10 փաստ Ռոման Բերեզովսկու ֆուտբոլային կարիերայից

10 փաստ Ռոման Բերեզովսկու ֆուտբոլային կարիերայից

Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ տեղի կունենա մեծ ֆուտբոլին հրաժեշտ տված ազգային հավաքականի փորձառու դարպասապահ, 41-ամյա Ռոման Բերեզովսկու մեծարման արարողությունը: Այդ առիթով «Վիվառո Նյուզը» ներկայացնում է անվանի դարպասապահի ֆուտբոլային կարիերայի առավել ուշագրավ և հետաքրքրական փաստերը:

Berz2

1.Ռոման Բերեզովսկին ֆուտբոլային կարիերան սկսել է 16 տարեկանում՝ 1991թ. Երևանի «Կոշկագործի» կազմում մասնակցելով ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությանը: Հաջորդ մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցեց Հայաստանի անդրանիկ առաջնությանը՝ նորամուտը նշելով ապրիլի 20-ին Երևանում Էջմիածնի «Զվարթնոցի» հետ կայացած 3-րդ տուրի խաղում:  Այդ հանդիպման 66-րդ րոպեին Արթուր Հովհաննիսյանի հարվածից հետո Բերեզովսկին ՀՀ առաջնություններում առաջին գոլը բաց թողեց:

«Կոշկագործի» կազմում անցկացրած 9 խաղում բաց թողնելով 12 գոլ, Բերեզովսկին առաջնության 2-րդ շրջանում պաշտպանեց Կապանի «Սյունիքի» դարպասը՝ 13 խաղում բաց թողնելով 30 գոլ: Ընդհանուր առմամբ նա ՀՀ առաջնություններում անցկացրած իր միակ մրցաշրջանում մասնակցեց 22 խաղի ու բաց թողեց 42 գոլ:

2.Ֆուտբոլային կարիերան շարունակելով Ռուսաստանում, Ռոման Բերեզովսկին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Կոսմոս-Կիրովեցում» (1993թ.) և «Զենիթում» (1994-2000թթ.), «Սատուռնում» (1995թ.), Մոսկվայի «Տորպեդոյում» (2001թ.) ու «Դինամոյում» (2002-2005, 2012-2015թթ.) և «Խիմկիում» (2006-2011թթ.): ՌԴ պրեմիեր լիգայում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 313 խաղ, բաց է թողել 368 գնդակ: Հոբելյանական՝ 300-րդ հանդիպումը Բերեզովսկին անցկացրել է 2012թ. սեպտեմբերի 22-ին Մոսկվայի «Դինամոյի» կազմում «Ամկարի» հետ մրցավեճում:

1997թ. «Սպորտ Էքսպրեսի» վարկածով Բերեզովսկին ճանաչվել է ՌԴ պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահ, 1999թ. «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր, իսկ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում եզրափակել է դարպասապահների եռյակը:

3.Ռոման Բերեզովսկին Լև Յաշինի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբի անդամ է: Ռուսաստանում հանդես գալու տարիներին նա պաշտոնական մրցումներում ընդհանուր առմամբ 107 անգամ (103՝ ՌԴ առաջնությունում, 3՝ ՌԴ գավաթի մրցաշարում, 1՝ եվրոգավաթներում) դարպասն անառիկ է պահել: Ակումբի հաշվարկով հոբելյանական՝ 100-րդ «չոր» խաղը Բերեզովսկին անցկացրել է 2009թ. հուլիսի 24-ին «Խիմկիի» կազմում «Ամկարի» հետ մրցավեճում:

4.Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության հանդիպումներում հետ մղած 11մ հարվածների քանակով (14) Ռոման Բերեզովսկին յուրօրինակ ռեկորդակիր է: ՀՀ առաջնություններում Բերեզովսկին հետ է մղել իր դարպասին նշանակված 3 հարվածներից մեկը՝ հաղթող դուրս գալով Նոյեմբերյանի «Ազնավուրի» հարձակվող Շիրակ Սառիկյանի հետ մենամարտում:

