որում մրցելու ենք «Զելենոգրադի» հետ, մոտենանք հնարավորինս լավ վիճակում: Կարո՞ղ եք նշել այդպիսի տղաներից մի քանիսի անունները: -Դմիտրի Ռիժովը (Եվրոպայի չեմպիոն՝ Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում) և Սերգեյ Ռեյավկինը խաղացել են «ԲԿՄԱ»-ում: Կարող եմ ևս մի քանի անուններ տալ, բայց մենք պետք է ուժեղ լինենք որպես թիմ, այլ ոչ թե միայն անհատապես: Թիմում կան մի շարք ֆուտբոլիստներ, որոնք հայկական ազգանուններ ունեն: Թիմում «խմբավորումներ» առաջանալու վտանգ չկա՞: -Ոչ: Մեզ մոտ շատ ընկերական կոլեկտիվ է: Բոլորս էլ իրար հետ լավ ենք շփվում: Հայ ֆուտբոլիստներների մեծամասնությունն էլ մեծացել են հենց Ռուսաստանում: Հանդերձարանի մթնոլորտի հետ կապված անհանգստանալու ոչինչ չկա: Ակումբի ֆինանսական իրավիճակի վերաբերյալ կասկածներ կա՞ն: -Մենք այդ առումով լիովին վստահում ենք ղեկավարությանը: Վստահ եմ՝ «Արարատը» երկարատև նախագիծ է, որն իր երկրպագուներին պետք է անմոռանալի պահեր պարգևի: Ակումբն անվանվել է լեգենդար «Արարատ-73»-ի պատվին: Լա՞վ եք ծանոթ ակումբի պատմությանը: -Իհարկե: Ես «Արարատի» մասնակցությամբ խաղերից շատ գոլեր եմ դիտել: Հորս հետ հաճախ էինք այցելում վետերանների հանդիպումներին: Ինչ վերաբերում է խաղացողներին, ապա իմ մեջ բոլորից լավ տպավորվել է Խորեն Հովհաննիսյանը, ով, ճիշտ է, ավելի ուշ է հանդես եկել: Ինձ համար՝ որպես հայի, մեծ պատիվ է պաշտպանել «Արարատի» պատիվը: Դա անբացատրելի զգացողություն է:
10.04.2017

Որ ֆուտբոլիստները կարող են օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» «Անդերլեխտի» հետ խաղում

Ժոզե Մոուրինյոն խոսել է կազմի հետ կապված վերջին նորությունների մասին, նշելով, որ օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին: «Մենք խաղացինք բոլոր առկա ֆուտբոլիստներով: Ոչ մի ֆուտբոլիստ Մանչեսթերում չէր մնացել՝ հանգստանալու կամ «Անդերլեխտի» հետ խաղի հետ կապված ռոտացիայի նկատառումներով: Չկա նման բան: Հենց ֆուտբոլիստներն են մեր տրամադրության տակ այս պահին, ու եթե շուրջս եմ նայում, միայն Վալենսիան է, որ ակնկալում եմ՝ կարող է ավելի պատրաստ լինել ու շատ խաղալ: Չեմ տեսնում մեկ այլ խաղացողի, ով կարող է վերականգնվել մինչ այդ»,-ասել է Մոուրինյոն: Նշենք, որ այդ ֆուտբոլիստներն են՝ Դե Խեա, Ռոմերո, Վալենսիա, Դարմիան, Ֆոսու-Մենսա, Բայի, Ռոխո, Բլինդ, Շոու, Ֆելայնի, Քերիկ, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Մխիթարյան, Մարսիալ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: