Monthly Archives: April 2017

30.04.2017

Պոչետինո. «Երկրպագուներին շատ է ուրախացրել մեր հաղթանակը, բայց՝ ոչ ինձ»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել «Տոտենհեմ» 2 - 0«Արսենալ» խաղի մասին: «Հիանալի խաղ էր,  22 տարի անց մրցաշարային աղյուսակում «Արսենալից» վերև հայտնվելը ֆանտաստիկ արդյունք է մեզ համար, մենք փորձում էինք երկրպագուներին փոխանցել այն էներգիան, որոնք նրանք տալիս են մեզ, սակայն պետք է կենտրոնանալ խաղի վրա, հիմա կարող եմ ասել, որ մենք ավելի շատ փորձ ունենք, քան նախորդ մրցաշրջանում»,- նշել է գլխավոր մարզիչը: «Հասկանում եմ, որ երկրպագունեը ուրախ են մեր հաղթանակի և «Արսենալից» բարձր հորիզոնականում հայնտվելու համար, սակայն ես կարծում եմ ,որ պետք է կենտրոնանալ չեմպիոնության վրա,մենք բոլոր շանսերն ունենք»,- հավելել է իտալացի մասնագետը:  
30.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկու ֆուտբոլիստ ձեռք բերել ֆրանսիական գրանդերից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն տրամադրել 80 մլն. եվրո երկու կիսապաշտպան ձեռք բերելու համար: Ինչպես հաղորդում է Express-ը, պորտուգալացի մարզիչը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշպան Բլեզ Մատյուիդիին և «Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային: Անգլիական պարբերականի հաղորդմամբ, ՊՍԺ-ն Մատյուիդիին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն ֆրանսիացին գերադասում է միանալ Պոլ Պոգբային: Իր հերթին «Մոնակոն» համաձայն է բաց թողնել Սիլվային, սակայն ոչ պակաս քան 50 մլն. եվրոյով: 22-ամյա պորտուգալացի կիսապաշտպանով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
30.04.2017

Հայտնի է՝ ով կսպասարկի Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, արդեն հայտնի է , թե ով է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման մրցավարը: Հանդիպման մրցավարը անգլիացի Մարտին Ատկինսոնն է, որին կօգնեն իր հայրենակիցներ Ստիվեն Չայլդն ու Ստյուարտ Բարտը, 4-րդ պաշտոնյան Ջեյկ Կոլինն է: Այս մրցաշրջանում  Ատկինսոնը վարել է Չեմպիոնների լիգայի երեք հանդիպում: «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» առաջին խաղը կլինի մայիսի 2-ին 22:45-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:  
30.04.2017

Կոնտե. «Ես գուշակ չեմ, բացառված չէ, որ Ազարը կհեռանա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի ֆուտբոլիստ Էդեն Ազարի հավանական տեղափոխության մասին: Կոնտեի խոսքերով Ազարը հիանալի ֆուտբոլիստ է: Բելգիացին անմիջական մասնակցություն է ունեցել «Չելսիի» 31 գոլերից 20-ին: Իտալացի մասնագետի փոխանցմամբ Ազարը կմնա Անգլիայում, սակայն չի բացառվում, որ նա ընդունի այլ ակումբների առաջարկները: «Չեմ կարող այդպիսի պատասխանատվություն վերցնել, կարծում եմ Էդենը կմնա, ես որևէ որոշում չեմ կայացնում, որոշողը ակումբի  ղեկավարությունն է: Կարող եմ ասել, որ Ազարը իրեն լավ է զգում մեր ակումբում, բայց ապագայի համար ոչինչ չեմ կարող ասել, ես բախտագուշակ չեմ»,- շեշտել է իտալացի մասնագետը: Հիշեցնենք, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
30.04.2017

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Փյունիկի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) կայացած մամուլի ասուլիսում հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Չնայած նրան, որ գոլեր չստացվեցին, հետաքրքիր հանդիպում էր, մանավանդ երկրպագուների համար: Ունեցանք լավ պահեր, որոնք չօգտագործեցինք: Մեծ թվով փոփոխություններ էինք կատարել կազմում: Ինչպես ասել էի նախորդ ասուլիսներին, մենք ցանկանում ենք տեսնել թիմի բոլոր ֆուտբոլիստների պոտենցիալը: Մյուս խաղերին նոր փոփոխություններ կլինեն, կտեսնենք նոր ֆուտբոլիստների: «Բանանցն» առաջնության վերջին 4 հանդիպումներում գոլ չի խփել: Եթե նախորդ խաղերում հարձակման կենտրոնում գործում էր Նենադ Ինյացը, ապա այսօր նրա փոխարեն հանդես եկավ Հայկ Ոսկանյանը: Ի՞նչն է պատճառը, որ անունները փոխվում են, իսկ արդյունավետությունը մնում է նույնը:  -Ես հանդերձարանում էլ այդ մասին խոսեցի տղաների հետ: Կարծում եմ՝ կաղում է մատակարարումը: Թեև այսօր ունեցանք լավ պահեր, երբ Հայկ Ոսկանյանը, Վահագն Այվազյանը հարվածային դիրքում էին: Ամենաիրականը Հայկի հնարավորությունն էր, որը պետք է գոլով ավարտվեր: Կարծում եմ՝ այդտեղ վարպետության հարց է, որը ժամանակի ընթացքում կգա: Զգացնել տվեց, որ հիմնական կազմում երկար ժամանակ չէր խաղացել: Հայկը 1-2 տարի առաջ այդպիսի դիրքերից չէր վրիպում: Բայց նա լավ աշխատանք կատարեց: Իսկ գոլ չխփելու հիմնական պատճառն այն է, որ չի ստացվում սուր փոխանցումներով մատակարարելու հարձակվողներին: Պետք է ավելի վարպետորեն փոխանցումներ կատարվեն: Ակումբը շեշտը դրել է երիտասարդ ֆուտբոլիստների վրա, բայս թիմում կան նաև ավելի փորձառուներ՝ ի դեմս Նորայր Գյոզալյանի, Վահագն Այվազյանի և այլոց: Ըստ Ձեզ՝ նրանց հաջողվո՞ւմ է պատասխանատվությունն իրենց վրա վերցնել և թիմին տանել իրենց հետևից: -Նրանք ավելին կարող են անել: Բայց սա 10 օրվա մեջ 3-րդ հանդիպումն էր, զգացնել է տալիս ֆունկցիոնալ վիճակը: Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց չեն կարողանում կարճ ժամանակահատվածում հաջորդաբար նույն մակարդակի խաղեր անցկացնել, խիտ գրաֆիկի պայմաններում իրենց լավ դրսևորել: Դրա համար էլ փոխարինումներ կատարեցինք: Գյոզալյանին էլ էինք ցանկանում փոխել, բայց հենց այդ փորձի համար էլ թողեցինք դաշտում: Մտածեցինք՝ հնարավոր է, ինչ-որ բան ստեղծի: Բայց նրանք պոտենցիալ ունեն և ավելին կարող են անել: Այդ կարգի ֆուտբոլիստները թիմին պետք է տանեն իրենց հետևից: Մեր թիմի փորձն էլ ցույց տվեց, որ եթե մեկ թիմում միանգամից հայտնվում են մեծ թվով երիտասարդներ, ապա այդպես շատ դժվար է: Նայե՛ք առաջնության մյուս թիմերին: Ինքս ներսից գիտեմ «Ալաշկերտը»: Այնտեղ միջին տարիքի տղաներ են, որոնք թիմին տանում են իրենց հետևից, գումարած՝ 3-4 որակյալ լեգեոներներ: Նաև ապարդյուն է մեծ թվով լեգեոներների կողքին խաղացնելու մի քանի երիտասարդների: Միջին տարիքի հայ ֆուտբոլիստները շատ կարևոր են մեր առաջնությունում: Նույնը նաև «Գանձասար-Կապանի» դեպքում է: Այնտեղ կան հայ տղաներ, որոնք արդեն մի քանի տարի է՝ իրար հետ խաղում են, լավ համագործակցում են, գումարած՝ մի քանի լեգեոներ, և ստացվում է արդյունք: Մենք էլ ենք ձգտում դրան: Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ: http://www.vivaronews.am/artak-oseyan-aphsosankhi-zgacum-ka-or-chkaroghacankh-haghthel http://www.vivaronews.am/phyunik-bananc%D5%9D-0-0-bazum-golayin-paher-golazurk-erevanyan-derbi-tesanyuth
30.04.2017

