10 փաստ 11-րդ տուրի հանդիպումներից

Առաջնության 3-րդ շրջանի մեկնարկային տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք շահեցին հանդիպումներից երկուսը, մեկն ավարտեցին ոչ-ոքի: Դաշտի տերերից միակ միավորը վաստակեց «Բանանցը»: Առաջնության 33 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 12 հաղթանակ, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 14 անգամ, 7 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 5 գոլ: Ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ դաշտի տերերին չհաջողվեց տուրի հանդիպումներում գրավել հյուրերի դարպասը: Մինչ այդ նման բան պատահել էր 6-րդ և 7-րդ տուրերում: Առաջնության մեկնարկից 67 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,03 գոլ մեկ խաղում:

«Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով անպարտելի 5 խաղերի շարքը: Դա ՀՀ առաջնություններում գանձասարցիներից կրած խոշոր հաշվով 2-րդ պարտությունն էր: Առաջինը գրանցվել էր 2013թ. սեպտեմբերի 14-ին Կապանում, որտեղ դաշտի տերերն ալաշկերտցիներին ջախջախել էին  9:2 հաշվով՝ տոնելով ՀՀ առաջնություններում իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը:

Ալաշկերտ - Գանձասար-Կապան

«Գանձասար Կապանին» ընթացիկ առաջնությունում վերջապես հաջողվեց հաղթել չեմպիոնին, որի հետ առաջին շրջանի խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել, իսկ Կապանում պարտվել էր 0:2 հաշվով: Այդ հաղթանակը գանձասարցիների համար առաջինն էր մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներում (5-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4 խաղում գրանցվել էր ոչ-ոքի): Վերջին հաղթանակն ալաշկերտցիների նկատմամբ գանձասարցիները տոնել էին 2014թ. օգոստոսի 24-ին՝ Կապանում 3 միավոր վաստակելով Սամվել Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

Գանձասարցիները խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեցին: Առաջինը թիմի օգտին գրանցվել էր 9-րդ տուրում, որում կապանցիները 4 անպատասխան գնդակ էին ուղարկել «Բանանցի» դարպասը:

«Շիրակն» ընթացիկ առաջնությունում Գյումրիում 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը «Բանանցն» էր, որ 7-րդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց շիրակցիներին: 3-րդ անգամ գյումրեցիներին ընթացիկ առաջնությունում չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:

«Արարատն» ընդհատեց 5 անընդմեջ պարտությունների շարքը ու վերջապես միավոր վաստակեց՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Մինչ այդ նման արդյունք էր գրանցվել «Փյունիկի» հետ 4-րդ տուրի մրցախաղում: Արդեն 4 տարի է, ինչ արարատցիներին չի հաջողվում հաղթել «Բանանցին», որի հետ առաջնության վերջին 17 հանդիպումներից 9-ում պարտվել է, 8-ն ավարտել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2012թ. հոկտեմբերի 27-ին՝ 1:0:

Բանանց - Արարատ

26-ամյա Գեղամ Հարությունյանը դառնալով դուբլի հեղինակ, գերազանցեց թիմի նախկին խաղացող Վահե Դավթյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս 2009թ. առաջնությունում 26 տարեկանում 6 գոլ էր խփել: Գեղամն այս տարի դարձել է 7 գոլի հեղինակ: Այդ գոլերից 4-ը նա խփել է նախորդ առաջնության գարնանային հատվածում, 3-ն՝ ընթացիկ առաջնությունում: Գեղամ Հարությունյանը Կլաուդիր Մարինիի հետ 3 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: Բարձրագույն խմբում նա կապանցիների կազմում 14 գոլի հեղինակ է դարձել՝ թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Արտակ Գրիգորյանն ընթացիկ առաջնությունում ինքնագոլի հեղինակ դարձած երկրորդ ալաշկերտցին է: Մինչ այդ 4-րդ տուրում «Շիրակի» հետ խաղում սեփական դարպասը գրավել էր Գագիկ Դաղբաշյանը: Բացի նրանցից, ինքնագոլի հեղինակ են դարձել նաև շիրակցի Արտյոմ Միքայելյանը և «Գանձասար Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:

Գոգիտա Գոգատիշվիլին բարձրագույն խմբում 34-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ամենաշատ հանդիպումների մասնակցած վրացի ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է Գագա Թբիլաշվիլին, ով 165 խաղ է անցկացրել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