Հայաստանի ազգային հավաքականում նրա դարպասին նշանակված 11մ 18 հարվածներից իրացվել է 15-ը: 2012թ. մայիսի 31-ին ավստրիական Կուֆշտայն քաղաքում Հունաստանի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում Ռոման Բերեզովսկին 11մ 2 հարված հետ մղեց: 71-րդ րոպեին նա հաղթող դուրս եկավ Գիորգոս Սամարասի հետ մենամարտում, իսկ 86-րդ րոպեին հետ մղեց Յանիս Ֆետֆացիդիսի հարվածը: Իսկ նորամուտի խաղում՝ 1996թ. օգոստոսի 31-ին «Հրազդան» մարզադաշտում պորտուգալացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի 86-րդ րոպեին Օսեանուի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին:

Berz1

5.Մինչև Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը Ռոման Բերեզովսկին պաշտպանել է երիտասարդական հավաքականի դարպասը: Նրա նորամուտը ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում կայացել է մեր ընտրանու պաշտոնական առաջին խաղում՝ 1994թ. սեպտեմբերի 6-ին Գենկ քաղաքում Բելգիայի հավաքականի հետ տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցախաղում:

25-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար Բերեզովսկին հեռացվեց խաղադաշտից, իսկ նրան փոխարինած Արմեն Հովհաննիսյանն այդ խաղում 7 անպատասխան գնդակ ընդունեց իր պաշտպանած դարպասը:

1994-1995թթ. երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած ընտրական 8 հանդիպումներում Բերեզովսկին սեփական դարպասը 19 գոլ է ընդունել:

6.Ռոման Բերեզովսկին 20 մրցաշրջան (1996-2015թթ.) պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը, որի կազմում անցկացրել է 93 խաղ, բաց թողել 155 գոլ: Այս ցուցանիշներով Բերեզովսկին զիջում է միայն հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանին, ով 21 մրցաշրջան է (1992-2012թթ.) կրել ազգային ընտրանու մարզաշապիկը՝ մասնակցելով 132 խաղի:

7.Բերեզովսկու նորամուտը հավաքականում տեղի է ունեցել 1996թ. օգոստոսի 31-ին «Հրազդանում» պորտուգալացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում դարպասն անառիկ է պահել: Հետաքրքիր զուգադիպությամբ հավաքականում իր վերջին խաղն էլ Բերեզովսկին անցկացրել է Պորտուգալիայի ընտրանու հետ 2015թ. հունիսի 13-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Այդ խաղում Բերեզովսկին Ռոնալդուի հարվածներից հետո ստիպված էր 3 անգամ գնդակը հանել ցանցից:

8.Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած 93 հանդիպումներից 20-ում խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով: Առաջին անգամ նա ավագի պարտականությունները կատարել է 2005թ. մարտի 26-ին Երևանում Անդորրայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, քանի որ հիմնական ավագը՝ Սարգիս Հովսեփյանը որակազրկման պատճառով բացակայում էր:

Ռոման Բերեզովսկին ՀՀ հավաքականի հիմնական ավագ դարձավ, երբ 2012թ. նոյեմբերի 14-ին Լիտվայի ընտրանու հետ ընկերական խաղում հավաքականին հրաժեշտ տված Սարգիս Հովսեփյանը ավագի թևկապը հանձնեց նրան:

9.Ռոման Բերեզովսկուն է պատկանում ընտրական մրցախաղերում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով անխոցելիության ռեկորդը: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բերեզովսկին 300 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

2013թ. հունիսի 7-ին Երևանում Մալթայի հավաքականի հետ հանդիպման 8-րդ րոպեին Մայքլ Միֆսուդից բաց թողած գոլից հետո փորձառու դարպասապահը Դանիայի և Չեխիայի հավաքականների հետ ընտրական հանդիպումներում դարպասը պահեց անառիկ, ընդ որում չեխերի հետ խաղում վնասվածքի պատճառով փոխարինվեց  69-րդ րոպեին: Եվ միայն բուլղարացի Իվելին Պոպովին հաջողվեց ընդհատել Բերեզովսկու՝ դարպասն անառիկ պահած խաղերի շարքը՝ 61-րդ րոպեին գրավելով նրա դարպասը: Ընդհանուր առմամբ Բերեզովսկին 20 անգամ հավաքականում դարպասն անառիկ է պահել, ինչը ևս լավագույն արդյունքն է:

10.Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է: Ազգային ընտրանու կազմում 2015թ. հունիսի 13-ին պորտուգալացիների հետ անցկացրած իր վերջին խաղում Բերեզովսկին 40 տարեկան 312 օրական էր: Նա նաև Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստն էր:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