«Արսենալի» 9-րդ պարտությունը Պրեմիեր լիգայում, այս անգամ` «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 35 «Տոտենհեմ» - «Արսենալ» «Ուայթ Հարտ Լեյն» մարզադաշտ Գոլերը՝1-0 ՝Դելե Ալի 55՛,2-0 ՝Հարի Քեյն 58՛ (11մ)
30.04.2017

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Բանանցի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Հետաքրքիր խաղ ստացվեց: Երկկողմանի որակյալ հանդիպում էր, գոլային պահերով հարուստ: Իհարկե, ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել: «Փյունիկի» կազմից այսօր բացակայում էին հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ: Ինչո՞վ էր դա պայմանավորված: -Մենք կադրային լուրջ խնդիրներ ունեինք: Արթուր Քարտաշյանը որակազրկված էր, իսկ Նարեկ Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Ռազմիկ Հակոբյանը և Պետրոս Ավետիսյանը վնասվածքներ ունեն: Իսկ ո՞րն է վնասվածքների նման առատության պատճառը: Միգուցե խիտ խաղացա՞նկը:  -Իհարկե, առաջնության վերջնամասն է, այդ տղաներն էլ ամբողջ մրցաշրջանի ընթացքում շատ քիչ փոփոխություններով են խաղացել: Այդ ծանրաբեռնվածությունն օրգանիզմի վրա իր ազդեցությունը թողել է: http://www.vivaronews.am/phyunik-bananc%D5%9D-0-0-bazum-golayin-paher-golazurk-erevanyan-derbi-tesanyuth
30.04.2017

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր «Փյունիկ» 0-0 «Բանանց»  «Ֆուտբոլի ակադեմիա», Երևան «Փյունիկն» այս ոչ-ոքիից հետո 37 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, իսկ «Բանանցը» 21 միավորով 5-րդ հորիզոնականում է: Երկրորդ խաղակեսի գլխավոր իրադարձությունները՝ 90՛ «Փյունիկը» վերջին ուժերն է նետել գրոհների, որոնք առայժմ ապարդյուն են: 87՛ Փոփոխություններ երկու թիմերի կազմերում: «Բանանցում» Հայկ Ոսկանյանի փոխարեն՝ Արամ Խամոյան, «Փյունիկում» Գևորգ Հարությունյանի փոխարեն՝ Ռոբերտ Մինասյան: 82՛ Փոփոխություն փյունիկցիների կազմում: Արթուր Նադիրյանի փոխարեն խաղավարտը կանցկացնի Հովհաննես Նազարյանը: 81՛ Հյուրերը բավականին վտանգավոր տուգանային խաղարկեցին: Սուր փոխանցումից հետո «Բանանցի» մի քանի ֆուտբոլիստներ նետվեցին առաջ՝ հասնելու գնդակին, բայց նրանցից յուրաքանչյուրին սանտիմետրեր չբավականացրին: 79՛ Հերթական փոփոխությունը «Բանանցի» կազմում: Հովհաննես Իլանգյոզյանի փոխարեն՝ Էդգար Մովսեսյան: 78՛ «Փյունիկը» տիրել է նախաձեռնությանը: Հյուրերն առայժմ հուսալիորեն են պաշտպանվում: 74՛ Փոփոխություն երկու թիմերի կազմերում: «Բանանցի» կազմում Հակոբ Հակոբյանին փոխարինեց Արամ Լոռեցյանը, իսկ «Փյունիկում»՝ Հովհաննես Հարությունյանի փոխարեն խաղը շարունակում է Արմեն Նահապետյանը: 71՛ Հեռահար հարվածով Վալերի Ոսկոնյանի զգոնությունը ստուգեց Հակոբ Հակոբյանը: «Փյունիկի» դարպասապահը վստահորեն տիրեց գնդակին: 70՛ Եթե խաղակեսի սկզբում հյուրերը մեծ առավելություն ունեին, ապա այնուհետև Արտակ Օսեյանի թիմին հաջողվեց հավասարեցնել խաղն, ու գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ: 63՛ Փոփոխություն նաև դաշտի տերերի կազմում: Էրիկ Վարդանյանը խաղադաշտ մտավ Ալիկ Առաքելյանի փոխարեն: 61՛ Առաջին փոփոխությունը «Բանանցի» կազմում: Վահագն Այվազյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կարեն Մելքոնյանը: 53՛ Շատ վտանգավոր դրվագ դաշտի տերերի դարպասին: Վալերի Ոսկոնյանը սխալվեց դարպասից դուրս գալիս, Հովհաննես Իլանգյոզյանն էլ խլեց գնդակը և շարժվեց առաջ, փոխանցեց Հայկ Ոսկանյանին, վերջինիս հարվածը հետ մղեց դարպասապահը, գնդակը կրկին հայտնվեց «Բանանցի» հարձակվողի մոտ, և նա ընկավ Ոսկոնյանի հետ պայքարում: Մրցավարի սուլիչը լռեց: 47՛ Եվ կրկին Էրիկ Պետրոսյանը: Նա մեն-մենակ էր մնացել Ստեփան Ղազարյանի դիմաց, բայց փորձառու դարպասապահը հետ մղեց գնդակը, վրա հասած Հովհաննես Հարությունյանի հարվածն էլ մի փոքր բարձր էր: Առաջին խաղակեսի գլխավոր իրադարձությունները՝ 44՛ «Բանանցն» ամբողջությամբ տիրել է խաղային և տարածքային առավելությանը, բայց «Փյունիկի»՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հակագրոհներն իրենց մեջ ավելի մեծ վտանգ են պարունակում: 36՛ Հովհաննես Իլանգյոզյանը ձախ թևում ստացավ գնդակը և հարվածեց սուր անկյան տակ: Գնդակն ընթացավ մեծ բարձրությամբ: 34՛ «Փյունիկի» հերթական վտանգավոր գրոհը: Հովհաննես Հարությունյանը խորքից հաշվենկատ փոխանցումով գրոհի նետեց Էրիկ Պետրոսյանին: Նա հապաղեց, և Գևորգ Խուլոյանը հասցրեց չեզոքացնել սպառնալիքը: 27՛ Եվ կրկին Էրիկ Պետրոսյանը: Նրա՝ մոտ տարածությունից հարվածը բարձր էր: 24՛ Անկյունայինի վտանգավոր խաղարկում՝ փյունիկցիների կողմից: Դարպասից դուրս գալիս Ստեփան Ղազարյանը չկարողացավ հասնել գնդակին, և Էրիկ Պետրոսյանը հարվածեց գլխով: Գնդակն ընթացավ շեղությամբ: 21՛ Հեռու տարածությունից հարված կատարեց «Բանանցի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը, բայց գնդակը բարձր ընթացավ: 17՛ Խաղն անցնում է փոխնիփոխ պայքարում: Երկու թիմերն էլ, կարելի է ասել, մրցաշարային խնդիրներ այլևս չեն լուծում և անկաշկանդ ֆուտբոլ են ցուցադրում: 13՛ Մոտ 25մ հեռավորության վրա գնդակ ստացավ Էրիկ Պետրոսյանը և վտանգավոր հարված կատարեց դեպի դարպասը: Գնդակը փոքր շեղությամբ լքեց դաշտի սահմանները: 8՛ Խաղն իր վրա վերցրեց հյուրերի հարձակվող Հայկ Ոսկանյանը: Նա գնդակն անցկացրեց մրցակցի երկու պաշտպանների արանքով և դուրս եկավ հարվածային դիրք, բայց Արմեն Մանուչարյանը խանգարեց կատարելու ճշգրիտ հարված: 5՛ «Փյունիկը» հենց խաղասկզբից փորձում է ուժեղ պրեսինգի դիմել և ճնշում գործադրել մրցակցի վրա: Թիմերի մեկնարկային կազմերը՝ «Փյունիկ»՝ 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան (19. Հովհաննես Նազարյան, 82՛), 30. Վահագն Հայրապետյան, 23. Հովհաննես Հարությունյան (8. Արմեն Նահապետյան, 74՛), 26. Ալիկ Առաքելյան (15. Էրիկ Վարդանյան, 63՛), 33. Գևորգ Հարությունյան (9. Ռոբերտ Մինասյան, 87՛), 11. Էրիկ Պետրոսյան: Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 21. Ալբերտ Խաչումյան, 20. Սամվել Սպերցյան: Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան: «Բանանց»՝ 22. Ստեփան Ղազարյան, 25. Ժիրայր Մարգարյան, 55. Լայոնել Ադամս, 3. Գևորգ Խուլոյան, 19. Վլատկո Դրոբարով, 5. Հակոբ Հակոբյան (77. Արամ Լոռեցյան, 74՛), 20. Կարեն Հարությունյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան (21. Էդգար Մովսեսյան, 79՛), 18. Վայագն Այվազյան (11. Կարեն Մելքոնյան, 61՛), 10. Նորայր Գյոզալյան, 13. Հայկ Ոսկանյան (6. Արամ Խամոյան, 87՛): Մնացին պահեստայինների նստարանին՝ 70. Արամ Հայրապետյան, 23. Նարեկ Պետրոսյան, 8. Վարդան Սաֆարյան: Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:
30.04.2017

Գվարդիոլան մարզչական կարիերայում առաջին անգամ տիտղոս չի նվաճի

Պրեմիեր լիգայի  35-րդ տուրի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի խաղաց «Միդլսբրոյի» հետ, իսկ «Չելսին» 3 գնադկի առավելությամբ հաղթեց «Էվերթոնին»: Այսպիսով Պեպ Գվարդիոլայի թիմը զրկվեց ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի տիտղոսից, քանի որ Անտոնիո Կոնտեի թիմը առջևում է 15 միավորով: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար ընթացիկ մրցաշրջանն առաջինն էր, որի ավարտին իսպանացին կմնա առանց տիտղոսի: Գվարդիոլան 2008-2012 թվականներին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», որի հետ 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել 2 Իսպանիայի գավաթ և 3 Սուպերգավաթ, ինչպես նաև 2 անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, 1 անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: 2013-ին Գվարդիոլան տեղափոխվել է «Բավարիա» և մինչ 2016 թվական 3 անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել Գերմանիայի գավաթը, մեկական անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում:
30.04.2017

Չավին առաջին տիտղոսն է նվաճել «Ալ Սադի» կազմում

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին իր առաջին տիտղոսն է նվաճել «Ալ Սադ» ակումբի հետ: Ակումբը նվաճել է Քաթարի գավաթը: Սա առաջին տիտղոսն էր, որ Չավին նվաճել է «Բարսելոնայից» հեռանալուց հետո: «Զգացվում էր, որ թիմը ցանկանում է նվաճել այս տիտղոսը, հուսով եմ, որ մենք կշարունակենք այսպես խաղալ նորանոր տիտղոսներ նվաճելու համար: Շնորհակալ եմ ակումբի երկրպագուներին մեզ սատարելու համար, դա մեր հաղթանակի մեծ մասն էր»,- ասել է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ Չավին «Ալ Սադին» միացել է 2015 թվականին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: